«Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքական հենարաններից զրկել Ռոբերտ Քոչարյանին». Աղասի Ենոքյան
Նախագահական նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և ՏԻՄ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում Հայաստանի զարգացման և ապագայի վառ տեսլական ներկայացրեց՝ միաժամանակ նշելով, որ հեղափոխություն չի լինելու, և իրենք չեն շտապելու: Իսկ թե ինչպես են արագ կերպով հասնելու արմատական փոփոխությունների, Ս.Սարգսյանը չնշեց:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ելույթն ամենևին տեղին չէր, այսինքն՝ դրա մի մասը պետք էր ասել հանրաքվեից առաջ, մյուս մասի նպատակն էլ պարզ չէր: Ըստ նրա՝ այնպիսի տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ուներ ասելու կոալիցիայի վերաբերյալ, բայց վերջին պահին չէր ստացվել դա, իսկ մարդիկ հավաքվել էին, նա բավականին էկլեկտիկ ելույթ ունեցավ:
«Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի ռեֆերենտները պատրաստել էին ինչ-որ տեքստեր այլ առիթների համար, և, քանի որ վերջին պահին չստացվեցին ՀՅԴ-ի հետ պայմանավորվածությունները, որոնց մասին պետք է խոսեր երեկ, անհամաձայնություններ եղան, և քանի որ բավականին մարդ էր հավաքվել, ելույթ ունեցավ այդ տեքստերով»,- ասաց Ա. Ենոքյանը:
Նրա կարծիքով՝ Դաշնակցության հետ խնդիրը կարող է լինել պաշտոնների բաշխման հետ կապված: Ա. Ենոքյանի խոսքով՝ մի քանի տարբերակ կա, հավանաբար՝ Դաշնակցությունն ուզում է իր թեկնածուներին ինքը նշանակել այդ պաշտոններին, նաև մամուլում նման հրապարակումներ են եղել, իսկ Սերժ Սարգսյանն ինքն է առաջարկում թեկնածուներ:
Ա. Ենոքյանը չբացառեց, որ այս անհամաձայնության հետևանքով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կարող է չեղյալ հայտարարվել. «Սակայն ակնհայտ է, որ 3 շաբաթ է, այդ բանակցությունները գնում են, ուրեմն Սերժ Սարգսյանին պետք է ՀՅԴ-ի հետ համագործակցությունը, և այնպես չէ, որ սա ինչ-որ էմոցիոնալ կամ սենտիմենտալ քայլ է, որ անում է ինքը: Դե՛, ՀՅԴ-ն էլ տեսնում է, որ Սերժ Սարգսյանին պետք է իրենց հետ համագործակցությունը, որոշել են հնարավորինը վերցնել: Կարծում եմ, որ սրանով Սերժ Սարգսյանը փորձում է իրեն ընդդիմացողներին, ի նկատի չունեմ այսօրվա պաշտոնական կամ հրապարակի վրա եղած ընդդիմությանը, զրկել կարևոր պլատֆորմից: Ես նկատի ունեմ առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց փորձագետը:
Ա.Ենոքյանը հաստատեց, որ օրինաչափություն է նկատվում՝ անցած տարի նույն օրը Սերժ Սարգսյանը պիտակավորեց Գագիկ Ծառուկյանին և քաղաքականությունից հեռացրեց նրան. «Օրինաչափությունը հենց իմ ասած ուղիով է գնում: Գաղտնիք չէր, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ էր համագործակցում, և Սերժ Սարգսյանը գնում է Քոչարյանի տակից բոլոր տեսակի քաղաքական հենարանները հանելու ճանապարհով, որովհետև նա շատ լավ հասկանում է, որ, եթե որևէ մեկը կարող է Հայաստանում ընտրություններում իր հետ մրցել, ապա դա կարող է միայն Քոչարյանը լինել: Չի բացառվում, որ Քոչարյանը կփորձի ինչ-որ մի նոր կուսակցություն հավաքել, ֆինանսավորել, տրամադրել իր դեռևս մնացած որոշակի ադմինիստրատիվ ռեսուրսները, բայց, իհարկե, հրապարակում արդեն քիչ թե շատ սոլիդ ուժ չի մնացել, և նոր ստեղծվող ուժով նա չի կարող մեծ հաջողության հասնել»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Ա.Ենոքյանը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ հորդորել էր մոռանալ ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը: Նրա կարծիքով՝ ճիշտ ժամանակն է գործընթացները սկսելու, քանի որ, եթե խորհրդարանական ընտրությունները կայանալու են հաջորդ տարի մարտին, ապա ընդամենը 1 տարի ժամանակ է մնացել, և արդեն պետք է սկսել պատրաստվել: Նա նկատեց, որ, ի վերջո, միայն հանրապետականներն են, որ գիտեն, թե ինչպես են ընթանալու ընտրությունները, քանի որ Ընտրական օրենսգիրքը միայն իրենք են մշակում, իսկ մյուսները տեղյակ էլ չեն, թե ընտրություններն ինչպես են անցնելու, որպեսզի ըստ այդմ ստեղծեն իրենց և՛ ռազմավարությունը, և՛ կառույցները: Ընդ որում, ըստ Ա. Ենոքյանի, այն մասին, որ ընտրությունները կայանալու են մարտին, կիսաձայն է ասվում, որովհետև նախատեսվոմ էր, որ դրանք պետք է կայանային մայիսին: