«Եթե կան չինովնիկներ, որոնք չեն կարողանում այդ խնդիրները լուծել, ուրեմն ժամանակն է՝ ազատվել նման մարդկանցից»

«Նախագահի ելույթում նման բան չկար, որ մոտավորապես ձախողել են, պետք է գնահատենք նախագահի ելույթն այն պարզ պատճառով, որ նախագահն ընդամենը մանրամասնեց այն խնդիրները, որոնք դրված են սահմանադրական հանրաքվեից հետո»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով ՀՀ նախագահի ելույթի մասին:

Նրա խոսքով՝ այդ ելույթն ուղղված էր բոլորին՝ ՀՀ շարքային քաղաքացուց՝ մինչև ամենավերևի պաշտոնյաներին: Նշենք, որ ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ խոսեց չորս «դե»-երի մասին, որոնք  առաջացել են ՀՀԿ-ի իշխանության օրոք. «Առաջինը՝ դեպոպուլյացիա՝ արտագաղթ, երկրորդ՝ դեինդուստրիացիա՝ արդյունաբերությունը քայքայվում է, դեսոցիալիզացիա՝ կան օլիգարխներ ու մեկ միլիոնից ավելի աղքատ, ու դեսուվերենիզացիա՝ ԵՏՄ, անկախությունը պակասել է»:

Ս. Ավետիսյանի խոսքով՝ այդ «դե»-երի հիմքը 1991 թվականներից է դրվել. «Մենք շատ խնդիրներ փորձում ենք հաղթահարել: Այն խնդիրները, որ կան, և երկրի նախագահը շատ լավ բարձրաձայնում է, դա պետք է շատ լավ գնահատել ու հետևություններ անել: Այսօր ցանկացած պաշտոնյա պետք է այս ամենը վերլուծի ու այս ամենի նկատմամբ  իր վերաբերմունքը ճիշտ արտահայտի, մենք երբեք չենք ասում՝ ամեն ինչ լավ է մեզ մոտ, մենք գիտակցում ենք խնդիրները ու պետք  է լուծենք այդ խնդիրները: Թիմում որևէ այլ խնդիր չկա, եկեք կոնկրետ չասենք՝ ում էր ուղղված, ուղղված էր բոլորին»:

Լրագրողի հարցին՝ նախագահն իր նախորդ ելույթներից մեկում ասում էր՝ «պետք է խոշոր ձկներից բռնել», դրանից հետո քանի՞ խոշոր ձուկ բռնեցիք, որ հիմա այս ժողովից հետո պետք է բռնեք նորից, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Մենք ձկնորսությամբ չենք զբաղվում: Չմոռանանք, որ միշտ ունեցել ենք համակարգային խնդիր, ու այդ համակարգային խնդրի լուծումը եղավ այդ սահմանադրական փոխոփությունները, դա թույլ տվեց ավելի կոնկրետ ու ավելի լավ զբաղվել այն խնդիրներով, որոնք ծառացած են մեր երկրի առաջ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է լինեն, որ հավատանք, որ այս ելույթում հնչած հայտարարությունները կիրականանան, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ցանկացած նմանատիպ ելյութից հետո պետք է կոնկրետ քայլեր լինեն, և մենք պետք է ցանկացած ինստիտուտի, պետական այրի աշխատանքով զգանք այս ելույթի ազդեցությունը: Եթե կան չինովնիկներ, որոնք չեն կարողանում այդ խնդիրները լուծել, ուրեմն ժամանակն է՝ ազատվել նման մարդկանցից, ու հասարակությունը տեսնի, որ այն մարդը, որը չի կարողանում աշխատել, այդ մարդը պետք է ազատվի աշխատանքից»:

Հարցին էլ, թե՝  երկու ՀՀԿ-ական նախարարների հրաժարականներն առաջին քա՞յլն էր, Ս. Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Նաև առաջին քայլն էր, բայց ես համաձայն չեմ, որ փորձառու մարդկանց պետք է ազատել ու ասել՝ ցտեսություն, այլ նրանց ուժերը պետք է այլ տեղ օգագործել»:

Տեսանյութեր

Լրահոս