Ելքն այն է, որ մենք կախված չլինենք միայն Ռուսաստանից
Մեր զրուցակիցն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը
– Պարոն Մխչյան, այս տարվա սկզբից արտահանողները լուրջ խնդիրներ ունեցան, ընդհանուր առմամբ տարին ինչպե՞ս կբնորոշեք:
– Չստացված տարի էր, որոշ բնագավառներում, մասնավորապես՝ գյուղատնտեսական, մի փոքր հաջողություն ունեցանք մրգի տեսանկյունից, բայց թեթև արդյունաբերության և սննդի արդյունաբերության մեջ հիմնականում ոչ մի հաջողություն չենք արձանագրել, սկսած խմիչքներից, գինիներից, վերջացրած Հայաստանում արտադրվող մյուս ապրանքներով, Ռուսաստանի այս ծանր իրավիճակում չկարողացան ոչ մի լավ արդյունք գրանցել: Կարող եմ ասել, որ այսօր բավականին լուրջ, ծանր իրավիճակի առաջ ենք գտնվում, այս տարի մեր առաջին տարին էր ԵՏՄ անդամության, և գլխավոր երկու հարցը, որ ես բարձրացրել էի, մինչ օրս չեն լուծվել:
Առաջինը՝ ավելացված արժեքի հարկի խնդիրն է, երկրորդը՝ Լարսում առանձին կանաչ ուղի ունենալու խնդիրն է: Այս երկու հարցն էլ առկախված են մնում, և այդ երկուսից շատ մեծ բան է կախված: Եվ, ինչո՞ւ չէ, Ռուսաստանի տնտեսության համար պետք է աղոթենք և մոմ վառենք, որ այն վերակենդանանա, և մենք գործ ունենանք:
– Գործարարների հետ ամանորյա հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը, որի համար արդեն լավ հիմքեր են դրվել, և արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Համամի՞տ եք, զգո՞ւմ եք այդ արդյունքները:
– Գիտեք, ես էլ էի ներկա այդ հավաքին և իմ ականջներով եմ լսել պարոն Սարգսյանի այդ խոսքերը, բայց համամիտ եմ այնքանով, որ իրենք մտածում են, որ եթե Եվրամիության հետ պայմանագիրը կնքեցին՝ հարթակ ստեղծեցին: Բայց առկա մնացած դժվարություններն իրենցից կախված չեն, և մեզանից էլ կախված չեն, այսինքն՝ և՛ մեր, և՛ իշխանությունների ուժերից վեր է: Այսօր ոչ մեկը թող գլուխ չգովի, որ իրենք ամեն ինչ շատ ճիշտ և շատ լավ են արել: Այստեղ իրենք ընդամենը հարթակն են ստեղծել, պարոն նախագահը դա ի նկատի ունի, որ այդ հարթակը կա, հիմքերը դրված են, և մնում է աշխատանքը: Այո, մնում է աշխատանքը, և, երբ Ռուսաստանը կառողջանա, ռուբլին կկայունանա, մենք կսկսենք արտահանումներ ունենալ:
Բայց այս տարվա մեջ ամենացավալի բանը, որ մենք արձանագրեցինք, դա Ռուսաստանից ներմուծումներն էին, որ ահռելի մեծ քանակությամբ սկսվեցին տարբեր տեսակի ապրանքներ ներմուծել և նույնիսկ սկսեցին նեղել մեր տեղական արտադրողին: Սա ամենամեծ հարվածներն էր մեր տնտեսությանը: Գուցե որոշ մարդկանց շահավետ էր այդ գործարքների մեջ մտնել, բայց շատ մարդկանց էլ ձեռնտու չէր դա: Եվ այսօր ես գետնի վրա զգում եմ դրա վնասները: Այդ վնասները բերեցին նրան, որ, երբ հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից սկսեցին ալյուր և ցորեն մուտք անել Հայաստան, այսօր Հայաստանում անհրաժեշտ քանակությամբ ցորեն չկա արդյունաբերության մեջ օգտագործելու համար, օրինակ՝ բլղուր, ձավար արտադրելու համար այսօր ՀՀ-ում ցորեն գոյություն չունի: Եթե մենք չպաշտպանենք մեր տեղացի արտադրողին և գյուղացուն, ինքը չի ցանելու այլևս, որովհետև, եթե 1-2 անգամ վնասվեց, նա այլևս չի ցանի և չի արտադրի:
– Եվ արտագաղթի ուղի՞ն կբռնի:
– Իհարկե, բնականաբար, արտագաղթի ուղին կբռնեն, և եթե այսօր ամեն տարի 50 հազար մարդ է գնում, ավտոմատ կերպով դրան կգումարվեն նոր մարդիկ, այսինքն՝ 50 հազարը կդառնա 60, 70 հազար: Այդ ամենի ամենավախենալու հետևանքը սա է:
– Ի՞նչ եք կարծում՝ հաջորդ տարի ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ, իրավիճակը կփոխվի՞, թե՞ բացասական միտումները կշարունակվեն:
– Գիտեք, այդ հավաքի ժամանակ մի քանի գործարարներով իրար հետ շատ խոսում էինք, որ այսօրվա դրությամբ ամենաահավոր բանն այն է, որ մենք չենք կարողանում կանխատեսել վաղվա օրը: Այնպիսի իրավիճակ է, որ մենք ի զորու չենք, մարդկային ուղեղը, տրամաբանությունը չի բավականացնում, որ մարդ նստի, մտածի, թե վաղն ինչ կլինի, որովհետև դարձել ենք անկանխատեսելի մի իրավիճակի գերի, և մենք չգիտենք՝ վաղն ի՞նչ կլինի, սահմանին արդյոք լարվածությունը ո՞նց կլինի, պատերազմ կսկսվի՞, թե՞ չի սկսվի: Այս ամեն ինչը չի թողնում մարդուն կարողանալ պլանավորել իր գործերը և մտածել վաղվա օրվա մասին, և թեկուզ գլոբալ առումով՝ եկող տարվա մասին:
– Բայց Սերժ Սարգսյանը խոսում էր, որ կայունություն կա երկրում:
– Նախագահի շեշտած կայունությունը զուտ ազգային արժույթի վերաբերյալ է, որովետև այս մի քանի օրը շատ աղետալի բաներ են տեղի ունեցել Ադրբեջանում, Ղազախստանում: Իրենց ազգային արժույթների տապալում է տեղի ունեցել մինչև 50-60%: Նախագահը՝ կայունություն ասելով, իմ կարծիքով, դա էր մատնանշում, և այդ տնտեսության կայունությունը կամ անկայունությունը նորից մեզանից կախված չէ:
Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը մի նոր ուժեղ ցնցում տեղի ունենա Ռուսաստանում, և մենք հայելու նման նորից կլանենք այդ բացասական հետևանքները: Դրա համար այսօր մեր կայունությունը միայն մեզնից կախված չի: Ես չգիտեմ, եթե դեկտեմբերից դեկտեմբեր նախագահը նշում է, որ կայունություն է տեղի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ հունվարին չի կարող ինչ-որ մի բան տեղի ունենալ, կամ առաջիկա մի քանի օրերին մենք այսպես կայուն կգնա՞նք: Ես չգիտեմ:
– Եթե տնտեսության ծավալները հետզհետե փոքրանում են, արտագաղթը չի պակասում, եթե չասենք, որ ավելանում է, ապա, ըստ Ձեզ, այս իրավիճակը մեզ ո՞ւր է տանում:
– Մեզ տանում է ոչնչացման, մեր թշնամիների նպատակների իրականացման, մեր հողերը դատարկ կմնան, և իրենք՝ առանց որևէ դիմադրության, կկարողանան գրավել մեր երկիրը:
– Ելքը ո՞րն է:
– Ելքն այն է, որ մենք կախված չլինենք միայն Ռուսաստանից, փորձենք ուրիշ ելքեր գտնել: Մոտ 2 ամիս առաջ ԵՄ-ն ևս մեկ անգամ ապացուցեց իր բարի նպատակները և մեզ ընդգրկեց իր մեծ ծրագրերից մեկի մեջ՝ GSP+, որ 6200 հայկական ապրանք առանց մաքսատուրքի կմտնեն Եվրոպա: Ինչո՞ւ ենք մենք գլուխներս ջարդում՝ միայն «Ռուսաստան, Ռուսաստան» ասելով: Եկեք փորձենք Եվրոպա մտնենք, փորձենք նոր շուկաներ նվաճենք: Պետք է ուսումնասիրենք, իսկ մենք մեր տեղը նստած՝ ուզում ենք ինչ-որ մի բան անենք ու արտահանենք, չի լինում այդպես: Պետք է ուսումնասիրել շուկաները և գտնել համապատասխան ապրանքներ և ռիսկ անել: Միգուցե հաջողության հասնենք ու չկախվենք ընդամենը Ռուսաստանի գործոնից: Այսօր ինձ թվում է, որ մենք կրում ենք ռուսական տնտեսության ցանկացած վայրիվերումների հետևանքը: Մենք պետք է չլինենք այդպես, և այն ժամանակ կլինենք շատ կայուն: