Հայաստանն ամբողջովին տրված է Ռուսաստանին
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը
– Պարոն Ենոքյան, տարին մոտենում է ավարտին, ի՞նչ կարելի է արձանագրել, ինչպիսի՞ն էր անցնող տարին։
– Անցնող տարում ամենակարևորը, հավանաբար, Ռուսաստանի ներքաշվելն էր սիրիական ճգնաժամի մեջ, և դրա հետ կապված` Ռուսաստանի արտաքին քաղաքական մեկուսացման ավելի խորացումը, դրա հետ միասին` նավթի գների անկումը, ինչը բերեց թե՛ քաղաքական վիճակի, թե՛, բնականաբար, նաև տնտեսական վիճակի վատթարացման, և դրա հետ միասին` տնտեսական վիճակի վատթարացման Հայաստանի Հանրապետությունում։
– Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչը կառանձնացնեք։
– Հայաստանի ներքաղաքական կյանքում մի դրվագ պետք է առանձնացնել` սահմանադրական հանրաքվեն և դրա հետ կապված մի քանի ածանցյալ արդյունքներ։ Այն, որ հանրաքվեի արդյունքներով պետք է անցներ նոր Սահմանադրությունը, ես կարծում եմ` ոչ ոքի համար դա կասկած չէր հարուցում, բայց զարմանալի էր նախ` արևմտյան արձագանքը դրան, որ բավականին կոշտ էր, սովորաբար միշտ լինում են ավելի մեղմ գնահատականներ, և երկրորդ` որպես երկրորդական արդյունք, պետք է նշել հիմնական ընդդիմության փոփոխությունը։ Այսինքն` եթե մինչև հիմա որպես հիմնական ընդդիմադիր` մենք ընկալում էինք Հայ ազգային կոնգրեսին, ապա կարծես թե կամաց- կամաց դրա տեղն ընդդիմադիր հարթակում և ընդդիմադիր դաշտում սկսում է զբաղեցնել «Նոր Հայաստանը»։
– Պարոն Ենոքյան, տարվա վերջն էլ կարևորվեց ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով և կոշտ քննադատությամբ։
– Այո, տարվա վերջն էլ առանձնացավ ՀԱՊԿ-ում եղած զարգացումներով, բայց ես մի քիչ այլ տեսակետ ունեմ այդ ելույթի «կոշտության» վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ դա ավելի շատ հրավեր էր ՀԱՊԿ-ին, այսինքն` ռուսական զորքերին, գալ և մասնակցել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Այսինքն` դա այն է, ինչ Ռուսաստանը վաղուց ցանկանում է, որ ինքը միշտ լինի Ղարաբաղյան հակամարտության գոտում, այնտեղ ունենա խաղաղապահներ, և այլն։ Ես Սերժ Սարգսյանի ելույթը հենց այդպես եմ գնահատում։
– Եվ կարծում եք, որ առաջիկա զարգացումներում ամեն ինչ կգնա դրա՞ն` ռուս խաղաղապահների տեղակայմա՞ն հակամարտության գոտում։
– Ես չեմ գտնում, որ ամեն ինչ կգնա դրան, ես գտնում եմ, որ նման նոր զարգացման հնարավորություն է ստեղծվել։ Պարտադիր չէ, որ այդ ուղղությամբ կգնա։
– Ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել հաջորդ տարի։
– Գիտեք, հաջորդ տարի շատ բան կախված կլինի երևի Ռուսաստանի ներքին զարգացումներից` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, որովհետև շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Պուտինը 2016 թիվը հանելու։ Կարծում եմ` ամբողջ տարին նրա համար լինելու է ճգնաժամ։ Շատ բան է դրանից կախված, այսինքն` նա կկարողանա՞ արդյոք այդ ճգնաժամի պայմաններում այստեղ երրորդ-չորրորդ ճակատը բացել իր համար։ Մի կողմից` դրանից է կախված, մյուս կողմից` կախված է նաև Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական վիճակից, որովհետև մենք տեսնում ենք, որ մանաթի կտրուկ անկումը, շատ հնարավոր է, որ շարունակվի, և այդ շարունակվելու պայմաններում կամ մի կողմից` Ադրբեջանը կգնա բլից-կրիգի, կամ Ադրբեջանը պարզապես կսկսի աստիճանաբար ավելի մեղմ դիրքորոշում հանդես բերել և գնալ խնդրի լուծման։
– Մինչ դա, այնուամենայնիվ, Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, ինչպես սովորաբար լինում էր` սահմանին լարվածությունը թուլանում էր, այս անգամ դա չի նկատվում, և հակառակ պատկերն է։
– Այո, կարծես թե լարվածության թուլացում չի նկատվում, և Հայաստանի կողմից էլ շատ երկիմաստ ազդակներ են հնչում։ Ես ի նկատի ունեմ ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը։ Երևի պետք է որոշ ժամանակ անցնի, որ տեսնենք` ընդհանուր միտումն ինչ է լինում տարածաշրջանում, այս համակարտության գոտում։
– Եթե մեր ՊՆ-ն արդեն պատերազմ է որակում իրադարձությունները, հնարավոր համարո՞ւմ եք, որ հաջորդ տարի ավելի լայնածավալ գործողություններ սկսվեն։
– Կա դրա հնարավորությունը, բայց դա միակ հնարավորությունը չէ, և ՊՆ-ի կողմից պատերազմ հայտարարելը մի քիչ ավելի ռազմական ու տեխնիկական հայտարարություն է, քան թե քաղաքական։ Պետք է սպասել, որ քաղաքական նման հայտարարություն լինի։
– Այդ դեպքում, եթե այնուամենայնիվ որոշում կայացվի, և ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում, դա ի՞նչ ազդեցություն կունենա։
– Դա կունենա շատ վատ ազդեցություն։ Դա կնշանակի, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորումն ամբողջովին իր ձեռքն է վերցնում։ Եվ քանի որ նա Հայաստանին տալու այլևս ոչինչ չունի, նա հայկական ռեսուրսների, հայկական հողերի, հայկական զինուժի հաշվին կբավարարի Ադրբեջանի ցանկությունները, որպեսզի նրան ամբողջությամբ մտցնի իր ոլորտ, նկատի ունեմ` Եվրասիական տնտեսական միություն, միգուցե` ՀԱՊԿ, և իր հետ կապված այլ կառույցներ։ Պարզապես Հայաստանից վերցնելու բան նա այլևս չունի, Հայաստանն ամբողջովին տրված է Ռուսաստանին։
– Այսինքն, ինչպես սեպտեմբերի 3-ին Հայաստանը որոշում կայացրեց ԵՏՄ մտնելու մասին, հիմա էլ Սերժ Սարգսյանի այս հայտարարությո՞ւնն էր ուղղորդված, համաձայնեցված։
– Շատ հնարավոր է, դժվար է ասել, բայց նման հնարավորություն կա։