«Նախագահն ասում է՝ «ես տեղյակ եմ խնդիրներին, բայց ես չեմ դրանց պատճառը»». Ազատ Արշակյան
«Նախագահի խոսքը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիներին մասամբ էր ուղղված, դա ուղղված էր իմպերիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ եթե երկրի ամենաբարձր պաշտոնյան, որը կարող է բոլոր խնդիրները բարձրաձայնել և լուծել, հանկարծ դիմում է հասարակությանն ու ասում, որ մեր երկրում կան դժվարություններ, այդ դեպքում ո՞ւմ է դիմում նա.
«Նա մասամբ դիմում է քաղաքացիներին ու ասում է՝ ես տեղյակ եմ, բայց ես չեմ դրանց պատճառը, ուրեմն՝ պատճառը դրսից է: Հայաստանում ՀՀԿ-ի իշխանության օրոք տեղի է ունեցել չորս «դե», առաջինը՝ դեպոպուլյացիա՝ արտագաղթ, երկրորդ՝ դեինդուստրիացիա՝ արդյունաբերությունը քայքայվում է, դեսոցիալիզացիա՝ կան օլիգարխներ ու մեկ միլիոնից ավելի աղքատ, ու դեսուվերենիզացիա՝ ԵՏՄ, անկախությունը պակասել է: Նա ասաց՝ դրանց տեղյակ եմ, բայց ես չեմ մեղավորը: Եթե նա գիտի խնդիրները, ու լծակներն իր ձեռքի տակ են, ուրեմն՝ պետք է գործի դնի. եթե նախագահն այդ լծակները գործի դնի, մենք՝ քաղաքացիներս, կասենք, որ՝ ձեզ կաջակցենք»:
Ա. Արշակյանը նշեց, եթե նախագահը սկսի անել այն, ինչը խոստացավ, գուցե և չհասցնի, բայց «մենք կասենք՝ մնա վերջացրու», բայց եթե նա ոչինչ չանի, «մենք պետք է նայենք ժամացույցին, թե երբ է վերջանալու նրա պաշտոնավարման ժամկետը»:
Բանախոսը նկատեց, որ նախագահն ասում է՝ ինչ անել, սակայն պետք է սկսել պարզել՝ ով է մեղավորը, որ այդ ամենը չի արվում, այդ խնդիրները չեն լուծվում.
«Պետք է պարզել՝ ովքեր են երկրի տնտեսությունը քայքայում, ովքեր են նպաստում արտագաղթին, այդքան մեծ անհավասարություն ստեղծում մեր երկրում, դրանց պետք է պատժել: Համագյուղացիներով ձևավորվում է իշխանություն, այնինչ պետք է որակյալ լինի իշխանությունը, որ կարողանա դիմակայել բոլոր խնդրներին»: