Ծառուկյանը քաղաքականությունից հեռացրեց Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին
2015 թվականը Հայաստանում հագեցած էր ներքաղաքական զարգացումներով: Ընդ որում, զարմանալի խորհրդանշականությամբ անցած քաղաքական տարին սկսվեց և ավարտվեց առաջին հայացքից իրար հետ ուղղակի կապ չունեցող, սակայն բովանդակությամբ օրգանապես կապված երևույթներով: Փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացվեց քաղաքականությունից և նվիրվեց հայրենի սպորտին ու «բարեգործությանը»:
Ծառուկյանը, հիշեցնենք, ընդհուպ մինչև փետրվարի 12-ը գլխավորում էր քաղաքական հայտնի եռյակը, հանդես էր գալիս իշխանության դեմ, և, որ, նույնքան կարևոր էր իշխանության համար՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Այդ ժամանակ իշխանությունների՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ էին թվում, քանի որ Ծառուկյանի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով բավական մեծ ալիք բարձրացրած խորհրդարանական ընդդիմադիր ուժերի եռյակը խոստանում էր անզիջում պայքար մղել այդ փոփոխությունների դեմ: Բայց հանկարծ անզիջում Ծառուկյանը միանգամից զիջեց դիրքերը և հեռացավ քաղաքականությունից:
Փետրվարի 13-ին արդեն ակնհայտ էր, որ իշխանությունն անարգել անցկացնելու է սահմանադրական փոփոխությունները, ինչը և տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում: Իհարկե, հանրաքվեն անցավ խայտառակ ընտրակեղծիքներով, սակայն որպես քաղաքական ակտ՝ այն կայացավ: Դա, կրկնում ենք, հազիվ թե տեղի ունենար, եթե չլիներ փետրվարի 12-ը: Ծառուկյանի խնդիրը լուծելով, սակայն, Սերժ Սարգսյանը լուծեց ոչ միայն կամ գուցե ոչ այնքան՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը: Ծառուկյանի հեռացմամբ Սերժ Սարգսյանը մնաց իշխանության:
Քանի որ Ծառուկյանն ընդամենը խաղի երևացող ֆիգուրն էր և իրականում հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական և Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական հովանավորությամբ: Ծառուկյանի ծախսած ռեսուրսներից սեփական էին միայն ֆինանսական ռեսուրսները, ինչը կտրելու իշխանության սպառնալիքն էլ բավական եղավ Ծառուկյանին խաղից հանելու համար:
Բայց Ծառուկյանին խաղից հանելով՝ Սերժ Սարգսյանը խաղից հանեց նաև Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր իրենց հաշվարկներն ունեին՝ եռյակի գործունեության հետ կապված: Ամենագլխավոր հաշվարկը Ռոբերտ Քոչարյանինն էր. Ծառուկյանի միջոցով տապալել սահմանադրական փոփոխությունները և պահպանել կիսանախագահական համակարգը՝ 2018 թվականին վերադառնալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանն այս խաղից ստանալու էր միջանկյալ կամ միջնորդի դիվիդենտներ, քանի որ հայտարարել էր՝ տարիքի պատճառով անձամբ այլևս չի առաջադրվելու՝ որպես նախագահի թեկնածու:
Ծառուկյանի հեռացումից հետո Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, զենքերը վայր դրեց, նա տարվա ընթացքում հանդես եկավ ընդամենը մի քանի հարցազրույցներով, ժանրի կանոնները պահպանելու համար քննադատեց իշխանություններին, և վերջ: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մնաց նույն ամպլուայի մեջ, սակայն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, երկու անգամ Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրեց և մերժվեց:
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ծառուկյանի միջնորդությամբ ձևավորված դաշինքը, որ թվում էր հաղթական, որ թվում էր իշխանությանը սպառնացող իրական վտանգ, հօդս ցնդեց Սերժ Սարգսյանի մի ելույթով:
Այդ ելույթով Սերժ Սարգսյանը, ըստ էության, քանդեց «երեք նախագահների եռանկյունին», որի վրա խարսխված էր Հայաստանի քաղաքական համակարգը: Եռանկյունուց մնաց միայն Սերժ Սարգսյանը, ով, եթե ժամանակին իշխանությունից հեռանալու պատրաստակամություն էր հայտնում, ապա դեկտեմբերի 6-ից առաջ պարզորոշ հայտարարեց, որ այլևս նման մտադրություն չունի:
Դժվար է ասել՝ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե առաջին և երկրորդ նախագահների դաշինքն ընդդեմ երրորդ նախագահի միջնորդավորված չլիներ Ծառուկյանի անձով կամ խարսխված չլիներ Ծառուկյանի ու նրա ֆինանսական-կուսակցական համակարգի վրա: Փաստն այն է, որ իր խոցելիությամբ Ծառուկյանը փրկեց Սերժ Սարգսյանին:
2015 թվականը, ըստ էության, կրիտիկական տարի էր գործող իշխանության ու Սերժ Սարգսյանի համար: Նա կամ կորցնելու էր իշխանությունն ամբողջությամբ, կամ ստանալու էր իշխանության մեջ տևական ժամանակ մնալու հնարավորություն: Տեղի ունեցավ երկրորդը: Այս տարի Սերժ Սարգսյանը զբաղվելու է իշխանության «վերաֆորմատավորման» տեխնիկական աշխատանքներով, իսկ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը, լավագույն դեպքում, հանդես են գալու ինքնահարցազրույցներով: