Պետության վախճանն ու Պուտինի ծնունդը՝ Հայաստանում

Հայաստանի խնդիրների մասին խոսելիս մենք հաճախ կենտրոնանում ենք իրավիճակային, օրվա ընթացքից բխող խնդիրների վրա՝ երկրորդական պլան մղելով ավելի խորքային հարցերը, որոնցից շատերը պայմանավորում են այն վիճակը, այն վատ վիճակը, որում ապրում է Հայաստանը: Իսկ ամենախորքային խնդիրներից մեկը բարոյահոգեբանական աղճատված մթնոլորտն է, Սերժ Սարգսյանի բնորոշած գաղջը, որը նրա պաշտոնավարման տարիներին ոչ միայն՝ չի նահանջել, այլև՝ գնալով ավելանում է: Այդ գաղջ մթնոլո՞րտն է պատճառը, որ մեր երկիրը, հասարակությունն ապրում է արժեքային խեղված համակարգում կամ դրանց բացակայության պայմաններում, թե՞ հակառակը՝ դժվար է ասել:

Բայց դա հանգեցրել է նրան, որ մենք ապրում ենք արժեքային այնպիսի տարածությունում, որում հիմնական արժեքն իրական արժեքների բացակայությունն է: Իսկ դա հանգեցնում է կեղծ արժեքների, իմիտացիոն արժեքների ծնունդին: Պատահական չէ, որ վերջին տարիներին հայրենիք, հայրենասիրություն, պետականություն հասկացություններն այնքան անտեղի են օգտագործվել ու ոտնահարվել, որ կորցրել են իրենց իրական արժեքը, և դրանց մասին բարձրաձայնումները, որոնք հիմնականում փաթեթավորվում են ճոռոմ հռետորաբանությամբ, ավելի շատ նողկանք են առաջացնում: Ու դրա արդյունքում է նաև, որ մեր հասարակությունն ունի նույնքան նողկալի պատկերացումներ ու ընկալումներ պետության, իշխանության, անկախության, արժանապատվության մասին: Հենց այս արժեքային առանցքներում, ավելի ճիշտ՝ դրանց խեղման արդյունքում է, որ Հայաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի ավելի բարձր վարկանիշ, քան իր հայրենի Ռուսաստանում:

«Գելափ» միջազգային հետազոտական կենտրոնի՝ աշխարհի 65 երկրներում 64 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ Պուտինն ամենաբարձր վարկանիշն ունի հենց Հայաստանում՝ 79 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում նրա վարկանիշը 72 տոկոս է: Սա իսկական ողբերգություն, աղետ է մի երկրի, մի հասարակության համար, որը, բառի բուն իմաստով՝ շնչահեղձ է լինում հենց Պուտինի ղեկավարած Ռուսաստանի վարած քաղաքականության, Հայաստանը Պուտինի անձնական նախագծեր քարշ տալու արդյունքում: Սա ազգային մազոխիզմի արտահայտություն է, որը վկայում է, որ հայ հասարակությունը ոչ միայն՝ կորցրել է արժանապատվությունը, ոչ միայն՝ օտարվել է անկախության ու պետականության արժեքներից, այլև՝ թուլացել և հաճույք է ստանում: Սա այն նույն հասարակությունն է, որի ավելի քան 60 տոկոսը «հայկական Գելափի» հարցումներով մոտ մեկ ամիս առաջ կողմ էր արտահայտվել Հայաստանի՝ Ռուսաստանի մասը դառնալուն:

Կարելի է և պետք է այս հարցում, իհարկե, առաջին հերթին՝ մեղադրել իշխանություններին, որոնց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է Ռուսաստանի ծայրագավառ, կարելի է և նույնքան պետք է այս հարցում մեղադրել ընդդիմադիրներին, որոնց մեծ մասը քնում և արթնանում է Ռուսաստանից «դաբրո» մուրալու պատրաստակամությամբ, կարելի է և պետք է այս հարցում մեղադրել, այսպես կոչված, մտավորականության ներկայացուցիչներին, ովքեր ինտեգրված լինելով իշխանությանը՝ ընդամենն ապահովում են «տեսարաններ» և ստրկամտությամբ չեն զիջում պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին: Բայց այս մեղադրանքները՝ արդարացի լինելով հանդերձ, նաև հասարակությանն ազատում են պատասխանատվությունից՝ ընդհանրապես հասարակություն կոչվելու իրավունքից:

Որովհետև հասարակությունը, որը պաշտում է իրեն անկախությունից զրկողին, իրականում ոչ թե հասարակություն է, այլ բնակչություն, որն ընդամենն ապրում է «ցարին» հանձնված տարածքում: Հասարակությունն ունեցել է ու կորցրել է, կամ իրականում չի էլ ունեցել տեր լինելու, պետության տերը լինելու զգացողությունը, որը, զգացողություն լինելուց բացի, նաև պարտականություն է, քաղաքացի լինելու պարտականություն: Պետք է ազնիվ լինել ու խոստովանել, որ այսպիսի հասարակությամբ Հայաստանը պետություն դառնալու, անկախ պետություն լինելու շանս գրեթե չունի: Որովհետև, եթե անգամ փոխվեն իշխանություններն ու ընդդիմությունները, նրանց փոխարինելու են գալու պուտինասեր հասարակության 79 տոկոսի ներկայացուցիչները: Մենք կորցրել ենք անկախ պետություն ունենալու ցանկությունը, ստրկամտությունն է դարձել ազգային կենսակերպ: Արդյունքում՝ Պուտինը դարձել է հայ ազգի իդեալը:

Պուտինը գրավել է ոչ թե Հայաստանի տարածքը, հայ հասարակության ուղեղն ու հոգին, հույսն ու հավատը, ինչը շատ ավելի անդառնալի է, քան անգամ տարածքի կորուստը: Պուտինը գրավել է հայ ժողովրդին: Կամ ժողովուրդն է տրվել Պուտինին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս