«Գրավելով ԵԽ-ն` Ադրբեջանի կառավարությունը չեզոքացրել է մարդու իրավունքների շարժման առանցքային ռազմավարությունը». Ջերալդ Կնաուս

«Ինչպես Դորիան Գրեյը, Եվրոպայի խորհուրդը վաճառել է իր հոգին»,- այսպես է բնութագրել Եվրոպայի խորհրդի վերջին տարիների գործունեությունը Journal of Democracy-ում ամիսներ առաջ հրապարակված իր «Եվրոպա և Ադրբեջան. Ամոթի ավարտը» վերտառությամբ հոդվածում Եվրոպական կայունության նախաձեռնության ղեկավար Ջերալդ Կնաուսը: Նրա որակմամբ՝ մի քանի տարի առաջ Եվրոպայի ամենակարևոր միջկառավարական մարդու իրավունքների ինստիտուտը` Եվրոպայի խորհուրդը, տրվեց մութ աշխարհին: Հեղինակը ԵԽ-ն համեմատում է Օսկար Ուայլդի Դորիան Գրեյ հերոսի հետ, որը վաճառել է իր հոգին:

Նրա խոսքով, ներկայումս Եվրոպան շատ ավելի մեծ թվով մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրեր, մարդու իրավունքների հանձնակատարներ ունի, շատ ավելի շատ մարդու իրավունքների մրցանակներ է շնորհում և շատ մարդկանց համար իրավունքների կազմակերպությունների համար հանգրվան է, քան պատմության որևէ այլ փուլում:

Սակայն, Կնաուսի համոզմամբ, նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի համար համակարգը կաթվածահար անելը մեծ մարտահրավեր չէր: «Գրավելով Եվրոպայի խորհուրդը՝ Ադրբեջանի կառավարությունը հասցրել է չեզոքացնել միջազգային մարդու իրավունքների շարժման առանցքային ռազմավարությունը. «բարձրաձայնել և ամոթանք տալ»»,- նշել է վերլուծաբանը: Նա նաև գրել է, որ դաժանորեն գործող քաղաքական մեքենան, ժամանակակից հանրային կապերի արշավը և որոշ հնարքներ ժառանգություն են մնացել Ադրբեջանի ԿԳԲ-ից, որտեղ Ալիևի հայրը` նախագահ Հեյդար Ալիևը (1993–2003), կառուցել է իր կարիերան: Կնաուսի համոզմամբ, Իլհամ Ալիևի ռեժիմը կրկնօրինակել է նաև Ջորջ Օրուելի «1984»-ը, սերտելով առանցքային կոնցեպտներն ու խորհրդում իր գործընկերների հետ Ստրասբուրգի միջանցքներում ներկայացնելով քարոզչական լեզուն:

Հեղինակի պնդմամբ, քաղբանտարկյալներն ու այլախոհները դարձել են խուլիգաններ, այն, ինչ, ըստ էության, կոնսոլիդացված ավտոկրատիա է, այսօր «երիտասարդ ժողովրդավարություն» է, Ադրբեջանի գողացված ընտրությունները դարձել են ազատ և արդար, մրցակցային կազմակերպված, ամենահեղինակավոր մարդու իրավունքների պաշտպանները բանտում են, այնինչ Ադրբեջանը, որպես 2014թ. ԵԽ նախագահող երկիր, հյուրընկալեց «մարդու իրավունքների կրթություն» և «հանդուրժողականություն» միջազգային կոնֆերանսները: «Այս ամենը ցույց է տալիս խորը, նույնիսկ էքզիստենցիալ մարտահրավեր Եվրոպայում մարդու իրավունքների շարժմանը: Եվրոպայի խորհրդի համար, որի գործառույթը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պաշտպանելն է, մարդու իրավունքների ակտիվիստներին բանտարկող ռեժիմին հավասարվելն աննախադեպ ու խորապես անհանգստացնող է»,- գրել է Կնաուսը` հավելելով, որ տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի գրավումն ուղերձ պետք է լինի մարդու իրավունքների աջակիցների համար:

«Բոլոր մարդկային արարածներն ուշադրության և խնամքի կարիք ունեն: Երբ կառույցի հիմքն անտեսվում է, առաստաղին ճաքեր են հայտնվում: Շուտով ընկնող բեկորները սպառնալիք կդառնան նրանց համար, ովքեր կացարան են փնտրում: Նույնը տեղին է նաև մարդու իրավունքների պաշտպանության ճարտարապետության համար»,- գրել է վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս