Բաժիններ՝

Հայաստանը կհյուրընկալի Նոբելյան հինգ դափնեկիրների. «Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում»

Ապրիլի 11-16-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միաժամանակ հինգ Նոբելյան դափնեկիրների, ովքեր «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակներում մասնագիտական և լայն հասարակական շրջանակների համար կներկայացնեն ինչպես՝ կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով բաց դասախոսություններ, այնպես էլ՝ հանդես կգան հասարակական թեմաների քննարկումներով։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը.

«Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում դեռ չի հաջողվել միևնույն ժամանակահատվածում մեկտեղել միանգամից նոբելյան 5 մրցանակակիրների։ Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է՝ Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը և ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր։

Հենց այս նպատակով մենք ամրագրեցինք ՝ «Ոգեշնչի՛ր և ստեղծի՛ր» կարգախոսը, որը հենց այնպես չի հորինվել։ Սա իսկապես մի նախաձեռնություն է, որի հիմնական նպատակը հատկապես երիտասարդներին ոգեշնչելն է։ Ոգեշնչման արդյունքում հնարավոր է հասնել նորանոր ձեռքբերումների, գիտական նվաճումների, և այլն։ Բացի ոգեշնչումից, այս նախաձեռնությունը մի կարևոր կողմ էլ ունի՝ երկրի ճանաչելիության խնդիրը։ Կարծում եմ՝ սա իսկապես մեծ իրադարձություն կարող էր լինել ցանկացած երկրի համար, որովհետև իրականում շատ դժվար է միաժամանակ այդքան զբաղված մարդկանց մի քանի օր շարունակ հյուրընկալել մի տեղում»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը։

Կարդացեք նաև

Nobel

Հնգօրյա աննախադեպ միջոցառումը նախաձեռնվել է Երևանի Պետական բժշկական համալսարանի և հատկապես գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի անմիջական մասնակցությամբ և անձնական կապերի շնորհիվ։ Ինչպես ասաց պարոն Ենկոյանը՝ նոբելյան հինգ մրցանակակիրները Հայաստան են այցելելու Բժշկական համալսարանի հրավերով, նույն բուհի ֆինանսական միջոցների հաշվին. «2004-2005 թթ.-ին ես աշխատել եմ իսրայելցի կենսաբան, 2004 թ.-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեխանովերի հետ։ 2010թ.-ին կրկին իմ հրավերով ԵՊԲՀ-ի հետ համատեղ պարոն Չեխանովերն այցելեց և դասախոսություններով հանդես եկավ Հայաստանում։ Ի դեպ, նա իսրայելցի առաջին նոբելյան մրցանակակիրն է և ապրիլին Հայաստան այցելող հինգ գիտնականներից մեկը»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը։
Ապրիլին Երևանում դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը` Իսրայել (Aaron Ciechanover), Ադա Յոնաթը` Իսրայել (Ada E. Yonath), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը` Իսրայել (Dan Shechtman), պաթոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը` Ավստրալիա (Robin J.Warren) և քիմիկոս Էյիթի Նեգիսին` Ճապոնիա (Ei-ichi Negishi)։

Մեր զրույցում միջոցառման նախաձեռնող Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց, որ ««Նոբելյան օրերը» միջոցառման թիրախային խումբը բժշկագիտության, քիմիայի և ֆիզիկայի ոլորտների մասնագետներն ու ուսանողներն են, այնուամենայնիվ, դասախոսությունները բաց են լինելու բոլորի համար։ Հյուրերը մեկ շաբաթ լինելու են Հայաստանում և հանդես են գալու ինը դասախոսություններով` հանրային և մասնագիտական բնույթի։ Հանրային նշանակության դասախոսությունների բովանդակությունը հասանելի է լինելու բոլորի համար։ Դրանց ներկա գտնվելու համար պարտադիր չէ լինել բժիշկ, քիմիկոս, ֆիզիկոս կամ կենսաբան»։

Բացի դասախոսություններից, գիտնականները կմասնակցեն նաև մասնագիտական կլոր սեղաններին, կհանդիպեն ՀՀ ավագ դպրոցների աշակերտների հետ, կայցելեն Էջմիածին և Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր։ Նախատեսվում է նաև հյուրերի հանդիպում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդի, ինչպես նաև՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Դասախոսությունները կանցկացվեն անգլերեն լեզվով՝ սինքրոն թարգմանությամբ։
Միջոցառմանը գրանցվելու և մասնակցելու, ինչպես նաև՝ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կազմակերպող կողմն առաջարկում է այցելել պաշտոնական վեբ կայք, ինչպես նաև՝ պարբերաբար թարմացված տեղեկություններ ստանալու համար միանալ ֆեյսբուքյան էջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս