«Դե, գնացեք, տեսնեմ՝ ի՞նչ արեցիք…». Գառնիկ Իսագուլյանը՝ «Նոր Հայաստանին»

«2015 թվականի չակերտավոր կորուստներից մեկն այն էր, որ ուղղակի բացահայտվեց, որ Հայաստանում ընդդիմություն` որպես այդպիսին, գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ամփոփելով տարին: Նրա խոսքով՝ ամենագլխավոր փաստաթղթի՝ Սահմանադրության ընդունման ժամանակ այդպես էլ ընդդիմադիր դաշտը չհամախմբվեց, և հստակ երևաց, որ «ընդդիմադիր դաշտն այսօր դատարկ է, ընդդիմադիր դաշտ այսօր գոյություն չունի»:

«Հիմա հանրաքվեն ավարտվել է, ու բոլորը հայտարարում են, որ այդ 400 քանի ձայներն իրենց ձայներն են: Լավ, եթե դուք այդքան ձայն ունեք հանրության մեջ, ինչո՞ւ չեք կարողանում ընդամենը 2000 հոգի՝ ամեն տեղամասում մի մարդ դնել: «Նոր Հայաստաններ» են ձևավորվել, նոր կուսակցություններ, որոնք դեռ չձևավորված՝ արդեն հայտարարում են, որ մոտ 10 հազար անդամ ունեն: Լավ, այդ 10 հազարից 2000-ը չե՞ն կարողանում տեղամասերում ֆիքսել»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին՝ այսինքն՝ եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կեղծվել է, ընդդիմության պատճառո՞վ է կեղծվել, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Ես նախ՝ չասացի, որ կեղծվել է: Մեր օրենսգրքով՝ հանձնաժողովները ձևավորում են Ազգային ժողովում գտնվող կուսակցությունները: Պատասխանատվությունն ամբողջությամբ այդ հանձնաժողովների վրա է: Եթե վերցնենք այդպես, ընդդիմությունն ավելի շատ ձայներ ունի: Եթե այդ հանձնաժողովում կեղծվել է հանրաքվեն, ո՞վ է մեղավոր, նա, ով ավելի շատ ձայներ ունի՞ այդ հանձնաժողովում, թե՞ նա, ով ավելի քիչ ձայն ունի: Ըստ էության, միայն Հանրապետականն է այսօր իշխանությունը»:

Մեր այն դիտարկմանը, թե իշխանությունը ՀՀԿ-ն է, բայց ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են «այո»-ի կողմնակիցներ, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Չէ, բայց իրենք ընդդիմություն են, կողմ են նոր Սահմանադրությանը, բայց որպես խմբակցություն՝ նրանք ընդդիմադիր են, նրանք կոալիցիայի մեջ չեն մտնում: Այսինքն՝ մեկ իշխանություն և 5 ընդդիմադիր մասնակցում էին ընտրություններին, հանձնաժողովները ձևավորել էին նրանք: Այսինքն՝ այնտեղ, որտեղ 1-ը 5-ի հարաբերակցությամբ է իշխանությունը ներկայացված, և տեղի են ունենում կեղծիքներ, ո՞վ է մեղավոր»:

Նրա խոսքով՝ եթե հանրաքվեն կեղծվել է, ապա կեղծվել է ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ թե իշխանությունների. «Նայեք այդ «Նոր Հայաստանի» առաջնորդների ելույթներին մինչև հանրաքվեն՝ սա իրավունք չունի, սա անազնիվ է, սա քոչարյանամետ է, սա սերժամետ է, սա լևոնամետ է, սրան չի կարելի, սա խորհրդային իշխանության ժամանակ է ծնված… Դե գնացեք, տեսնեմ՝ ի՞նչ արեցիք: Կոչ էինք անում, որ՝ եկեք մոռանանք ցանկացած տարաձայնություն, մեկ անգամ մոռանանք, գնանք միասնաբար: Բայց իրենք մտածում էին՝ արդեն «ոչ»-ը հաղթում է, իրենք այդ ֆոնի վրա գալիս են իշխանության»:

Մեր այն հարցին, թե՝ Ձեր պատկերացմամբ՝ շա՞տ են եղել կեղծիքներն այս հանրաքվեի ժամանակ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ես ո՛չ դիտորդներ եմ ունեցել, ո՛չ ինքս եմ դիտորդական առաքելություն իրականացրել: Այն տեղամասում, որտեղ ես քվեարկել եմ, բացարձակ արդար է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ խախտում է եղել»:

Հարցին՝ արդյոք 2016 թվականին կլցվի՞ ընդդիմադիր դաշտի այն մասը, որը, ձեր խոսքով, դատարկ է մնացել, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «ՀՀ նախագահը հենց հանրաքվեի հաջորդ օրը կոչ արեց, որ՝ եկեք միասնաբար գրենք Ընտրական օրենսգիրքը, եթե չհասկանան, որ սա իրենց համար նետված փրկօղակն է: Եթե սրանից էլ հրաժարվեն, ցույց տան՝ ով է ավելի ընդդիմադիր, ումն են այդ 400 քանի հազար «ոչ»-ի ձայները և այլն, ուրեմն՝ մենք տարվա կեսերից արդեն կունենանք մի նոր օրենսգիրք, որը, կստացվի, իշխանություններն իրենք իրենց համար գրեցին, այդ Ընտրական օրենսգրքով նորից կգնանք ընտրությունների, կասեն՝ «դե, իրենց ընտրած օրենսգրքով իրենք նորից վերարտադրվեցին», և այլն:

Եթե գոնե հիմա մի քիչ տրամաբանական, քաղաքագիտական առումով ճիշտ վարվեն, ուղղակի պետք է անսան նախագահի կոչին ու գնան միասնաբար մասնակցեն այդ Ընտրական օրենսգրքի մշակմանը, և արդյունքում՝ ունենանք ընտրությունների մասին օրենք, որը կապահովի այն խնդիրները, որոնք մինչև այսօր, ցավոք սրտի, Հայաստանում միշտ առաջացնում են կասկածներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Մեր այն հարցին էլ, թե՝ հավատո՞ւմ եք, որ ընդդիմադիրները կգնան իշխանությունների հետ համագործակցության, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Եթե չգնան՝ ո՞ւմ մեղադրենք, ուրեմն՝ իրենք չեն ուզում պատասխանատվություն ստանձնել, ուղղակի ուզում են՝ այստեղից-այնտեղից մի երկու կոպեկ փող վաստակեն, որպես ընդդիմություն հանդես գան: Հեշտ է, չէ՞, քննադատել ու ոչինչ չանել, ուզում են այդ կարգավիճակում մնալ»: Հարցին էլ՝ փաստորեն, ըստ Ձեզ՝ իշխանությունը լավն է, ընդդիմությունը լավ չէ՞, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ցույց տվեք ինձ այդ ընդդիմությանը, այսինքն՝ իշխանություն ունենք, ընդդիմություն չունե՞նք, սա է ողբերգությունը, ոչ թե՝ որ իշխանությունը լավն է, ընդդիմությունը վատն է, կա իշխանություն, որն ուզում է իր իշխանությունը պահել, բայց չկա ընդդիմություն, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել»:

Տեսանյութեր

Լրահոս