Բաժիններ՝

Ինչո՞ւ վթարային շենքերը չեն ամրացվում

Բյուջեի սղությունն է պատճառը, որ հանրապետությունում առկա վթարային շենքերի ամրացման ուղղությամբ աշխատանքներն ուշանում են: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ քայլեր չեն նախաձեռնում Վանաձորի վթարային շենքերի ամրացման ուղղությամբ և ինչպե՞ս է, որ Երևանում նման աշխատանքներ կատարվում են:

Նախարարի խոսքով՝ Երևանում կառուցում իրականացվում է Երևանի բյուջեով: Ըստ Ն.Սարգսյանի՝ իրենց հաշվարկներով, Վանաձորում կա 3-րդ կարգի 84 վթարային շենք, Շիրակում՝ 100, այլ բնակավայրերում ևս կան վթարային շենքեր:

Նախարարը խոստացավ շաբաթ օրն այցելել Վանաձոր: Նա վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքներ տանում են, փորձում են նոր տեխնոլոգիաներ ներդնել, որպեսզի գինը նվազ լինի, կիսակառույց շենքերը չափագրվել են և մոտ 100 հազար քմ մակերես կա, որը ռեզերվ է՝ վթարային շենքերի հարցը լուծելու համար:

Նա ասաց նաև, որ մոտ մեկ ամիս հետո կքննարկվի մանսարդային հարկերի օգտագործման հարցը: Ն.Սարգսյանը նշեց, որ շուտով լավ լուր կունենան, համապատասխան գործարանի տեղադրման հետ կապված աշխատանքներ են տանում:

«Ոչ ուշ քան 1-2 ամիս հետո ավելի գործնական առաջարկներ կներկայացնենք այդ ուղղությամբ»,- ասաց Ն.Սարգսյան: Է.Մարուքյանն առաջարկեց կառավարությանը՝ վարկ վերցնել՝ Հայաստանում առկա 400-ից ավելի վթարային շենքերն ամրացնելու համար, որովհետև այլ տարբերակով այս խնդիրը չի լուծվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս