
ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ վերականգնելու նախադրյալներ չկան. Վրաստան

Վրաստանը դեռ չի տեսնում նախադրյալներ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այդ փուլում մենք չենք դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Այդ հարցը կարող է օրակարգում դրվել, եթե ձեռնարկվեն լուրջ քայլեր Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերականգնման հարցում»,- ասել է Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Այդ մեկնաբանությունն արվել է ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը դյուրացրել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը ու հայտարարել ապագայում վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին:
Վիզային ռեժիմը երկու երկրների միջևն հաստատվել է 2000 թվականին: 2008թ. սեպտեմբերի 2-ին Հարավային Օսիայում ռազմական հակամարտությունից հետո Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: