«2015 թվականին Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքների թիվն ավելացել է 35 տոկոսով». ՀՀ-ում Կանադայի դեսպան
«Այսօր Ձեզ համար կազմակերպվել է կանադական երեկո, որտեղ կարող եք փորձել մսամթերք և կանադական գինիներ»,- այսօր հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
Նա հույս հայտնեց, որ սա առիթ է Հայաստանի մարդկանց համար փորձելու կանադական մթերքները. «Շատ ենք աշխատում, որպեսզի Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական կապերը զարգանան: Անշուշտ, գյուղատնտեսության հետ կապը մեզ համար ևս կարևոր է»:
Դեսպանը նշեց, որ շատ է սիրում հայկական ծիրանը և հայկական կոնյակը: Նա նշեց, որ իրենց համար շատ կարևոր են հայ-կանադական հարաբերությունները: «Ձեզ բոլորիդ հայտնի է հայ-կանադական կազմակերպությունը, որն արտադրում է շոկոլադ և քաղցրավենիքներ: Ինչպես կան շատ լավ կանադական գինիներ Հայաստանում, այնպես էլ կան շատ լավ հայկական գինիներ Կանադայում»,- նշեց դեսպանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հայ-կանադական հարաբերություններն ավելի չե՞ն ամրապնդվի, եթե Կանադայի դեսպանատունը լինի Հայաստանում, և ոչ թե՝ Մոսկվայում, դեսպանն այսպես պատասխանեց.
«Մենք շատ ենք աշխատում, որ Հայաստանի հետ կապերը խորանան: Հայաստանում ունենք հյուպատոսություն, իսկ Մոսկվայում դեսպաններն աշխատում են, որ կապերն ավելի լավանան: Ես հուսով եմ՝ տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավելի կմերձենան, կջերմանան»:
Նա ընդգծեց՝ 2015 թվականին Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքների թիվն ավելացել է 35 տոկոսով.
«Անշուշտ, Կանադան հանդիսանում է մեծ ներդրող Կապանում գտնվող գործարաններում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր ոլորտներին: Հուսով ենք՝ նման միջոցառումները կօգնեն թե՛ Կանադային, թե՛ Հայաստանին՝ իրենց մթերքները բերել միջազգային շուկա»: