Վանաձորից տարբեր համայնքներ մեկնող երթուղիներում ուղևորահոսքի կտրուկ անկում է նկատվում
asparez.am-ը գրում է. Վանաձորի տարբեր համայնքներ մեկնող երթուղային տրանսպորտի վարորդները դժգոհում են. ուղեւորները պակասել են, չեն կարողանում սահմանված գրաֆիկով աշխատել:
Օրերս Վանաձորի ավտոկայանում կատարած մեր հարցախույզի ընթացքում ուղեւորահոսքի նվազումից դժգոհում էին ոչ միայն վարորդները, այլեւ ուղեւորներն իրենք:
-Առավոտից էստեղ եմ, գործով ուզում եմ գնալ Գյումրի, բայց չեմ կարողանում: Ավոտբուս չկա, մարշրուտնին էլ չի գնում, որովհետեւ մարդ չկա: Ստիպված ասացի՝ տաքսիով գնամ, բայց տաքսու ուղեւոր էլ չկա: 4 ժամ է սպասում եմ, դեռ չգիտեմ՝ ինչքան էլ սպասելու եմ, որ մի տաքսու ժողովուրդ հավաքվի,- նշեց վանաձորցի լուսանկարիչ Աշոտը:
-Էնքան սպասելու ենք, մինչեւ 3 հոգի էլ գա: Հո էս մարդուց ես չեմ կարող 4 ուղեւորի փող վերցնեմ,- ավալացրեց տաքսու վարորդը, ում մեքենայով Աշոտը ցանկանում էր մեկնել Գյումրի:
Խնդրի մասին Լոռու մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը.
-Երթուղիներն աշխատում են: Ճիշտ է, ուղեւորահոսքի լուրջ անկում ունենք: Դա, բնականաբար, կապված էր նաեւ, այսպես կոչված, արձակուրդների հետ: Երթուղիներ կան, որ լուրջ խնդիրներ են առաջանում ուղեւորահոսքի հետ կապված,- նշեց նա:
Ավելի ուշ «Ասպարեզի» հետ զրույցի ժամանակ բաժնի պետը տեղեկացրեց, որ ուղեւորահոսքի նվազումն ակնհայտ է հատկապես գյուղական համայնքների երթուղիներում:
Նվազման միտումն էլ սկսել է նկատվել տարեսկզբից: Վ. Գեւորգյանը հույս ունի, որ ուսումնական պրոցեսի վերականգնման հետ որոշակիորեն կայունացում կնկատվի: Այս առումով բաժինը հետւողական է լինելու նաեւ այս ամիս: Մարտի սկզբին ի մի կբերվեն փետրվարի տվյալները:
Հարցին՝ հետագա ի՞նչ զարգացումներ են հնարավոր ուղեւորահոսքի նվազման միտումի պահպանման դեպքում, բաժնի պետն արձագանքում է.
-Չի բացառվում, որ այդ դեպքում նաեւ երթուղիներն սպասարկող կազմակերպություներից ոմանց ղեկավարները հրաժարվեն սպասարկումից ու պայմանագրերը վաղաժամկետ խզնեն: Այս դեպքում ստիպված կլինենք նոր մրցույթ հայտարարել:
Մանրամասներն` այստեղ