«Նրան ոչ մի դեպքում չի կարելի հանձնել». Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանում կալանավորված Բահրեյնի քաղաքացու մասին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ ՀՀ-ում ձերբակալված Բահրեյնի քաղաքացուն ոչ մի դեպքում չպետք է հանձնել Բահրեյնի իշխանություններին: 168.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանն ասաց, որ Բահրեյնի դատական համակարգն անկախ չէ.
«Ես վստահ չեմ, բայց որքան հիշում եմ՝ այնտեղ նաև կրոնական դատարան է գործում: Երկրորդը՝ այնտեղ շատ տարածված են խոշտանգումները, երրորդը՝ գործում է մահապատիժը: Այս պայմաններում, եթե Հայաստանը հանկարծ արտահանձնում կատարի, դա կնշանակի՝ Հայաստանը խախտում է միջազգային բոլոր տիպի նորմերը: Հայաստանը մանավանդ Եվրոպայի խորհրդի անդամ է, այդ բոլոր կոնվենցիաները վավերացրել է: Նրան արտահանձնելու մասին որևէ խոսք չի կարող լինել: Ես, իհարկե, գործին տեղյակ չեմ, բայց հաշվի առնելով նաև այնտեղ առկա շիա սյուի կրոնական հակամարտությունը՝ սա կարող է նաև լինել այդ խտրական վերաբերմունքի համատեքստում: Սա էլ մի լրացուցիչ հանգամանք, որ նրան ոչ մի դեպքում չի կարելի հանձնել: Սա իմ համոզմունքն է»:
Բահրեյնի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին հունվարի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 30 օրով կալանավորվել է: Ըստ Ոստիկանության՝ 1990 թ. ծնված Ֆադհել Ռադհին հետախուզվում էր 2014թ. մայիսի 25-ից՝ սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն մեղադրանքով:
Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ «Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար»: Նշենք, որ գործը փոխանցվել է արդարադատության նախարարություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումն ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ, այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: