«Խոզի գրիպը չի մոլեգնում և հիմնականում էլ մահացու դեպքեր չի ունենում». Արա Ասոյան
«Նախ՝ խոզի գրիպը չի մոլեգնում և հիմնականում էլ մահացու դեպքեր չի ունենում: Իհարկե, մենք առաջին տարին չէ, որ աշխատում ենք այս վարակի և նման վարակների հետ: Ես հիշեցի` մենք 2009-2010թթ. ձմռան ամիսներին նույնպես ունեցանք բավական լուրջ թվեր: Այս տարի նույնպես, այսինքն` սեզոնին բնորոշ հիվանդություն է, ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ մեր շրջապատող երկրներին:
Մենք բավական դեպքեր ունենք Իրանում, դեպքեր ունենք Ռուսաստանում, նույն Վրաստանում դեպքեր կան»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նա նշեց, որ կան մահացու դեպքեր.
«Այս վիրուսի` H1N1-ի, որ կոչել են նաև խոզի գրիպ, առանձնահատկությունն է` նա շատ սիրում է հիմնական ախտահարել թոքերը, շնչական ապարատը, և շատ արագ թոքերում մեկ-մեկ, ցավոք սրտի, լինում են այնպիսի փոփոխություններ, որտեղ բժշկությունը մեկ-մեկ անզոր է գտնվում: Եվ մենք նույնպես ունեցանք այս զոհերը»:
Նա նշեց, որ գրանցված մահվան դեպքերը կապված են H1N1 վարակի հետ. «Նույնիսկ անկախ լաբորատոր հաստատումից, որովհետև գիտեք` այսօր շատ-շատերը դիմում են նաև հիվանդանոց, պոլիկլինիկա, թե՝ մեզ անալիզ արեք: Ես կարծում եմ` դա արդեն լրիվ ավելորդություն է, որովհետև իմ խորը համոզմունքով՝ այն վիրուսը, որը շրջանառվում է հատկապես Երևանում` քաղաքացիների մեջ, մոտ 80 տոկոսը H1N1 է, այսինքն` նույնիսկ այդ անալիզը, հետազոտությունը կատարելը կորցրել է իր իմաստը: Մենք միանշանակ գիտենք, որ սա այս վիրուսն է, և միանշանակ ելնելով հիվանդի վիճակից` մենք պետք է գնանք համապատասխան բուժման»:
Արա Ասոյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Երևանի տարբեր հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 հիվանդ կա, որոնք միացված են արհեստական շնչառության ապարատին. «Հենց այս վիրուսն է, H1N1 վիրուսն է միանշանակ, որը բերել է թոքերի լուրջ բարդությունների, բավական ծանր վիճակում են»: Հիվանդները, նրա խոսքով, հիմնականում մեծահասակ են, մի ծննդկանի վիճակը ևս բավական ծանր է, նա ևս միացված է արհեստական շնչառության ապարատին: Հարցին, թե որն է խնդիրը, որ այդ 8 հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, Արա Ասոյանը պատասխանեց. «Այստեղ 2 գործոն կա: Առաջին գործոնը, իհարկե, այն ժամկետն է, երբ նրանք դիմել են բժշկի: Երկրորդ գործոնն, իհարկե, այն է, որ վիրուսը տարբեր օրգանիզմների վրա տարբեր ազդեցություն է ունենում: Այնպես չէ, որ բոլորը նույն ստանդարտ, տրաֆարետային վիճակով գնան: Օրգանիզմները տարբեր են: Բնականաբար, օրգանիզմ և վիրուս հանդիպումը միշտ չէ, որ նույն ձևով է ընթանում: Հաճախ բավական լուրջ բարդություններ են լինում և բավական ծանր են ընթանում»:
Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, որ, եթե քաղաքացու մոտ գրիպոզ վիճակ է` արտադրություն քթից, այրոցներ, քերոցներ կոկորդում, 2 օրից ավելի բարձր ջերմություն, անմիջապես պետք է բժշկի դիմել: