Քաղաքացիական պահանջագիր
Տարիներ շարունակ Հայաստանում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման, դրանց ճակատագրերի շուրջ տարվող անփույթ և կործանիչ քաղաքականության մասին քաղաքացիների ահազանգերն անպատասխան են մնում: Երևանում օրեցօր պակասում են պատմության կնիքը կրող շինությունները, իսկ եղածներից շատերի մշակութային միջավայրը խաթարված է բազմազան նորակառույցների անկանոն և ճնշող ներկայությամբ:
Հանրության վրդովմունքի վերջին ազդակը Արամի 30 հասցեում գտնվող շինության քանդումն էր. առանց բացատրության, մեկ գիշերվա ընթացքում գետնին հավասարեցվեց քաղաքի սրտում 1 դարից ավել կանգնած շինությունը:
Այժմ վտանգված է հին երևանյան ապրող մշակույթի եզակի կղզյակներից մեկը: Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջև ընկած տարածքում արդեն մոտ 2 դար կանգնած շինություններից չորսը պատմամշակութային հուշարձան են հանդիսանում: Այս տարածքը 2008 և 2013 թվականներին կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ և ենթակա է կառուցապատման՝ դեռևս գոյություն չունեցող նախագծով:
Նախկինում «գերակա հանրային շահ» անվան տակ հանրությունից խլվել և ոչնչացվել են մինչև օրս հուշարձանների պետական ցանկում գտնվող հայտնի Սպայի տունը, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Անուշ օպերան, և ելույթ է ունեցել Կոմիտաս վարդապետն՝ իր երգչախմբով, Աֆրիկյանների ակումբի յուրահատուկ շենքը, որը ժամանակի երևանյան գործարարների ու մշակութային գործիչների հավաքատեղին է եղել , մենք կորցրել ենք քաղաքի այցեքարտը հանդիսացող շինություններ Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատի շենքը, Փակ շուկան՝ որպես ճարտարապետական ստեղծագործություն, Արամի, Բուզանդի և այլ փողոցների բազմաթիվ շինություններ և հին երևանյան միջավայրը, այսօր լրջորեն վտանգված է նաև Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը… Հաշվի առնելով այս փորձը՝ այսօր մենք բավարար չենք համարում պատկան մարմինների հայտարարությունները առ այն, որ Աբովյան-Պուշկին հատույթի շինությունները անվնաս են մնալու: Նման հայտարարություններ հնչել են նաև այսօր արդեն ավերակ դարձած կառույցների մասին: Մենք անընդունելի ենք համարում և դատապարտում ենք մեր շահի անվան տակ մեր իսկ արժեքների ոչնչացման, հանրային տարածքի հանդեպ քաղաքացու իրավունքի ոտնահարման պետական տևական քաղաքականությունը:
Անհրաժեշտ է վերջ տալ քանդման քաղաքականությանը և հին Երևանի դիմագիծը վերականգնելու գործնական քայլերի պետական նախագիծ կազմել, որը կերաշխավորի շինությունների և քաղաքային միջավայրի պահպանումը իրենց պատմական տեղանքում՝ առանց խաթարումների: Նախագիծը պետք է տրամադրվի հանրությանը, բաց լինի առաջարկների և քննարկումների համար: Հարկ է նշել, որ Օրենքը հուշարձան-շենքերի ամրակայման, վերականգման և օգտագործման վերաբերյալ առաջարկներ և ծրագրեր ներկայացնելու և քննարկման դնելու իրավունք է տալիս քաղաքացիներին:
Այսպիսով, մենք բարձրաձայնում ենք ոչ միայն այստեղ գտնվողերիս, այլև հազարավոր քաղաքացիների բողոքն ու վրդովմունքը. հանրության շահը պահանջում է պահպանել և վերականգնել մեր ինքնության մաս հանդիսացող մշակութային արժեքները: Քաղաքային միջավայրը պետք է ձևավորվի և պահպանվի մասնակցային դեմոկրատիայի սկզբունքներով. հանրության իրավունքն ու պարտականությունն է՝ տնօրինել իրեն պատկանող հանրային տարածքը:
Մեր հստակ պահանջն է՝ դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց պահպանման, խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն:
Մամուլի ասուլիսի մասնակիցներ՝
Միքայել Պողոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր
Տիգրան Հեքեքյան – դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր մանկավարժ
Զավեն Սարգսյան – լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն
Լիլիթ Պիպոյան – երգիչ, երգահան
Արամո – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, դերասան
Զարուհի Մուրադյան – նկարիչ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն
Արթուր Իսպիրյան – երգիչ, երգահան
Հրանտ Վարդանյան – կինոռեժիսոր
Մարկ Գրիգորյան – լրագրող, հաղորդավար
Հրանտ Թոխատյան – ՀՀ ժողովրդական արտիստ
Դավիթ Մաթևոսյան – սցենարիստ
Հավելում
Օրենքը սահմանում է հուշարձան- շենքերի սեփականատիրոջ պարտավորությունների ցանկ, որի չպահպանումը կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանաված պատասխանատվության, ընդհուպ մինչև՝ քրեական պատասխանատվության (Քրեական օրենսգիրք, 264 հոդված): Այդ պարտավորություններն են.
1) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
2) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
3) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
4) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
5) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
6) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին: