Այսօր Բանակի, բայց ոչ միայն Բանակի տոնն է
Այսօր Հայոց բանակի օրն է, որն արդեն մի քանի տարի նշվում է՝ որպես տոն: Ավանդույթի համաձայն՝ այսօր բանակի ու զինծառայողների մասին հնչում են պաթետիկ, երբեմն՝ ճոռոմ հայտարարություններ, որոնք, դրանց հեղինակների կարծիքով, առանձնակի շուք են հաղորդում տոնական օրվան: Սակայն հայկական բանակը, հպարտության ու մեծարանքի առարկա լինելուն զուգահեռ, իսկ ավելի ճիշտ՝ նախ և առաջ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող, ըստ էության, միակ համակարգն է, թեև չպետք է լիներ այդպիսին:
Խոսքն այն մասին է, որ հատկապես վերջին տարիների ընթացքում, Հայաստանի ինքնիշխանության նվազման ու, որպես դրա հետևանք՝ ինքնուրույն արտաքին քաղաքականության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, բանակն ինչ-որ իմաստով և ինչ-որ մասով ստանձնել է նաև արտաքին քաղաքականությունն իրականացնողի գործառույթ: Ու թեև դա իրականացվում է բավական բարձր մակարդակով, այդուհանդերձ, դա վկայում է Հայաստանի՝ որպես պետության, չկայացվածության մասին: Սահմաններն ավելի արդյունավետ պաշտպանելու համար բանակը պետք է ունենա նաև հզոր թիկունք, որն առաջին հերթին՝ ապահովվում է ճկուն և համարժեք արտաքին քաղաքականությամբ:
Հայաստանի պարագայում, սակայն, արտաքին քաղաքականության ճկունությունն ու ընդհանրապես ամեն ինչը սկսվում և ավարտվում է այնտեղ, որտեղ հանդիպում է Ռուսաստանի շահին, իսկ այդ շահը Հայաստանին հետապնդում և պարտադրվում է ամենուրեք, գրեթե բոլոր ոլորտներում: Ու այս պայմաններում Հայոց բանակն իրականացնում է իր գործառույթներն անգամ այնպիսի իրավիճակներում, երբ ստիպված է լինում միայնակ դիմակայել նույն այդ ռուսական շահից բխող ադրբեջանական հարձակումներին, երբ դիմակայում է առանց արտաքին քաղաքական թիկունքային աջակցության: Հենց այս գործոնների ազդեցությամբ է, որ Հայկական բանակն առնվազն վերջին մի քանի տարիներին շատ ավելին է, քան ուղղակի զինված ուժերը:
Հետևաբար, Բանակի օրն ինչ-որ իմաստով նաև կարելի է համարել Պետության օր, քանի որ պետական այլ ինստիտուտների նոմինալ գոյության ու փաստացի անգործության պայմաններում բանակը դարձել է, ընդհանուր առմամբ, պետության եթե ոչ՝ միակ, ապա՝ ամենակարևորագույն համակարգերից մեկը:
Ինչ վերաբերում է պաթոսին, ապա դա հնչել ու հնչելու է միշտ, և դրա նպատակը «ռազմահայրենասիրական ոգու բարձրացումից» բացի՝ նույն բանակում առկա արատավոր երևույթները լղոզելն է, իսկ այդպիսիք, դժբախտաբար, քիչ չեն: Բանակը, ինչպես սիրում են ասել պաշտոնյաները, հասարակության հայելին է: Ու բոլոր այն արատները, որոնք տարածված են մեր կյանքում, ավելի խտացված կերպով արտահայտվում են նաև բանակում:
Բայց եթե բանակի ղեկավարությունը ցանկանում է, եթե իրականում ցանկանում է ձերբազատվել այդ արատներից, պետք է հնարավորինս բաց լինի քննադատության առաջ, և ոչ թե՝ խրախուսի շմայսներին ու շուշանպետրոսյաններին, որոնք բանակին քննադատողներին սպառնում են բռնաբարել. մեկը՝ ֆիզիկապես, մյուսը՝ Աստված գիտի՝ ինչպես:
Անկախ ամեն ինչից, այսօր Հայաստանի ամենակարևոր տոներից մեկն է, որն առաջին հերթին՝ սահմանագծին կանգնած շարքային զինվորի ու սպայի տոնն է, ում շնորհիվ բանակը կարողանում է լուծել նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն իրեն չեն առնչվում: Կեցցե Հայկական բանակը: