«Սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում». Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ սիրիական հակամարտության համար տարին հագեցած էր զարգացումներով, և ըստ նրա՝ անցնող տարին կարելի է բաժանել երկու հատվածի՝ մինչ ռուսական ռազմական ուժի ներգրավվածությունը Սիրիայում և դրանից հետո.

«Եթե ռուսական ավիահարվածներից առաջ Սիրիական կառավարական ուժերն առավելապես պաշտպանողական բնույթի ռազմական գործողություններում էին ներգրավված, ապա դրանից հետո նրանց գործողություններն ավելի շատ հարձակողական բնույթ ստացան: Նույնը կարելի է նաև ասել ընդդիմադիր խմբավորումների կողմից տարածքների ձեռքբերման ու զիջումների հետ կապված: Մինչև ավիահարվածները նրանք ընդլայնում էին իրենց տարածքները, իսկ ավիահարվածներից հետո նման զարգացումներ ավելի քիչ ենք տեսնում ընդդիմադիրների կողմից»:

Ըստ արաբագետի՝ 2015թ. ավելի հաջողակ էր Սիրիայի քրդերի համար. «Տարվա սկզբից նրանք ետ նվաճեցին Քոբանին, այնուհետև՝ մի շարք տարածքներ, հետո կարողացան միացնել երկու առանձին հատվածները՝ Քոբանին և Ալ Ջազիրան, նվաճեցին Թալաբիադը, ինչը շատ կարևոր է, և այստեղ նրանք հայտարարեցին քրդերի ինքնավարություն: Հետո քրդերը հանդես եկան՝ որպես առանձին խաղացողներ, կարողացան խոչընդոտ հանդիսանալ Սիրիայի հյուսիսում անթռիչք գոտի ստեղծելու թուրքական ծրագրին: Նրանք այս պահին էլ հաջող գործողություններ են իրականացնում իսլամականների դեմ»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևերի նախագծին, որը միտված է աջակցել Սիրիայում խաղաղ գործընթացներին, արաբագետն ասաց, որ դա առաջընթաց էր, իսկ դրա միաձայն ընդունումը, ըստ նրա՝ որոշակի դիրքորոշումների ընդհանրացման և արտասիրիական երկրների կողմից սիրիական հանգուցալուծման որոշակի համաձայնությունների մասին է վկայում. «Բայց ինչպես բազմիցս ասել եմ՝ սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում։ Ճիշտ է՝ նման միջազգային հարթակներում ընդունված որոշումերը, բանաձևերը մի քայլ առաջ են տանում, բայց վերջնական հանգուցալուծումը պետք է փնտրենք, տեսնենք հենց Սիրիայում տեղի ունեցող զարգացումներում»:

Ս. Գրիգորյանը նկատեց՝ ռուսական օդուժի հարվածներն այն կարմիր գիծը գծեցին, որից այս կողմ ընդդիմադիրները չեն կարողանում ռազմական գործողություններ իրականացնել. «Ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքները մոտավորապես 60-65% են կազմում, ԻՊ-ն դեռևս վերահսկում է տարածքներ, քրդերի կողմից վերահսկվող տարածքները նույնպես մեծ են՝ 15-20%, անշուշտ, կառավարական ուժերը դեռևս կենտրոնացած են խոշոր քաղաքներում, բայց օդային հարվածները ստիպեցին, որ նրանք որոշակի առաջխաղացում արձանագրեն ցամաքում և 2015-ի վերջում նկատվում է, որ նրանց հաջողվում է տարածքային որոշակի ձեռքբերումներ ունենալ: Բայց գլոբալ մեծ ձեռքբերումների մասին խոսելը դեռ վաղ է»։

Նրա կարծիքով՝ հայության համար ավելի ձեռնտու է, որպեսզի Սիրիան մնա միասնական։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031