Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով կստեղծվի
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման:
Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ: Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է):
Կառավարության որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրվել է աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն՝ «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես, երեխաների պաշտպանության բարեփոխումների իրականացմանը, Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացմանը: