Բաժիններ՝

«ԵՏՄ շուկան դարձել է տնտեսական պատերազմների թատերաբեմ». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած հանդիպման ընթացքում  նշեց, որ մեր տնտեսական կյանքում շատ կարևոր իրադարձություն էր այն, որ երեկ Բրյուսելում սկսվեցին բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև՝ տնտեսական համագործակցության շրջանակներում: Ըստ նրա՝ նախկին բանակցությունների տապալումից հետո կշարունակվի համագործակցությունը տնտեսական շրջանակներում, որովհետև, ինչպես նա է նշում՝ նախկին աշխատանքը չի կարելի ջուրը գցել. «Տասնյակից ավելի հարցեր կան, որոնց շուրջ պետք է համաձայնության գան ԵՄ-ն ու Հայաստանը»:

Հետադարձ հայացք գցելով՝ բանախոսն ասաց, որ երբ 90-ականներին հարց բարձրացվեց, թե ՀՀ-ն ուր է ուզում գնալ, հնարավորություններն էլ շատ մեծ չէին. «Տնտեսագիտության մեջ հայտնի է երկու ճանապարհ՝ կամ գնում ես մենակ, կամ որոշում ես դառնալ որևէ միության անդամ: Միայնակ գնալու օրինակ կարող է լինել Կորեան, իսկ միության լավագույն օրինակ՝ ԽՍՀՄ-ը, ԵՄ-ն: Մենք նոր էինք դուրս եկել ԽՍՀՄ-ից, ու ցանկություն չկար այնտեղ վերադառնալ, բայց, իհարկե, կար ցանկություն՝ ԽՍՀՄ-ը վերականգնել՝ ԵՄ-ն օրինակ ունենալով. պահել այդ միության անդամների անկախությունը: ԱՊՀ-ն հենց այդ շրջանակներում ստեղծվեց: Սակայն հետո ստեղծվեց ՄՄ-ն, ավելի ուշ՝ ԵՏՄ-ն: Մաքսային միության հարցի քննարկումներից Հայաստանը միշտ դուրս է մնացել, որովհետև դա նշանակում է նախ՝ ընդհանուր սահման ՄՄ որևէ երկրի հետ: Քանի որ Հայաստանը չուներ այդ սահմանը, այն ստեղծվել էր Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի համար: Ռուսաստանը փորձում էր հնարավոր բոլոր տարբերակներով Մաքսային միությունը մեծացնել, և կարևորագույն խաղացող պետք է լիներ Ուկրաինան, բայց այնտեղի դեպքերը հիշում եք»:

Նա նշեց, որ իրենք կողմ էին, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին՝ ոչ թե տնտեսական, այլ՝ աշխարհաքաղաքական պատճառներով. «Այդ ժամանակ, երբ քննարկումներ էին, ես միշտ ասել եմ, որ չի եղել հաշվարկ` ինչ է նշանակում՝ լինել ԵՏՄ անդամ՝ տնտեսական արդյունավետության առումով: Այն ժամանակ ներկայացվող հաշվարկները որևէ քննադատության չէին դիմանում: Իսկ ԵՄ ներկայացուցիչներն էլ քաղաքական առումով էին ավելի չափազանցված իրենց ձգտումներում, ու նրանց հիմնավորումները ռեալ չէին, պատճառը դա էր, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ-ն կտրուկ որոշեց փոխել իր ուղղությունը, որովհետև ՀՀ-ն երբեք չի կարող ռազմաքաղաքական մասով մի կառույցի անդամ լինել, տնտեսական մասով` այլ։ Առավել ևս, որ Ռուսաստանի կողմից դժվար էր ընկալվում, որ իր ռազմաքաղաքական գործընկերները կարող են դառնալ այլ միության անդամ»:

Փորձագետի խոսքով՝ այն ժամանակ անհանգստություններ կային՝ եթե չդառնայինք ԵՏՄ անդամ, տրանսֆերտները կկրճատվեն, բայց ըստ նրա՝ դրանք 50 տոկոսով կրճատվեցին. «Ասում էին, որ ռուսական շուկան մեր առջև կփակվի, ստացվեց, որ ռուսական շուկան մեր առջև փակվեց՝ ինքնուրույն շուկայական կանոններից ելնելով: Ասվում էր նաև, որ ներդրումները կպակասեն, բայց առանց դրա էլ պակասեցին: Վերջին տարիների տնտեսական ճգնաժամի պատճառով Ռուսաստանն այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ այլևս չէր կարող նախկին ակտիվ դերն ունենալ ու դրանով դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Ընդհակառակը՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կանգնեց մի նոր խնդրի առջև: Հիմա ռուսական ապրանքները դարձել են ավելի մրցունակ, շատ արագ հայտնվում են հայկական շուկայում, որի արդյունքում մեր տեղական արտադրողները՝ չլինելով մրցունակ, չեն կարողանում այդ մրցակցային պայմաններում դիմանալ, օրինակ՝ ալյուրի հետ կապված խնդիրը: Այսօր ԵՏՄ շուկան դարձել է տնտեսական պատերազմների թատերաբեմ»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս