Այս անգամ Հայաստանի համար քաղաքական խոչընդոտներ չեն լինելու

«168 Ժամի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, ԱՄՆ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Արմենակ Մինասյանցը

– Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունը սկսել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագիր ձևավորելու նպատակով՝ երկու տարի դադարից հետո։ Չնայած Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, եվրոպացի և հայ պաշտոնյաները պնդում են, որ նոր համաձայնագիրը կունենա ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ անվտանգության բաղադրիչ` նախատեսվող բարեփոխումների տեսքով։ Վերանայված Արևելյան հարևանության քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի ներկայիս ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին, ըստ Ձեզ, կողմերն ի՞նչ կարող են առաջարկել միմյանց։ Ի՞նչ է փոխվել սեպտեմբերի 3-ից հետո, որ կարելի է մտածել, թե նոր բանակցությունները հաջող ավարտ կունենան, բարեփոխումները տեղ կհասնեն։

– 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո գրեթե բոլոր փորձագիտական շրջանակներում առկա էր խիստ թերահավատություն, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբևէ կարող են վերադառնալ նախկին մակարդակին։ Միաժամանակ, այդ որոշումից արդեն մոտ 3 տարի է անցել, իսկ հետխորհրդային տարածքում ծավալվել են աննախադեպ աշխարհաքաղաքական ձևափոխումներ։ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունները, Ղրիմի բռնակցումը, Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների աննախադեպ լարումը և տնտեսական պատժամիջոցները դրդեցին Եվրամիությանը կտրուկ վերանայել իր Եվրոպական հարևանության քաղաքականությունը և, մասնավորապես, մոտեցումն Արևելյան գործընկերության անդամ հանդիսացող երկրների նկատմամբ։

Այսպես, կայունության ապահովումը կլինի ԵՀՔ մանդատի հիմնական քաղաքական առաջնահերթությունը, իսկ տարբերակված մոտեցումը և ավելի ընդարձակ փոխադարձ պատկանելությունը կլինեն նոր ԵՀՔ հաջորդ կարևոր բաղադրիչները՝ ընդունելով, որ ոչ բոլոր ԵՄ գործընկերներն են, այդ թվում՝ նաև Հայաստանը, ձգտում համապատասխանել ԵՄ կանոններին և չափանիշներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի նկրտումները ԵՄ-ի հետ գործընկերության բնույթի և շրջանակի վերաբերյալ։

Միաժամանակ, ԵՄ-ն փորձելու է բարձր պահել և շարունակել խթանել համամարդկային արժեքները ԵՀՔ-ի միջոցով՝ ձգտելով ավելի արդյունավետ ուղիներ սահմանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության խթանման համար։ Նման ենթատեքստում ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս առաջնային ուղղություններից մեկն է դառնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բարեհաջող վերաբեռնումը և նոր շրջանակային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտը։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները և այս նոր համաձայնագիրն առաջնային նշանակություն են ունենալու Հայաստանի հետագա ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար, թեև իրենց բնույթով և խորությամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունները բավականին հեռու են գտնվելու նախկինում առաջարկվող ասոցացման համաձայնագրից։

Նմանատիպ պայմաններում և բանակցվող համաձայնագրի անհեռանկարայնությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս անգամ Հայաստանի համար չեն լինելու որևէ քաղաքական խոչընդոտներ։ Կարծես թե ռուսական կողմն էլ ամենևին դեմ չէ, որ արդեն ԵՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը ձգտի նաև բարիդրիացական հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ։

– Մի շարք հայ փորձագետներ պնդում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները մնալու են կիսատ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չկան այնպիսի ուժեր, որոնք ձգտում են բարեփոխումների և Հայաստանի ապագան պատկերացնում եվրոպական արժեքների ներդրմամբ։ Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին։

– Ցավոք, բայց պետք է կիսեմ նշված փորձագետների հոռետեսությունը։ Սեպտեմբերի 3-ի ձախողման մեղավորներն առաջին հերթին՝ հենց քաղաքական ուժերն էին, որոնք չէին տանում որևէ աշխատանք մեր հասարակության հետ՝ պարզաբանելու համար, թե ինչ կարող է ստանալ Հայաստանն Ասոցացման համաձայնագրից Եվրամիության հետ։ Իր հերթին՝ քաղաքացիական հասարակությունը և հ/կ դաշտի ներկայացուցիչները ևս ավելի շատ տարված էին ապագայի ծրագրերով, քան՝ քաղաքացիների հետ աշխատելով։ Այս ամենի արդյունքում ունեցանք խայտառակ քվեարկություն Ազգային ժողովում և ընդամենը 7 դեմ ձայն ԵՏՄ անդամակցությանը։ Եվ եթե իշխանական ուժի կողմի միաձայն քվեարկությունը կանխատեսելի էր, ապա կատարյալ անհասկանալի և սոսկալի էր, այսպես կոչված, ընդդիմության քվեարկությունը, որը փորձեց էլ ավելի ռուսամետ երևալ, քան իշխանությունը։

Միաժամանակ, մեղքը բարդել միայն առկա քաղաքական ուժերի եվրոպամետ կամ արևմտամետ չլինելու վրա՝ սխալ է։ Ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական դաշտի ամենից մեծ խնդիրներից մեկը սև և սպիտակի, արևմտամետ և ռուսամետի հավերժական բաժանումն է։ Եթե ցանկանում ենք, որ Հայաստանն իրոք դառնա եվրոպական մոդելի պետություն, առաջին հերթին՝ անհրաժեշտ է որակյալ սերնդափոխություն իշխանության բոլոր ճյուղերում։ Այն է՝ անհրաժեշտ են նոր դեմքեր, նոր մոտեցումներ, ուղղակի նոր մարդիկ, ովքեր ունակ են ոչ միայն՝ խոսել բարեփոխումների օգտին, այլև՝ անխնա պայքարել դրանց համար, կախված չլինեն որոշակի շրջանակների ներթիմային բիզնես շահերից։ Փոփոխությունը պետք է տեղի ունենա նաև ՀՀ քաղաքացիների մտածելակերպում և աշխարհընկալումում։

Քաղաքացին պետք է գիտակցի, որ ոչ թե քաղաքական ուժերն են կյանքի կոչում բարեփոխումները, այլ նրանք սոսկ ներկայացնում են հասարակական պահանջը և քաղաքացիների ձգտումները քաղաքական մակարդակում։ Այս պահին Հայաստանում առկա են մի շարք նախաձեռնողական քաղաքական ուժեր, որոնք հավակնություններ ունեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հիրավի նոր մշակույթ և ժամանակակից մոտեցումներ բերել։ Նրանց հաջողությունը լինելու է բոլորիս հաղթանակը։

– Ձեր կարիքով` Հայաստանը` թե հասարակությունը, թե քաղաքական համակարգը, ե՞րբ պատրաստ կլինեն ԵՄ-ի հետ իսկապես ասոցիացվելուն։

– Կարծում եմ, որ մեր հասարակության զգալի մասը ցանկանում է մոտ ապագայում տեսնել Հայաստան, որը կլինի հավասար հնարավորությունների երկիր, որում առկա կլինի պետական կառավարման ինստիտուտների արդյունավետություն, իրավունքի գերակայության, ժողովրդավարական միջազգային արդյունավետ փորձի կիրառում՝ մեր ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրմամբ։ Հենց սա է ուղին, որով հնարավոր է կառուցել եվրոպական մոդելի Հայաստան, և որքան շուտ գերիշխի և լսելի դառնա նման մոտեցումը, այնքան ավելի շուտ մեր հասարակությունը և քաղաքական դաշտը պատրաստ կլինեն փոփոխությունների։

– Այս տարվա ընթացքում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, ըստ երկկողմ խոստումների, պատրաստ պետք է լինի։ Ներկայիս պայմաններում ի՞նչ համաձայնագիր է դա լինելու։

– Ներկայիս պայմաններում նախևառաջ պետք է կոտրենք և մոռանանք այն պատրանքը, որ Հայաստանը վերադառնում է իր հայտնի «և-և»-ի քաղաքականությանը։ Այս մոտեցումը շատ է շրջանառվում հատկապես իշխանական ուժերի կողմից և դրանով իսկ մոլորության տանելով հասարակության լայն շրջանակներին։

Հայաստանը, ցավոք, 2013 թվականին հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագրից՝ զրկվեց մոտ 500 միլիոնանոց շուկայից, ինչպես նաև՝ տնտեսության ոլորտում մեծ և նշանակալի եվրոպական ներդրումներից, իսկ քաղաքական ոլորտում այն հնարավորություն էր՝ ավելի կառուցողական և անկախ արտաքին քաղաքական գիծ վարել։ Փոխարենը՝ մենք այսօր ստանալու ենք մի կոմպրոմիսային և համագործակցության բավականին սահմանափակ շրջանակին վերաբերող համաձայնագիր։

– Հունվարի 18-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, ավելին` ԵՄ-ի համար առաջնահերթություն է հակամարտության կարգավորումը։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս հայտարարությունը։ ԵՄ-ն, ըստ Ձեզ, կարող է քայլեր նախաձեռնել ԼՂ-ի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ, իհարկե, ոչ ուղղակի կերպով, քանի որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ։

– Նախորդ տարի դեկտեմբերին Նախագահ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստի ընթացքում բարձրաձայնեց այն խորը մտահոգությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, որոնք արդեն վաղուց առկա էին փորձագիտական մակարդակում և ժամանակի ընթացքում դառնում էին գերիշխող նաև հայաստանյան հասարակությունում։ Անհրաժեշտ է, որ մենք սթափ վերաբերվենք իրավիճակին։

Հայաստանը հանդիսանում է մի տարածաշրջանային անվտանգության կառույցի անդամ, որը երբեք չի իրականացրել որևէ լուրջ ռազմաքաղաքական գործողություն և անգամ չունի իր անդամ պետությունների հստակ միասնական դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների շուրջ (Ղրիմ/Ուկրաինա, Հարավային Օսիա և Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ)։ Նման իրավիճակում պետք չէ անգամ տեսականորեն ակնկալել որևէ լուրջ և իրական գործողություն ՀԱՊԿ-ի կողմից։

Այս ենթատեքստում ԵՄ-ն ձգտում է ավելի կառուցողական դեր ստանձնել, սակայն անվտանգության ոլորտում իր իսկ սահմանափակ կարողությունների միջոցով այն չի կարողանում անգամ քաղաքական դաշտում իրական ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման վրա։ Իրականում, կարծում եմ, որ ԵՄ-ն կցանկանար շատ ու շատ ավելի ակտիվ դեր խաղալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, սակայն Բրյուսելում գերիշխում է սեփական ուժերի սթափ գնահատումը և գիտակցումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն ճանաչված կառույց է, և հենց դրա շրջանակներում պետք է իր խաղաղ լուծումը ստանա հակամարտությունը։ Միաժամանակ, ԵՄ-ն արդեն հակամարտության խաղաղ կարգավորումից հետո կարող է շատ ավելի ակտիվ դերակատարում ստանձնել և նպաստել հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը։

– Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու ուղղությամբ ԵՄ-ի կողմից ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, և ԵՄ-ն ինչի՞ է պատրաստ։

– Ռուսաստանից կախվածության նվազեցման համար անհրաժեշտ են ոչ թե ԵՄ քայլերը, այլ իմ և Ձեր պատրաստակամությունը՝ տեսնել ավելի անկախ Հայաստան։ Եթե ցանկանում ենք ավելի ամուր դիրքերից խոսել բարձր դիվանագիտական հարթակներում, ապա անհրաժեշտ է, որ անխնա և իրական պայքար տանենք Հայաստանում առկա կոռուպցիայի և անարդարությունների դեմ, ինչպես նաև բարեհաջող կերպով իրականացնենք պետական կառավարման արդյունավետության ավելացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը միտված բարեփոխումները։

ԵՄ-ն իր հերթին՝ արդեն իսկ ապացուցել է իր ձգտումը՝ Հայաստանի հետ գործակցել անգամ ամենից բարդ իրավիճակներում։

Տեսանյութեր

Լրահոս