«Եթե պապս էլ Քրիստոսի ձեռքը բռնած՝ գա, ես գիտեմ մի բան՝ հանքերի դեպքում ճիշտը ռոյալթին է». Հրանտ Բագրատյան
Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Ըստ նրա՝ այսուհետ վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համsար կսահմանվի տարեկան 100 հազար դրամ տուրք:
Փոխնախարարի խոսքով՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ: Է. Տարասյանը հայտնեց, որ ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի 4 հանքավայրեր (Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամաս), որոնք տրամադրված չեն շահագործման: Նա նշեց, որ օբսիդիանի բնական գունագեղ քարերն օգտագործվում են հուշանվերների և շինանյութերի արտադրության բնագավառներում, արտադրանքի մեծ մասն արտահանվում է` ապահովելով համապատասխան մուտքեր պետական բյուջե:
«Տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան»,- ասաց Է. Տարասյանը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմով է ընտրվել տուրքի չափը, իսկ եթե հանկարծ վաղը միջազգային գները փոխվեն և հանքերի գիշատիչային շահագործո՞ւմ սկսվի:
Է. Տարասյանը նշեց, որ ծավալային առումով մասնագետները նպատակահարմար են գտել այդ չափը և սահմանել են ֆիքսված գին, իսկ աշխարհում այսօր հումքի գները նվազում են:
«Եթե պապս էլ Քրիստոսի ձեռքը բռնած՝ գա, ես գիտեմ մի բան՝ հանքերի դեպքում ճիշտը ռոյալթին է»,- չհամաձայնեց Հ.Բագրատյանը՝ շեշտելով, որ հանքերի հետ խաղ անել չի կարելի, պետք է հարկել տնտեսվարողի իրական եկամուտը:
«Աշխարհը ո՛չ ես եմ մոգոնել, ո՛չ կառավարությունը, ո՛չ Դուք»,- հավելեց պատգամավորը: