ՀԱԿ-ն արձագանքի չի սպասում
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկներին արձագանք եղել է միայն մամուլում, իսկ գրավոր պատասխան ՀԱԿ-ում չեն էլ սպասում, քանի որ իրենք իրենց առաջադրած կետերը գրավոր չեն ներկայացրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Պաշտոնական արձագանք չի եղել, միայն տարբեր պատգամավորների ելույթներ-հարցազրույցներում են արձագանքներ եղել»,- ասաց Ա.Մանուկյանը:
Թե նման դեպքում ԸՕ-ի քննարկումներին ՀԱԿ-ի մասնակցության հարցն ինչպե՞ս է լինելու` հարցին, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ դրա հետ կապված ևս որևէ պաշտոնական առաջարկ չի եղել ՀԱԿ-ին:
Հիշեցնենք, որ շուրջ 2 շաբաթ առաջ ՀԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ «նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը որևէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր հետևյալ խնդիրները.
1. Պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները: Այդ նպատակով անհրաժեշտ է`
ա) միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես` առանձին ընթացակարգով,
բ) հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունը ստացած` Վրաստանի 2011-2012 թվականների փորձը, ստեղծել իշխանությունների և ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման աշխատանքով:
2. Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն ստուգումների համար` կամ հրապարակման ձևով, կամ էլ ընտրությունների մասնակիցներին վերապահելով դրանք ընտրողաբար ստուգելու իրավունք:
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող տարածքը պետք է տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին:
4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին: Այս առումով նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղըզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղըզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:
5. Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պրոֆեսիոնալ մասնագիտացման սկզբունքով` պետության կողմից, և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
6. Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
7. Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունել ԵԱՀԿ` նախկինում արված առաջարկները»: