Ադրբեջանը փլուզվում է, իսկ մարդիկ դա չեն հասկանում. ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանի ներկայի ու ապագայի մասին

Minval.az-ի զրուցել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ, ով ամփոփել է անցնող տարին: Քաղաքագետը բավական սթափ գնահատականներ է տվել Ադրբեջանում ներկայում տիրող իրավիճակին ու հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին:

Ադրբեջանի համար անցնող տարին գնահատելիս՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ «եթե մարդը կատարյալ ապուշ է, ապա շատ գոհ կլինի անցնող տարուց՝ այն համարելով հաղթանակ, հաջողությունների տարի»:

«Իսկ եթե մարդը սթափ է, ճիշտ է գնահատում իրավիճակն աշխարհում, ապա այս տարին շատ անհաջող էր ադրբեջանցի ժողովրդի համար, ու եկել է մեր պետականությունը ողբալու ժամանակը»,- ասել է Ալիզադեն` նշելով, որ սթափ մարդն ուշադրություն կդարձնի Ադրբեջանի տնտեսությանը, իշխանությունների ու հասարակության հարաբերություններին, դատավորների աշխատանքին:

«Չնայած նավթից ու գազից ստացած եկամուտներին՝ պետական ապարատը ճաքեր է տալիս»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Լրագրողի հարցին, թե որն է 2015 թվականի ամենամեծ ձախողումը, նա պատասխանում է, թե ամենամեծ ձախողումն այն է, որ «Ադրբեջանի իշխանությունները հաջողությամբ ապացուցեցին ողջ աշխարհին, որ մեզ մոտ չկան օրենքներ, պետականություն: Ես նկատի ունեմ իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի որոշման անտեսումն Իլգար Մամեդովի ու Թոֆիկ Յաղուբլի գործով, կալանավորումների ու հետապնդումների շարունակականությունը: Դա ամենամեծ վնասն է մեր պետականությանը:

Դրանք ողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, չկա, այլ այն ինչ-որ միություն է, որը գտնվում է մի խումբ մարդկանց իշխանության ներքո, սակայն դա արդեն պետություն չէ, որտեղ կան օրենքներ: Ցավոք, մեր մարդիկ ու պետությունն իրենց անկրթությամբ դա չեն հասկանում: Դա Ադրբեջանի ամենամեծ կորուստն է»:

Անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարան ներկայացված օրինագծին, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, քաղաքագետը կարծիք է հայտնում, թե տրամաբանություն ու առողջ բանականություն փնտրել ադրբեջանցի քաղաքական դեմքերի, հատկապես՝ պատգամավորների շրջանում, անհրաժեշտություն չկա:

«Այնտեղ մարդիկ ընտրվել են ոչ թե՝ ժողովրդի կողմից, այլ՝ նախագահական ապարատի: Ժողովրդից ոչ ոք ոչինչ չի հարցնում, իսկ եթե հարցնեն էլ, կլսեն անհավանական հիմար պատասխան, քանի որ ժողովուրդը չունի քաղաքական մշակույթ, չկա գիտելիք, որը հարկավոր է ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սա Ադրբեջանի տխուր ու ցավալի իրականությունն է»,- ասում է վերջինս:

Խոսելով Ադրբեջանի իշխանությունների որակի մասին՝ քաղաքագետն ասում է, որ նրանց մեծ մասն «անգրագետ» է, իսկ գրագետները լռում են, քանի որ հասկանում են, որ «տգետների ոհմակը նրանց պարզապես կխժռի»:

«Սա շատ տխուր պատկեր է: Երկրի ոչ մի խնդիր երկրի էլիտան ի վիճակի չէ լուծել՝ հենց իր մտավոր կարողությունների պակասի պատճառով, իր ժողովրդին չծառայելու քաղաքական կամքի ու ցանկության պատճառով: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի հետ: Ամեն ինչ փլուզվում է, սակայն մարդիկ դա չեն հասկանում»,- ասում է նա:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ ինքը հանդիպումից, որի ժամանակ երկու երկրների նախագահներին ուժով նստացնում են մեկ սեղանի շուրջ, ոչինչ չի սպասում:

«Հանդիպման արդյունավետության համար դիվանագետները պետք է հսկայական նախնական աշխատանք կատարեն, հարկավոր է փոխել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության հիվանդ գիտակցությունը: Հարկավոր է բացատրել Հայաստանի ժողովրդին, որ 100 տոկոսանոց հաղթանակ չի տեսնի Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանցի ստրատեգներին հարկավոր է բացատրել նույնը՝ 100 տոկոսանոց հաղթանակի համար հարկավոր է գրավել Երևանը, ու՝ հակառակը: Հարկավոր է որոնել փոխզիջումային որոշում, իսկ համաշխարհային պրակտիկայում նման օրինակներ կան, սակայն դրանք, իհարկե, չեն համապատասխանում երկրի գերազանցության մասին՝ մեր պաշտոնատար անձանց քաջ հայտարարություններին: Նման օրինակները կարող են ի շահ ծառայել երկու ժողովուրդներին, որպեսզի նրանք ապրեն նորմալ, այլ ոչ թե՝ որպես հետամնաց միջնադարյան ժողովուրդներ պայքարեն միմյանց դեմ՝ իրենց կյանքը նվիրելով անիմաստ գործի»,- կարծում է ադրբեջանցի քաղաքագետը:

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը «ռուսական պլանի» մասին, նա կարծիք է հայտնում, թե «ոչ մի ռուսական պլան հարկավոր չէ ընդունել», քանի որ ռուսների նպատակը միայն մեկն է՝ տարածաշրջանը պահել իրենց հսկողության տակ, ու երկու երկրներին իրեն ենթարկել:

«Մենք պետք է ունենանք նպատակ՝ խաղաղության հաստատում՝ ազատվելու համար ռուսական դիկտատից: Ռուսաստանն անհաջողակ է, քաղաքակրթությունից բացարձակ հեռացող: Պուտինը փաստացի ոչ ոք է: Նա մեծ չարիք է արել Ռուսաստանին, ոչնչացրել է երկրի քաղաքական դասը, ոչնչացրել է բոլոր մտավորականներին, իր շուրջ է հավաքել գողերին ու իրեն «պախանի» պես է պահում: Ռուսաստանը կորցնում է իր դաշնակիցներին՝ Ուկրաինային, Թուրքիային, Մերձբալթիկան, կկորցնի Ղազախստանին, Բելառուսին, Հարավային Կովկասին: Քանի որ մեթոդները, որոնցով Ռուսաստանը ցանկանում է հաստատել իր տիրապետությունը, ոչ ոք չի ընդունում: Հարկավոր է անել այնպես, որ մարդիկ ինքնակամ ցանկանան, իսկ Ռուսաստանը պարտադրում է…»:

Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հարկավոր է նստել սեղանի շուրջ, քննարկել, գտնել երկու ժողովուրդների համար ընդունելի մոդել՝ հաշվի առնելով երկու պետությունների շահերը, ապա հետո այդ մոդելն առաջարկել ողջ հասարակությանը, որպեսզի երկրները սկսեին աստիճանաբար դուրս գալ փակուղուց:
Լրագրողի հարցին, թե ինչ է սպասվում Ադրբեջանին 2016 թվականին, քաղաքագետը պատասխանում է, որ ոչ մի լավ բան ինքը չի կանխատեսում:

«Դուք նայեք մեր մտավորականներին, մեր քաղաքական էլիտային, ընդդիմության ղեկավարներին: Նայեք մարդկանց, որքանով են նրանք կիրթ, հայրենասեր: Նայեք մեր կրթության, առողջապահության մակարդակին, մեդիային: Մեր լրագրողների մեծ մասը տգետ է: Ես հոգնել եմ նրանց ասել, որ կարդան: Ամոթ է: Պրիմիտիվ էակներ են, որոնք իրենց լրագրողներ են անվանում: Դա ամոթ է: Ինչպես են իշխանությունները հաշվեհարդար տեսել ազատ մամուլի հետ: Նրանք չորացրին, անապատացրին ԶԼՄ-ների ոլորտը: Այն մասը, որը կոչվում է կառավարամետ, քարոզչության էժանագին ապարատ է»,- համոզմունք է հայտնում Ալիզադեն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության պարագայում ամեն ինչ ավելի վատ էլ կարող էր լինել:

«Ժողովուրդն ազատ չէ, անկիրթ է: Այն դեռ արժանի չէ ժողովրդավարությանը: Հարկավոր է կարդալ, ինքնակազմակերպվել: Մեր մարդիկ բարի են, տաղանդավոր, սակայն քաղաքական մշակույթ գրեթե չկա: Մեզանում չեն եղել պայմաններ, որոնց դեպքում մենք կարող էինք սովորել գնահատել պետականությունը, արժանապատվությունը, ազատությունը: Նրանք ի՞նչ քաղաքացիներ են, եթե չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները»,- խոսքը եզրափակում է ադրբեջանցի քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս