«Դրա մեջ հանցանքը ո՞րն է: Եթե մարդուն չես թողնում ինքնասպան լինի, հանցա՞նք ես կատարում». Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ
Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը քննող դատավորը մերժեց մեղադրողին հայտնված բացարկի միջնորդությունը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց իր որոշման պատճառաբանական մասի մի հատվածը, որում նշել էր, որ միջնորդությունների ուսումնասիրությունը հանգեցնում է դատողության, որ բացարկի հարցի քննարկումը տվյալ դեպքում առավելապես կապված է մեղադրողի, նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վերաբերյալ նրա կողմից տրված գնահատականների կամ որոշ միջնորդությունների վերաբերյալ գնահատականների պատճառաբանություն չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ, և համապատասխան միջնորդություններում նշված պատճառաբանություններին անդրադառնալու դեպքում պետք է անդրադարձ կատարվի նաև գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին:
Մինչդեռ, ըստ դատարանի, դատական քննության նախապատրաստական փուլում դատարանի կողմից ապացույցներին գնահատական տալն առանց դատական նիստում դատաքննությամբ դրանք հետազոտելու, կողմերի կարծիքն այդ կապակցությամբ լսելու՝ կխախտի մրցակցության, դատական քննության հրապարակայնության և դատարանի անկողմնակալության սկզբունքները, քանի որ ապացույցների գնահատումը դատարանն իրականացնում է հաջորդող փուլերում կողմերի մրցակցության, հրապարակայնության պայմաններում՝ դրանք դատաքննությամբ հետազոտելուց հետո: Տվյալ դեպքում այս փուլում ապացույցների, փաստական հանգամանքների գնահատումն այդ կոնտեքստում կամ համատեքստում դատախազին հայտնած բացարկի հարցի քննարկումը կնշանակի՝ մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշման արտահայտում, ինչն էլ օբյեկտիվ հիմքեր կարող է ստեղծել պնդելու, որ դատարանը մասնավորապես, ի սկզբանե տվյալ գործով որոշակի նախատրամադրվածություն է ունեցել. այդ հարցը հանդիսանում է դատական քննության առարկա և դատարանի կողմից տվյալ փուլում չի կարող քննարկվել և գնահատվել: Դատարանը հանգել էր եզրահանգման, որ այս համատեքստում ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Դավիթ Դավթյանին ու Արթուր Զարաֆյանին: «Մեղադրական եզրակացությունը կազմած քննիչը, տեսնելով, որ վերջիններիս ցուցմունքները հակասում են իր կողմից առաջադրված մեղադրանքին, դատակոչի ենթակա անձանց ցուցակում չի նշել նրանց անունները՝ ցանկանալով ամրապնդել իր կողմից առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրել 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Լրացուցիչ հարցաքննության ընթացքում կպարզվի այն հանգամանքը, թե Մովսես Ազարյանը Տիգրան Մանասերյանին ծեծի ենթարկե՞լ է, թե՞ ոչ, որն էական նշանակություն կարող է ունենալ գործի համար»: Պաշպանական կողմը չառարկեց միջնորդության դեմ: Մեղադրողը թողեց դատարանի հայեցողությանը, Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը ևս չառարկեց միջորդության դեմ:
Մեղադրողը միևնույն ժամանակ հայտարարեց, որ այս նույն դեպքի հետ կապված Դավիթ Դավթյանին և Արթուր Զարաֆյանին առնչվող քրեական գործ է հարուցվել, առանձնացվել է առանձին վարույթ, գործը գտնվում է նախաքննության փուլում: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Դավիթ Դավթյանին և Արթուր Զարաֆյանին հրավիրել՝ որպես վկա:
Մեղադրող Հայկ Հարոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որը ձևակերպված է հետևյալ կերպ. «Գնել Թևոսյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:03-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին գումարտակի 1-ին մարտկոցի թիվ 408 ննջասենյակում առանձին դաժանությամբ մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանել է Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Այսպես, Գնել Զարմիկ Թևոսյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին գումարտակի 1-ին մարտկոցի 112-րդ դասակի 1-ին ջոկի կուրսանտ, կոչումով շարքային, համածառայողներ, նույն գումարտակի կուրսանտներ, շարքայիններ Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով, ունենալով խեղաթյուրված պատկերացումներ անձնական ազատությունների սահմանների մասին, նույն ստորաբաժանման թիվ 408 ննջասենյակում ննջող համածառայողների ներկայությամբ բացահայտ մարտահրավեր նետելով հասարակական և զինվորական ծառայության սահմանված կարգին, համածառայողների և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերմամբ, իրենց պատկերացմամբ հետագայում ծառայության համար հեշտացված պայմաններ ստեղծելու, համածառայողների կամքի վրա ներազդելու և վախի մթնոլորտ սերմանելու, սեփական անձի ենթադրյալ առավելությունները և գերակայությունն ընդգծելու չնչին շարժառիթներով, փոխադարձ լրացնելով միմյանց գործողությունները և իրագործելով համածառայող Հայկազ Բարսեղյանին ապօրինի կյանքից զրկելու ընթացքում կիրառվող առանձին դաժան բնույթ կրող, միասնական դիտավորությամբ ընդգրկված շարունակական առանձին գործողությունները, բռնել են անկողնում պառկած Բարսեղյանի ոտքերը և ձեռքերը, ձեռքի ափով փակել են բերանը, ապա սուր կտրող գործիքով կտրել Բարսեղյանի աջ նախաբազկի վերին երրորդականը, արմնկափոսում տեղակայված երակը:
Օգտվելով իրենց իսկ գործողություններով պայմանավորված՝ ննջարանում գտնվող թվով 6 կուրսանտների մոտ առաջացած սարսափի հետևանքով Բարսեղյանի կյանքը փրկելու կամ այլ կերպ օգնություն ցույց տալու անզորության գիտակցմամբ պայմանավորված անգործությունից, Բարսեղյանի՝ կտրած երակից արնահոսելու պայմաններում, գիտակցելով, որ իրենց գործողություններն առանձնահատուկ հոգեկան տառապանք և ֆիզիկական տանջանքներ են պատճառում Բարսեղյանին, նրան առանձին տառապանք պատճառելու դիտավորությամբ շարունակելով խոշտանգումները, Վաչե Սահակյանի ու Մովսես Ազարյանի կողմից Բարսեղյանի ոտքերը բռնած լինելու պայմաններում՝ Նորիկ Սահակյանի հետ հարվածներ են հասցրել Բարսեղյանի կրծքավանդակին և դեմքին՝ շարունակելով սառնաստորեն փակել բերանը, սեղմելով պարանոցը, կոտրել են Բարսեղյանի ենթալեզվակային ոսկրը:
Տեսնելով, որ իրենց գործողությունների հետևանքով Բարսեղյանն այլևս կորցրել է դիմադրելու և սեփական կյանքի համար պայքարելու ունակությունը, համոզված չլինելով նրա՝ սպանված լինելու հանգամանքում, խմբի անդամներով Բարսեղյանի ներկայությամբ սկսել են քննարկել նրան պատշգամբից ցած նետելու կամ կախելու միջոցով սպանությունը որպես ինքնասպանություն նմանակելու հարցը, որից հետո Նորիկ Սահակյանի հետ հագցրել են Բարսեղյանի հագուստները և խմբի անդամներով վերջինիս տեղափոխել են զորամասի մարզահրապարակ, որտեղ քուղերով նախապես պատրաստված օղակով պարանոցից կախել են արդեն իսկ իրենց գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Բարսեղյանին՝ փորձելով տեղի ունեցածը ներկայացնել՝ որպես ինքնասպանություն»:
Բացի այդ` Գնել Թևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ լսարանը թերի մաքրելու պատճառով նույն լսարանում ծեծի է ենթարկել կուրսանտ Տիգրան Մանասերյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մաս): Գնել Թևոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը պարզ և հասկանալի է, իրեն մեղավոր չի ճանաչում:
Սպանության մասով գործով մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը շարադրված էր նույն կերպ: Բացի սպանության մեղադրանքից` ամբաստանյալ Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. սեպտեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին չնչին առիթով` իր հետ կոպիտ խոսելու համար, իր մոտ գտնվող եղունգկտրիչով հարվածել է շարքային Տիգրան Մանասերյանի գլխին` պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջադրված մեղադրանքում Նորիկ Սահակյանն իրեն մեղավոր չճանաչեց. «Ես մեղավոր չեմ ճանաչում ինձ»:
Բացի սպանության մեղադրանքից` ամբաստանյալ Վաչե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերի 16-ին շարքում խոսելու համար նույն մարտկոցի կուրսանտ Տիգրան Մանասերյանին դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո համածառայողներ, նույն գումարտակի կուրսանտներ Մովսես Ազարյանի և Վարազդատ Սաֆարյանի հետ մի խումբ անձանցով ծեծի են ենթարկել Տիգրան Մանասերյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):
Վաչե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ մի խումբ անձանցով 2015թ. հունվարի 25-ին` երեկոյան ժամերին, համածառայակցի հասցեին արատավորող տեղեկություններ հայտնելու և հետագայում դրանց հավաստիությունն ապացուցել չկարողանալու պատճառով ծեծի են ենթարկել նույն մարտկոցի կուրսանտ Հարություն Ալեքսանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Վաչե Սահակյանը մեղադրվում է նաև այն բանի համար, որ 2015թ. հունվարի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, մարտկոցի զորանոցի միջանցքում բռնի գործողություններ կատարելով՝ քաշել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս): Սպանության հոդվածով առաջադրված մեղադրանքում Վաչե Սահակյանն իրեն մեղավոր չճանաչեց, Տիգրան Մանասերյանի և Հարություն Ալեքսանյանի մասով մեղադրանքն ընդունեց մասամբ` ասելով, որ նշվում է, թե դա կատարվել է մի խումբ անձանց կողմից, սակայն ինքը մենակ է եղել, իսկ բռնի գործողություններ կատարելով Հայկազ Բարսեղյանին քաշելու մեղադրանքը չընդունեց:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանը սպանության մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց: Նրան նաև մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերի 16-ին զորանոցի միջանցքում կուրսանտներ Վաչե Սահակյանի և Վարազդատ Սաֆարյանի հետ մի խումբ անձանցով շարքում խոսելու համար Վաչե Սահակյանի կողմից համածայակից Տիգրան Մանասերյանին արված դիտողությանը վերջինիս կողմից հակադարձելու կապակցությամբ ծեծի են ենթարկել Տիգրան Մանասերյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):
Այս մեղադրանքում ևս Մովսես Ազարյանն իրեն մեղավոր չճանաչեց: Նա մեղադրվում է նաև այն բանի համար, որ տեղականալով, որ համածառայող, շարքային Կարեն Բաղրամյանն ինքնասպանության վերաբերյալ մտքեր է արտահայտել, 2014թ. դեկտեմբերի վերջերին մարտկոցի զորանոցում ծեծի է ենթարկել Կարեն Բաղրամյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս): Մովսես Ազարյանն ասաց, որ ինքը նման դեպք չի հիշում, հնարավոր է՝ եղել է նման բան. «Դրա մեջ հանցանքը ո՞րն է, եթե մարդուն չես թողնում ինքնասպան լինի, հանցա՞նք ես կատարում` թեկուզ պահի տակ, պահի բերումով՝ կարող է մի ապտակ լինի, որպեսզի ուշքի գա»: Այդ հոդվածով մեղադրանքը նա չընդունեց: Մովսես Ազարյանը մեղադրվում է նաև այն բանի համար, որ նույն զորամասի կուրսանտների հետ մի խումբ անձանցով 2015թ. հունվարի 25-ին` երեկոյան ժամերին, համածառայակցի հասցեին արատավորող տեղեկություններ հայտնելու և հետագայում դրանց հավաստիությունն ապացուցել չկարողանալու պատճառով ծեծի են ենթարկել նույն մարտկոցի կուրսանտ Հարություն Ալեքսանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Այս մեղադրանքը ևս Մովսես Ազարյանը չընդունեց:
Մյուս դրվագով Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 26-ին` ժամը 21:00-ի սահմաններում, զորանոցում ծաղրուծանակի ենթարկելով համածառայող Տիգրան Դեմիրճյանին, թռել է նրա շալակը, որից հետո այդ կապակցությամբ վերջինիս կողմից նկատողություն ստանալով, բռնի գործողություններ կատարելով՝ քաշքշել և տետրով հարվածել է Տիգրան Դեմիրճյանի դեմքին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս): Այդ մեղադրանքը ևս Մովսես Ազարյանը չընդունեց:
Գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանին, ով սպանության մասին առնչություն չունի, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերի 16-ին շարքում խոսելու համար նույն մարտկոցի կուրսանտ Տիգրան Մանասերյանին Վաչե Սահակյանի կողմից դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո համածառայողներ, նույն գումարտակի կուրսանտներ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ մի խումբ անձանցով ծեծի են ենթարկել Տիգրան Մանասերյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Բացի այդ` Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս): Երկու հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց:
Մեղադրող Հայկ Հարոյանը միջնորդեց ապացույցների հետազոտումը սկսել տուժողների հարցաքննությունից, այնուհետև լսել վկաներին, հետազոտել քրեական գործում եղած մյուս ապացույցները, իսկ ամբաստանյալները հարցաքննվեն դրանից հետո: Հայկազ Բարսեղյանի հոր` Արկադի Բարսեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը համակարծիք էր մեղադրողի հետ: Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ մեղադրանքի կողմից առաջարկվող հաջորդականության պայմաններում զրկվելու են հրավիրված վկաներին ըստ էության հարցաքննելու հնարավորությունից: Այդ դեպքում վկաներին հարցաքննելիս հնարավորություն չեն ունենա հղում կատարել այլ ապացույցների, քանի դեռ դրանք չեն հրապարակվել: Նա միջնորդեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը` հրապարակել նյութերը, հարցաքննել տուժողներին, ապա՝ վկաներին, հետո միայն՝ ամբաստանյալներին: Պաշտպանական կողմը, բացի Վարազդատ Սաֆարյանի պաշտպանից, համակարծիք էին Հովիկ Արսենյանի հետ:
Դատարանը որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը` հետազոտել գործում առկա ապացույցները, հարցաքննել տուժողներին, վկաներին, ապա` ամբաստանյալներին: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանի հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն խոչընդոտներ են առաջանում վկաների, տուժողների հարցաքննության ընթացքում՝ այն պայմաններում, երբ չեն հետազոտվել գործի նյութերը: Այդ դեպքում կողմերն իրավունք չունեն մեջբերումներ կատարել չհետազոտված նյութերից, հարցեր տալ դրանցից, և այդ պայմաններում կողմերը զրկված են լինում լիարժեք հարցաքննություն իրականացնելու հնարավորությունից:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016թ. հունվարի 14-ին: