«ԵԽ ԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան նավթի բարձր աշտարակից». Գալուստ Սահակյան
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Նախքան օրակարգին անցնելը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, նոր ՄԻՊ ընտրությունները տեղի կունենան 1 ամսվա ընթացքում: Գ.Սահակյանն անդրադարձավ նաև անցած շաբաթ ԵԽ ԽՎ-ում ԼՂ հակամարտությանն առնչվող 2 բանձևերի քննարկմանը, որոնք ըստ նրա, յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար:
«Ըստ էության՝ իրականությունը խեղաթյուրող, Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էր վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը և միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաև ուղղակի և անուղղակի փորձեր էին ստվերելու ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը և ԼՂ հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման լիազորություններ չունի»,- ասաց Գ.Սահակյանը:
Մինչդեռ, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ ՄԽ մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն էլ է ՄԽ-ը ճանաչել միակ հակամարտության կարգավորման միակ ձևաչափ:
«Այդ քննարկումները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել»,- ասաց Գ.Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ 2 բանաձևերը, իրենց ոչ հայանպաստ լինելով հանդերձ, դրական ազդեցություն ունեցան՝ ջանքերի համատեղման առումով, որ անկախ միջկուսակցական տարաձայնություններից, կարողացան համատեղ գործել, այդ թվում կառավարական ու ոչ կառավարական կառույցները: Նա նաև շնորհակալություն հայտենց սփյուռքի կառույցներին: Գ.Սահակյանը նշեց, որ անկախ քվեարկության արդյունքներից ԵԽ ԽՎ որևէ բանաձև պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսակետից, հատկապես, ինչպես ասում են, «պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի»: Նա նշեց, որ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի ընդունումը վկայում է, որ «ԵԽ ԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան նավթի բարձր աշտարակից»: