
«Մեր սննդակարգը բնորոշ է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին». Արմեն Պողոսյան

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի գների թանկացումն ավելի մեղմ է. «Օրինակ՝ ընդեղենը զգալիորեն էժանացել է, մյուս ապրանքներն էլ քիչ են թանկացել: Թե ինչով է բացատրվում` չեմ կարող ասել: Բայց եկեք գների թանկացումը ոչ թե փոքր ինտերվալով նայենք, այլ՝ մեծ. եթե նայում ենք 2 տարվա ինտերվալով, ապա ապրանքների գները թանկացել են 18%-ով, իսկ սնունդը թանկացել է 21%-ով, բուժսպասարկումը՝ 28%»:
Նա ընդգծեց՝ այս տարվա բյուջեում արդեն նախատեսված է, որ աշխատավարձերը, թոշակները, նպաստները չեն աճելու, և ըստ նրա՝ հիմնական խնդիրը գների թանկացումը չէ, այլ այն, որ եկամուտները պետք է առաջանցիկ տեմպով բարձրանան, իսկ գների թանկացումը ոչ ոք չի կարող զսպել:
«Մեր սննդակարգում (միջին քաղաքացու) 20%-ը կազմում են հացն ու մակարոնեղենը, այս ցուցանիշն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Սա բնորոշ է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Քաղաքակիրթ աշխարհում, եթե ընտանիքի եկամուտների 25%-ից ավելին գնում է սննդին, դա համարվում է աղքատության շեմ, իսկ մեզ մոտ մոտ 60% է գնում սննդին: Իհարկե, կա մի շերտ, որ նման խնդիր չունի, բայց բնակչության 80%-ի մոտ այդ խնդիրը կա»,-նշեց նա:
Ա. Պողոսյանն ամփոփելով ասաց, որ մեր սննդի որակը շատ է լավացել. «Իհարկե, թերություններ կան, բայց դրանք առանձին դեպքեր են։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է ու թերություններ չկան, քանի որ մախինացիաներ էլ են արվում, ժամկետներն են կեղծվում և այլն»: