Բաժիններ՝

Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել են փող պոկել Ռոբերտ Քոչարյանից՝ Գառնիկ Իսագուլյանի միջոցով. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական նշանակված, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտը բաժանվել է երկու մասի. ՀԱԿ-ը և մի քանի այլ կուսակցություններ առաջարկում են պատրաստվել 2017թ., որպեսզի ավելի արդյունավետ պայքարեն ընտրակեղծիքների դեմ, իսկ «Նոր Հայաստանը» կարծում է, որ իշխանության հարցը պետք է լուծել հեղափոխական ճանապարհով, քանի որ հանրաքվեն ևս ապացուցեց, որ Հայաստանում ընտրություններ չեն լինում: Ըստ Ձեզ՝ պայքարի որ մեթոդն է առավել արդյունավետ:

– Կարող եմ ասել, որ իսկապես լավագույն տարբերակը այն կլինի, որ մենք պատրաստվենք ընտրություններին և ընտրությունների միջոցով լուծենք այն հարցերը, որոնք կապված են իշխանության, իշխանության փոփոխության հետ: Մենք ամեն անգամ բաց ենք թողնում մեզ տրված լավագույն հնարավորությունը հասնելու թեկուզ ինչ-որ տեսանելի արդյունքի: 2013թ. նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի կողմից առաջարկ արվեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, նա կարող էր վերցնել այդ նախաձեռնությունը և առաջ տանել գործընթացը, բայց նա մերժեց այդ առաջարկը և հնարավորությունը:

Հիմա Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց մի մասը մտել է ուժի մեջ, մյուսները կմտնեն հետո, և իմաստ չունի անդրադառնալ անցյալին: Հանրաքվեից անմիջապես հետո ընդդիմությանը առաջարկ արվեց մասնակցելու Ընտրական օրենսգրքի մշակմանը, և եթե ընդդիմությունը չկարողանա ընդհանուր հայտարարի գալ նաև այս հարցում, ապա մենք տեսնելու ենք ընդդիմության հերթական ձախողումը: Ընդդիմությունը պետք է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, միասնաբար պետք է գան և պայքարեն ավելի լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար:

Պետք է պայքարել ունենալու այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը 2017թ. կբացառի ընտրակեղծարարության ցանկացած դրսևորում: Իսկ երբ ասվում է, որ այս Սահմանադրությունը գրվել է իշխանության վերարտադրությունը պահովելու համար, ապա այդ պնդումը ևս շատ վիճելի է, որովհետև դա կախված է բացառապես ընդդիմությունից, կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ընդդիմությունը:

– Պարոն Իսագուլյան, չնայած Դուք ասում եք, որ հանրաքվեն անցել է, և իմաստ չունի անդրադառնալ անցյալին, սակայն ուզում եմ Ձեզ անցյալի հետ կապված մի հարց տալ: Որքանո՞վ են ճիշտ խոսակցությունները, որ «Նոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ Ձեզ առաջարկել են 2 միլիոն դոլար բերել, որի դեպքում միայն նրանք կհամաձայնվեն, որ Դուք ևս միանաք այդ միավորմանը:

– Ես չգիտեմ, թե ում մտքով կանցներ Իսագուլյանից 2 միլիոն դոլար պահանջել՝ այն դեպքում, երբ ես կյանքում ոչ մի տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվել: Բայց որ եղել է որոշակի առաջարկ, որ որոշ մարդիկ ասում էին, թե իմ համար կբարեխոսեն, թե ինչի համար պետք է բարեխոսեն՝ ես էլ չգիտեմ, որ ես դառնամ այդ միավորման անդամ, դա փաստ է: Իրենց համար մեծ պատիվ պետք է լիներ իմ ներկայությունը այդ դաշինքում, մեծ պատիվ պետք է լիներ, որ ես համաձայնվում եմ իրենց հետ նստել:

Տեսեք՝ խորհրդային քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը ոչինչ չեն ասում նրա դեմ, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը լինի այդ կառույցում, իսկ ինչ-որ մարդիկ գալիս ասում են, որ եթե ուզում ես լինել այդ կառույցում, պետք է անես այս, այս բաները: Ես այդ ժամանակ հասկացա, որ «Նոր Հայաստան» կոչվածը ոչ թե սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող կառույց է, այլ բիզնես պրոյեկտ:

– Երբ Ձեզ 2 միլիոն դոլար բերելու առաջարկ արվեց, Դուք չհարցրեցի՞ք, թե որտեղից պետք է բերեք այդ գումարը, երբ Դուք ինքներդ միլիոնատեր չեք:

– Այդ հարցը առաջարկ անողներին պետք է տաք, չնայած ես չեմ հաստատում, որ նման առաջարկ եղել է:

– Իսկ հնարավո՞ր է, որ առաջարկի հեղինակները նկատի են ունեցել, որ այդ գումարը Դուք պետք է վերցնեիք Ռոբերտ Քոչարյանից, ում հետ ինչ-որ հարաբերություններ և շփումներ ունեք, և ով նույնպես հանդես էր գալիս սահմանադրական փոփոխությունների դեմ:

– Ես շփումներ և հարաբերություններ ունեմ նաև ՀՀ գործող նախագահի հետ և ԼՂՀ նախագահի հետ…

– Բայց նրանք սահմանադրական փոփոխությունների հակառակորդներ չեն:

– Ես, իհարկե, չեմ ընդունում ձեր ասածը, որ ինձ առաջարկվել է գումարի հարց լուծել, բայց պետք է նկատի ունենալ մի բան, որ այս երկրում կան մարդիկ, ովքեր երբեք առևտրի մեջ չեն մտնում, նրանց կենսագրությունը դա թույլ չի տալիս: Ինձ բազմաթիվ առաջարկներ են արվել, բայց ես ընդունել եմ ամենահամեստը, ընդունել եմ, որպեսզի թեկուզ շատ չնչին լումա ներդնեմ Լեռնային Ղարաբաղի կայացման, հզորացման գործում: Ես եկել եմ այստեղ հանուն նպատակի, հանուն համոզմունքի: Նույնը ընտրության դեպքում. ոչ մի փող պետք չի հաղթելու համար, եթե դու գնում ես համոզմունքով, գնում ես նվիրումով:

Բայց երբ տեսնում ես որ համոզմունք չկա, կա կոմերցիոն ծրագիր, որ այսքան փող դնենք՝ սա կլինի, այսքան դնենք՝ սրան կհասնենք, այ այդտեղ է, որ քաղաքականությունը դառնում է անբարոյականություն: Երբ գիտես, որ իրենց համար պետք է պատիվ լինի քո հետ նույն սեղանի շուրջ նստելը, իսկ քեզ համար անպատվություն, բայց դու այնուամենայնիվ համաձայնվել ես, համաձայնվել ես հանուն ընդհանուր նպատակի, ու մեկ էլ քո առաջ ինչ-որ պայմաններ են դրվում, դու ստիպված ես լինում ասել, որ չես կարող մասնակից լինել անբարոյականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս