2016 թվականի տնտեսության զարգացման 16 քայլերը
Ամփոփելով 2015թ. տնտեսական տարին` ակնհայտ է, որ արձանագրվեց վերջին տարիների վատագույն վիճակը` տնտեսական աննախադեպ պասիվություն, արտաքին ապրանքաշրջառության նվազում, աղքատության աճ և այլն:
Եվրասիական տնտեսական միության անդամությունը, ցավոք, սկսեցինք ճգնաժամային վիճակում, ինչը շարունակվելու է առաջիկա տարիներին, և ստիպված ենք լինելու արձանագրել, որ 2015 թվականը բավական հաջող տարի էր:
Հայաստանի տնտեսության խնդիրներն ակնհայտ է բոլորիս, և լոկալ, կարճաժամկետ միջոցառումները որևէ դրական ազդեցություն չեն թողնում, և նույնիսկ զրոյական վիճակի պահպանումը խորացնում է առկա խնդիրները:
Տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ են հեղափոխական միջոցառումներ, որոնք առաջին հերթին՝ կնպաստեն ստվերային տնտեսության կրճատմանը, բյուջետային ծախսերի արդյունավետ օգտագործմանը, ֆինանսական համակարգի ռիսկերի կրճատմանը, փոքր բիզնեսի զարգացմանը և, իհարկե, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Տնտեսությանն անհրաժեշտ է վստահության ամրապնդում` որևէ ներդրող, սպառող, տնտեսության մասնակից չի վստահում տնտեսությանը, չի կատարում որևէ քայլ, որի արդյունքը տեսանելի է լինելու թեկուզ մոտ ապագայում: Սպառողները կրճատում են իրենց ծախսերը` սպասելով ավելի վատ օրերի: Միայն վստահության պարագայում է հնարավոր զարգացնել տնտեսությունը` դուրս գալով խորացող ճգնաժամից:
Առաջարկվող քայլերը լիովին իրատեսական են և կարելի է իրականացնել բավական կարճ ժամանակահատվածում, ընդ որում, իրարից անկախ:
1. Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
2. ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի» պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածի վավերացում՝ այդ հոդվածին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը,
3. ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
4. Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջե,
5. Բացառապես ձեռնարկատիրական գործունեությունից նախկինում ստացված չհայտարարագրված եկամուտների հայտարարագրում` 15 տոկոս հարկ վճարելու պայմանով,
6. Արտոնագրային վճարների վերացում, ձեռնարկատիրական գործունեության հարկում շրջանառության հարկի կամ շահութահարկի միջոցով,
7. Նոր ստեղծվող փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի համար սահմանել «հարկային արձակուրդ»` մեկ տարի ազատելով ձեռնարկատիրական գործունեության հետ կապված բոլոր տեսակի հարկերի և տուրքերի վճարներից,
8. Հարկային վարչարարության տուգանքների բարձրացում, որը պետք է գերազանցի հարկերից խուսափելու արդյունքում չմուծված հարկերի չափը,
9. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,
10. Տասը տարի բոլոր տեսակի հարկերի, վճարների, տեղական տուրքերի, ուղղակի կամ անուղղակի ցանկացած այլ եղանակով հարկային բեռի բարձրացման անհնարինություն:
11. Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկերի որոշ մասի համաներում` ժամկետանց վարկեր ունեցող վարկառուների համար` կառավարության կողմից ձեռք բերելով բանկերի ժամկետանց ակտիվները,
12. Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկային պարտավորությունների որոշ մասի զիջման դեպքում բանկերին հարկային պարտավորություններից ազատում,
13. Ռուսաստանի հետ առևտրային գործունեության ծավալով ընկերություններին վարկավորելու նպատակով ռուսական ռուբլով ֆոնդի տրամադրում առևտրային բանկերին,
14. Էներգետիկ ոլորտի ազատականացում` վերականգնվող էներգիա ստացող ընկերություններին անմիջապես սպառողին էլեկտրաէներգիայի վաճառքի հնարավորության ընձեռում,
15. Տրանսպորտային բոլոր վճարները` ԱՊՊԱ, տեխզննում, գույքահարկ և այլն, ներառում վառելիքի գնի մեջ` վառելիքի հարկի բարձրացման միջոցով,
16. Նշված 15 կետերի չկատարման դեպքում` իշխանության կողմից հրաժարականի իրականացում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: