Բաժիններ՝

«Դելոյթ Ընդ Տուշ» ընկերությունն ավարտել է հաշվետվության 3-րդ փուլը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունն ավարտել է «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրով նախատեսված ուսումնասիրության 3-րդ փուլը և ներկայացրել է հաշվետվությունը։

Ընկերությունը վերլուծել է էներգամատակարարման հուսալիության մակարդակը (սարքավորումների մաշվածություն, խափանումների, վթարների, անջատումների քանակ) և գնահատել է էներգամատակարարման հուսալիության մակարդակի նվազեցման ռիսկերը ներդրումների առկա միջոցների շրջանակներում, նաև առաջարկություններ է ներկայացրել՝ ուղղված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (2016-2036թ.) զարգացման ուղիների» ծրագրի բարելավմանը:

Ընկերությունը նշում է, որ ծրագիրը ոլորտի միջնաժամկետ կառավարման համար օգտակար գործիք դարձնելու համար ելակետային չափորոշիչների արդիականացումը և ցանցային բաղադրիչը հաշվի առնելը բավարար չէ: Դրա գործիքակազմը պետք է ընդլայնել՝ նախատեսելով էներգահամակարգի ցուցանիշների հուսալիության վերլուծություն և բոլոր հայտանշված ծրագրերի թվային տեսքով ներկայացում՝ առևտրային և բյուջետային արդյունավետության տեսանկյունից «Դելոյթ Ընդ Տուշն» առաջարկում է թարմացնել ելակետային տվյալները՝

1. Արդիականացնել ՀՆԱ աճի կանխատեսումները և արտադրող ընկերությունների ծախսերն ըստ 2015-2016թթ. համար հաստատված հայտերի

Կարդացեք նաև

2. Մշակել ելակետային և կանխատեսումային չափորոշիչների կանոնավոր թարմացման մեխանիզմը

3. Հաշվարկներում ներառել շուկայի մասնակիցների արդիական ներդրումային ծրագրեր, ինչպես, օրինակ, ՀԷՑ-ի կորուստների նվազեցման ծրագիր, Որոտանի ՀԷԿՀ-ի հզորությունների արդիականացում, ՄԷԿ-ի կապիտալ ներդրումների մեծացում (սեյսմակայունության մեծացում): Համակարգի քանակային բնութագրիչները (կորուստների նվազեցում, ՕԳԳ մեծացում և այլն) թարմացնել՝ հաշվի առնելով այդ ծրագրերը:

Էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը հաշվարկելու համար ընկերությունն առաջարկում է հաշվարկներում ներառել դրամի՝ այլ արտարժույթների նկատմամբ փոխարժեքի դինամիկան և սղաճը (առնվազն) կարճաժամկետ կտրվածքով՝ հիմք ընդունելով միջազգային ճանաչված գործակալությունների (GI, EIU, IMF, World bank) տվյալներ, գործառնական և ներդրումային ծախսերը փոխկապակցել դրանց արժութային բաղկացուցիչին (դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի), ինչպես նաև հաշվի առնել կարգավորվող ընկերությունների շահույթը և մաշվածությունը, հաշվարկները լրացնել էլեկտրացանցային (ԲԷՑ, ՀԷՑ) և ենթակառուցվածքային (Օպերատոր, Հաշվարկային կենտրոն) ընկերությունների ծախսերով, վերլուծել ներդրումների ծավալների/գործառնական ծախսերի և էներգահամակարգի հուսալիության կապակցվածությունները, հաշվարկներում ներառել էներգահամակարգի հուսալիության ցուցանիշներ, և այլն:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ում խորհրդատվություն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցել էին 2 ընկերություններ՝ Մաքքենզի ընդ Քոմփանի (McKinsey & Company) և Դելոիթ Քնսալթինգ (Deloitte Consulting): Հաղթող Դելոիթ Քնսալթինգն աշխատանքը պետք է իրականացներ 3 փուլով: Այս աշխատանքների համար ՀՀ կառավարությունը «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերությանը վճարելու է 230 հազար դոլար՝ ըստ փուլերի՝ համապատասխանաբար՝ 120 հազար 750 դոլար, 74 հազար 750 դոլար և 34 հազար 500 դոլար:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս