«Անակնկալների տարի է լինելու…». Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համար 2015 թվականը կարևորվել է մի քանի իրադարձություններով: 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ Ա. Արշակյանն ասաց, որ տարվա կարևոր իրադարձություններից էր Ցեղասպանության 100-ամյակի նշումը. «Կարծում եմ՝ դեռ հաղթական ծրագրեր ունենք, մենք դեռ վրեժ կլուծենք»: Երկրորդ կարևոր իրադարձությունը, Ա. Արշակյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների «ֆարսն» էր.
«Քանի որ իրականում դրանք բարեփոխումներ չէին, չարեփոխումներ էին, ինչպես մեր ժողովուրդն է ասում: Մեր հայ ժողովուրդը իր շատ թույլ զարգացած ժողովրդավարությունից ահագին կորուստներ ունեցավ: Իրադարձություն էր ոչ միայն՝ այդ Սահմանադրության խոտան տեքստը, այլև քարոզարշավը և քվեարկությունը. հայկական իրականության մեջ այդ մասշտաբի, չափի կեղծարարություն երևի թե չէր եղել: Երրորդ իրադարձությունը, որը, ես կարծում եմ՝ շատ կարևոր էր, ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ջղաձգությունն էր»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ էր դա պայմանավորված, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ներքին թիկունքում Սերժ Սարգսյանն ուներ ջղաձգվողների հսկայական բանակ, մեկ միլիոն մարդ ընդվզել էր, բոյկոտ էր արել Սահմանադրությանը: Քաղաքացիներից շատերը դա չգիտեն, բայց կեղծարարներն իրեն զեկուցել են՝ ինչ մասշտաբի կեղծիք են արել հոնորար ստանալու համար: Սերժ Սարգսյանը գիտի, որ Հայաստանում ունի անհնազանդների հսկայական բանակ: Երկրորդ՝ միջազգային իրադրությունը նպաստավոր էր այդ ելույթի համար, ձախողվել է Եվրասիական տնտեսական միությունը, ձախողվել է ՀԱՊԿ-ն՝ որպես այդպիսին, դա դարձել է բռնապետների ակումբ, որտեղ Հայաստանն անհամեմատ ավելի ժողովրդավարական է, դա Հայաստանի տեղը չէ:
Նաև, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի անվճռականությունը, ամերիկացիների և եվրոպացիների հանձնառությունը՝ պաշտպանել, չլքել Հայաստանին, նույնպես նպաստեցին դրան: Սերժ Սարգսյանն օգտվեց այդ բոլոր հանգամանքներից և արժանապատիվ կեցվածք դրսևորեց»: Հարցին էլ՝ հաշվի առնելով Ձեր նշած իրադարձությունները՝ ի՞նչ կարելի է ակնկալել 2016 թվականից, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կարող են անակնկալներ լինել. «Կարող են անակնկալ սրացումներ տեղի ունենալ և՛ ռուս-թուրքական հարաբերություններում, և՛ հայ-ադրբեջանական հարաբերություններում, և՛ Արևմուտք-Արևելք հարաբերություններում»:
Ա. Արշակյանը ենթադրում է, որ Հայաստանում լինելու է աշխույժ նախընտրական քարոզարշավ: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտն անպայման վերաձևավորվելու է, նոր իրադարձություններ են լինելու, ու աշխույժ է լինելու. «Կարծում եմ՝ արդյունքում՝ այդ փոփոխությունների, տեղաշարժերի արդյունքում՝ ՀՀ-ի Ազգային ժողովն այլևս չի քվեարկի պետականությունից հրաժարվելու համար, նման խայտառակ Ազգային ժողով մենք այլևս չենք ունենա»:
Հարցին էլ՝ ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ վստահությունը, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Եվրասիականության թուլացումը: Ես համարում եմ, որ մեր իշխանությունը հիմա ձևավորված է Եվրասիականությանը սպասարկելու համար: Այդ պատգամավորները, չնչին բացառությամբ, կոչված են սպասարկելու համար Եվրասիական իմպերիային: Ես հույս ունեմ, քանի որ ձախողվել է Եվրասիական իմպերիայի ծրագիրը, մեզ մոտ համարժեք Ազգային ժողով կձևավորվի, որը նաև ծառայելու է Հայկական պետությանը, իր գործունեությունն ուղղելու է հայկական պետության և պետականության կայացմանը: Այդ առումով ես փոփոխություններ սպասում եմ»: