Միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը

2015թ. Հայաստանի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, նվաճումներով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա ասաց, թե դժվար է հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները։ Վարչապետն առանձնացրեց իր կարծիքով երեք կարևոր երևույթները. «Առաջինը տնտեսական աճն է։ Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նորագույն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ։

2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետները ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական աճի ցուցանիշ։ Աճ կա արդյունաբերությունում 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3 տոկոս։ 12 ամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում։

Պահանջարկի նման նվազման պարագայում տնտեսական աճի և վճարման հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում են, որ ցույց են տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը։ Երկրորդ կարևորագույն նվաճումը սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր։

Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծը անկասկած արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության, կայուն զարգացման համար։ Առավելապես կարևորում եմ այն, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ Ազգային ժողովի դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը։

Երրորդ կարևորագուն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշված տնտեսական ինտեգրումն էր։ 2015թ. ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության կազմում է»։

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենց կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների հետ, ինչպիսիք են Մոլդովիան և Վրաստանը. «Միաժամանակ ՀՀ-ն 2015թ. դեկտեմբերին սկսեց նոր, լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների հետ։ Վստահ եմ, որ 2016թ. արձանագրելու ենք նոր հաջողություններ։ Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու՝ ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանուկության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար։ Դա անելու ենք մենք բոլորս միասին համատեղ ուժերով»։

Տեսանյութեր

Լրահոս