
Ինձ չեմ տեսնում այլ ակումբում, բացի «Արսենալից». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է իր ապագայի մասին մտորումներով` նշելով, որ տվյալ պահին իրեն չի տեսնում ոչ մի այլ տեղ, բացի լոնդոնյան ակումբից: Ֆրանսիացին գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից:
«Իմ պայմանագրի ավարտին մնում է 18 ամիս, իսկ դա հավերժություն է ֆուտբոլում: Ես կենտրոնացած եմ «Արսենալի» վրա և ցանկանում եմ մինչև մրցաշրջանի ավարտը տրվել աշխատանքին: Նույնը վերաբերում է նաև հաջորդ մրցաշրջանին:
Ես ինձ չեմ տեսնում այլ ակումբ մարզելիս: Հիմա ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել նման բան: Նույնիսկ, եթե ես դադարեմ մարզել բարձր մակարդակում, չեմ դադարի աշխատել: Դա կարող է լինել այլ մակարդակ և պաշտոն, բայց ես միշտ գործի մեջ կլինեմ:
Հնարավոր է, դա լինի ակումբի տնօրենի պաշտոն, կամ ես կմարզեմ երիտասարդ ֆուտբոլիստների, շատ տարբերակներ կան: Բայց ես երբեք չեմ աշխատի ՖԻՖԱ-ում, նույնիսկ հույս չունենաք»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը