«Արամի 30 հասցեում նախատեսված չէր որևէ կառուցապատում». Նարեկ Սարգսյան
«Արամի 30 հասցեում գտնվող շենքի հետ կապված այդ բոլոր հարցերը երկու փաստաթղթով են ամրագրվում՝ հուշարձանների ցուցակով, որն իր մեջ ենթադրում է 2 կարգի հուշարձաններ՝ հանրապետական և տեղական նշանակության: Տեղական նշանակության հուշարձանների պարագայում՝ համապատասխան որոշումների առկայության պարագայում, թույլատրվում է հուշարձանը տեղափոխել: Բացի դրանից, Երևանի գլխավոր հատակագիծը կա, որով տարածքների վերակառուցումն է ամրագրվում: Կոնկրետ այդ տարածքն ամրագրված է Երևանի գլխավոր հատակագծում: Կոնկրետ Պատկերասրահի ետևի հատվածը, դեռևս խորհրդային ժամանակներից Նալբանդյանի մոտ դրված կարմիր գիծը ֆիքսված է, և այս տարածքի իրացման նպատակը եղել է, որ այդ կարմիր գիծը շարունակվի մինչև Աբովյան փողոց, և հանրային հատվածը լայնանա: Արամի 30 հասցեում նախատեսված չէր որևէ կառուցապատում»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «անկեղծացավ» քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի հասարակ մարդիկ նման շենքերը քանդելուց չտխրեն:
Ըստ Ն.Սարգսյանի՝ կառուցապատողը կարող էր շենքը գիշերը չքանդել, գոնե առայժմ թողնել, մինչև դրա ճակատագիրը որոշվեր: Սակայն, ինչպես շեշտեց նախարարը, այդ շենքը չի եղել հուշարձանների ցանկում և միջավայրային արժեք չի ներկայացրել:
Թ.Պողոսյանի հարցին, թե ի՞նչ վիճակում է «Հին Երևան» ծրագիրը, ե՞րբ է մեկնարկելու, Ն.Սարգսյանը պատասխանեց, որ ինքը դիմել է ճարտարապետին, որ Արամի այդ շենքը ներգրավվի «Հին Երևան» ծրագրում: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը համապատասխան պայմանագրերը կառուցապատողների հետ կնքել է, նախագծումն ակտիվ շարունակվում է, մի հատվածում արդեն հողային աշխատանքներ են սկսվել, զուգահեռ գնում են աշխատանքներ 2.5 հա տարածքի իրացման մասով. «Մի քանի ամիս անց այնտեղ ավելի լայնածավալ շինաշխատանքներ կսկսվեն: Այս ծրագրում Տերյան փողոցից դեպի Բուզանդ հատվածում կվերականգնվի նաև Աֆրիկյանների շենքը»: