«Պարոն Լավրովի ներգրավվածությունը լրացնում է համանախագահների ակտիվ քննարկումները սեղանին գտնվող առաջարկների շուրջ». Ջեյմս Ուորլիք

«Գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան Նախագահներին նեղացնել տարաձայնությունների շրջանակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ օրերս Բեռնում կայացած հանդիպման արդյունքներին:

Նա նշեց, որ ավելի քան մեկ տարի հանդիպումներ չունենալուց հետո կարևոր էր, որ Նախագահները խոսեին դեմ առ դեմ ու հստակեցնեին իրենց դիրքորոշումները: «Կարծում ենք` դրական էր, որ նրանք քննության առան մի շարք հարցեր, այդ թվում՝ լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, և լուծման վերաբերյալ առաջարկները: Նախագահներն առանձնակի մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի վերաբերյալ և վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը»,- նշեց նա:

Սակայն համանախագահ Ուորլիքը մեր խնդրանքով պարզաբանեց նաև, թե որոնք են այն տարրերն ու ամենաբարդ թեմաները, որոնց շուրջ բանակցություններ սկսելու կոչ էր հակամարտող կողմերի նախագահներին ուղղել համանախագահն իր երևանյան ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման այն տարրերը, որոնց լուծում կարող են տալ միայն Նախագահները, վերաբերում են Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը: «Հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն ունեցան հստակեցնել իրենց դիրքորոշումները, և մենք հուսով ենք, որ գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան նրանց նեղացնել տարաձայնությունների շրջանակը, որ կա համաձայնագրի այս և այլ տարրերի մասով»,- տեղեկացրեց Ջեյմս Ուորլիքը:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ է իրեն հայտնի ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկների վերաբերյալ, որոնց մասին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, և արդյո՞ք Մինսկի խմբից առանձին գործընթաց է ծավալվել, Ուորլիքն արձագանքեց՝ ասելով, որ   համանախագահող երեք երկրներն էլ պաշտպանում են հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայումս բանակցվող առաջարկները:

«Պարոն Լավրովի ներգրավվածությունը՝ որպես համանախագահող երկրի արտգործնախարար, լրացնում է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների ակտիվ քննարկումները՝ սեղանին գտնվող առաջարկների շուրջ»,- ընդգծեց Ջեյմս Ուորլիքը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս