Բաժիններ՝

Ռազմիկ Դավոյանը պատմում է՝ ինչպես է հորդորել Մոնթե Մելքոնյանին Ղարաբաղ գնալ

«Բանակի նկատմամբ բացառիկ ուշադրություն եմ ունեցել ոչ միայն մեր ազգային բանակի սկզբնավորման շրջանում և հետագայում, այլև նույնիսկ սովետական շրջանում, ու կարող եմ հիշել, որ ունեմ սովետական շրջանից «սահմանապահ զորքերի գերազանցիկի» մեդալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բանակի օրվա մասին՝ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Նա պատմեց, որ Մոնթե Մելքոնյանի հետ նամակագրական կապ է ունեցել այն տարիներին. «Իր սիրած աղջկա, հետագայում կնոջ՝ Սեդայի միջոցով նամակագրական կապ էինք պահում: Երբ Մոնթեն Փարիզից տեղափոխվեց Հարավսլավիա, Սեդան բերեց Մոնթեի նամակը, որ՝ «եթե Ռազմիկը հրավիրի Հայաստան, ես կգամ»: Ես այդ հրավերն արեցի, և Մոնթեն եկավ, Սեդայի հետ եկան մեր տուն մի քանի անգամ, երեկոները նստում էինք, զրուցում էինք, ասաց՝ «ի՞նչ պետք է անեմ ես հիմա», ասացի՝ «այնքան պարզ երևում է՝ ինչ պետք է անես, պետք է գնաս Ղարաբաղ»:

Մոնթեն գնաց Ղարաբաղ, մի շաբաթ այնտեղ մնալուց հետո վերադարձավ, նորից հավաքվեցինք, ասացի՝ «դե, տպավորություններդ ասա», ասաց՝ «տպավորություններս նա է, որ ի՜նչ ոգևորություն, մղում կա մեր հայ երիտասարդների մեջ, բայց պատրաստված չեն, անպատրաստ են, և նրանց պետք պատրաստել, մարզել, մտածում եմ՝ գնալ այնտեղ ու զբաղվել այդ խնդիրներով»»:

Ռ. Դավոյանը նաև պատմեց, որ այն տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի շտաբը գտնվում էր Բաղրամյան փողոցի վրա, ամեն օր երիտասարդների խմբեր էին մոտենում ու ասում, որ ուզում են գնալ Ղարաբաղ. «Բայց այդքան զենք չկար, ու այդ երիտասարդներին այդպես տարերային ուղարկելը սխալ կլիներ»:

Կարդացեք նաև

Բանաստեղծի գնահատմամբ՝ մեր բանակը և ժողովուրդն այսօր ինտեգրվելու և միասնական լինելու խիստ անհրաժեշտություն ունեն. «Չեմ կարող ասել՝ բանակն իդեալական վիճակի մեջ է, ուզում եմ՝ կատարելագործվի, տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության խնդիր, դա պետք է հասնի կատարելության: Երբ մեր ուղղաթիռը խփեցին, մեր զինվորները ռեմբոյական գործ արեցին՝ մտան և նրանց երախից դուրս բերեցին մեր զինվորների մարմինները»:

Հարցին՝ տարբերություն տեսնո՞ւմ եք 1990-ականների ու այսօրվա բանակի միջև, Ռ. Դավոյանը պատասխանեց, որ տարբերությունն ահռելի է. «Այն թերությունները, որոնք գոյություն ունեին, դրանք կա՛մ վերացել են, կա՛մ մեղմացել են»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ արդյոք քաղաքականացված չե՞ք համարում բանակը, բանաստեղծը պատասխանեց, որ բանակը քաղաքականության հետ գործ չունի, այն առանձին երկրի պաշտպանությունն է, ու պետք չէ խառնել դրանք: Ըստ նրա՝ վերջին տարիներին բանակը բացարձակապես չի խառնվում քաղաքականությանը:

Այն դիտարկմանն էլ, թե բոլորս էլ գիտենք՝ ինչպես են զինվորներն ընտրությունների մասնակցում՝ հատուկ հրահանգ են ստանում՝ ում քվեարկեն, բանաստեղծն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող դրա մասին խոսել, քանի որ այդ հրահանգը չեմ լսել, ոչ մի զինվոր ինձ այդ մասին չի ասել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս