«Մի քանի բաներ կան, որոնց ժամանակ, ասում են՝ շատով լինելն այդքան էլ լավ չէ. Մեկ՝ ձվածեղ ուտելուց է, մեկ էլ՝ օրենք գրելուց»

Կա փոքրիկ աշխատանքային խումբ, որը զբաղվում է նոր Ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված աշխատանքներով: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ խմբում ընդգրկված է նաև ինքը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը:

«Արդեն կա որոշակի նյութ, բայց այս փուլում դեռևս պատրաստ չէ դա հանրային դարձնել»,- ասաց Հրայր Թովմասյանը: Միևնույն ժամանակ՝ նա ասաց, որ աշխատանքային խումբ ֆորմալ ձևավորված չէ, չկա անձ, ով նախագահում է քննարկումները: Դիտարկմանը, որ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես էլ չմասնակցեցին խմբի աշխատանքներին, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ասում են՝ կիսատ եփած ճաշը լավ չէ հրամցնել: Կա խնդիր, դեռ պետք է հասկանալ Սահմանադրությունն իրացնելու, մեխանիզմները գտնվելու հետ կապված պրոցեսները, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ քննարկումները կընթանան»: Հարցին՝ արդյոք տխուր չէ՞ միայն իշխանական ուժերով Ընտրական օրենսգիրք կազմել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դե ինչ ասեմ: 1999թ. ամբողջությամբ մենակ էի գրում, և մի քանի բաներ կան, որ ասում է՝ դրա ժամանակ շատով լինելն այդքան էլ լավ չէ. մեկ՝ ձվածեղ ուտելուց է, մեկ էլ՝ օրենք գրելուց»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ նախագահական նստավայրում որևէ նիստ չի եղել այս հարցով, քննարկումների վայրը կարող է լինել իր աշխատասենյակը, որևէ այլ վայր:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու, կլինի որոշակի տեխնիկական հագեցվածություն՝ նաև վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից: «Թե որ տարբերակը կլինի, չեմ կարող ասել, որովհետև մի մասը կամ մեծ մասամբ կախված են նրանից, թե այդ համակարգերի ձեռքբերման առումով որքան աջակցություն կստանանք, և որքան կլինի վստահությունն ընդհանրապես այդ համակարգերի նկատմամբ»,- ասաց Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով համամասնական ընտրակարգին՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ հիմա չի ուզում ասել, թե համամասնական ընտրակարգի որ մոդելն է ընտրվելու:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ընտրացուցակների հրապարակման խնդրին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Ցուցակների հրապարակման հետ կապված խնդիր կա՝ ապահովել առավելագույն վերահսկելիություն ընտրողների գրանցման փուլում, և այն համակարգը, որն այս պահին դեռ մշակվում է, դեռ ամբողջական չէ, վստահեցնում եմ, որ 100 տոկոսով կապահովվի այլ անձանց քվեարկությունը՝ Հայաստանում չգտնվող անձանց, ինչպես նաև՝ երկրորդ անգամ քվեարկությունը: Այդ էլեկտրոնային համակարգը դա արգելում է: Ինչ վերաբերում է ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը, կա Սահմանադրական դատարանի որոշումը, որը սահմանում է, որ դա արգելված է: Խնդրում եմ, մի կողմից մի՛ նայեք»: Հրայր Թովմասյանն ասաց, որ այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով, բախվել են այլ խնդրի, երբ որոշակի հետապնդումների են ենթարկվել քվեարկությանը չմասնակցած անձինք. «Ուստի միջազգային ստանդարտներով քվեարկությանը մասնակցությունը ևս համարվում է գաղտնի, ինչի վերաբերյալ իմ անձնական կարծիքը հետևյալն է՝ ես որոշակի վերապահում ունեմ»:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ լավագույն Ընտրական օրենսգիրքն այն է, որը վստահություն պետք է ներշնչի ընտրական պրոցեսների մասնակիցներին, որ ընտրողի քվեն լիարժեքորեն հաշվարկվելու է. «Սա ինձ համար լավագույն Ընտրական օրենսգիրքն է: Ես կարող եմ ապրիորի նստել, իմ կաբինետում փակվել, գրել իմ կարծիքով՝ աշխարհի լավագույն ընտրական օրենսգրքերից մեկը՝ հաշվի առնելով միջազգային փորձը, բայց միևնույն է՝ եթե դա հանրային վստահություն չներշնչեց, դա խնդիր է առաջացնելու»:

Նրա խոսքով՝ կարող է գործել տարբերակ, որ, երբ անձը մոտենա ընտրողների գրանցում իրականացնող հանձնաժողովի անդամին, մուտքագրվում է նրա նույնականացման քարտը, և էկրանին հայտնվում է նրա նկարը. եթե մուտքագրվել է նույնականացման քարտ, որի տվյալներն այդ տեղամասի ընտրողների ցուցակում չկա, կարմիր գույն է վառվելու, և նրան թույլ չեն տալու քվեարկել. «Եթե անձը փորձել է երկրորդ անգամ գալ նույն նույնականացման քարտով, այս դեպքում ևս ոչ թե կարմիր գույն է վառվելու, այլ լինելու է որոշակի ազդանշան, և այդ դեպքում կհրավիրվի Ոստիկանություն, նրան դուրս կհրավիրեն: Դրանից անմիջապես հետո կտպվի կտրոն, որը կոչվում է՝ ընտրական կտրոն: Այն տպելու է մեքենան. դրա վրա անձի անուն-ազգանուն, հերթական համար… ամբողջը գրված է, որից հետո այս կտրոնի հիման վրա նոր իրեն կգրանցեն ընտրողների ցուցակում, և ինքը կստորագրի: Սա ընդամենը տարբերակներից մեկն է»: Նրա խոսով՝ սրան զուգահեռ կգործի նաև թղթային տարբերակ. «Սա հենց այդ դեպքն է, որ միայն էլեկտրոնային՝ համակարգերի գոյությունը կարող է անվստահություն ստեղծել, եթե թղթայինը չկա, որքան էլ այն ավելի պաշտպանված լինի և միջազգային պրակտիկայում կիրառելի լինի»: Հրայր Թովմասյանն ասաց, որ այս էլեկտրոնային համակարգերը պետք է պաշտպանված լինեն, որոշակի երաշխիքներ, անցած լինեն միջազգային աուդիտ: «Մոլդավայում վերջին ընտրությունների ժամանակ ունեին միասնական համակարգ, ինտերնետի միջոցով ամբողջ ցանցն իրար էր միացված: Ընդամենը 15-20 րոպե հետո մասնագետներն ամբողջությամբ անջատեցին ցանցը, իրենց լեզվով ասած՝ պառկացրին այդ ամբողջ ցանցը: Սրանից ելնելով՝ խորհուրդ է տրվում, որ դրան լոկալ ցանց ունենան, այսինքն՝ տրվում է մի համակարգ, մի սարք, որի մեջ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակն է միայն»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս