Ի՞նչ հանձնարարականներ է տվել ԼՂՀ ոստիկանության պետը

Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, վարչությունների և տարածքային ստորաբաժանումների պետերը:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջել է մեկ առ մեկ վերլուծել իրենց կողմից սպասարկվող տարածքներում ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես բնակարանային գողություններին:

Կոնկրետ ուղղություններով համապատասխան հանձնարարականներ տալով՝ ոստիկանության պետը զգուշացրել է, որ ընթացիկ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում ստորաբաժանումների պատասխանատուները խստագույնս պատասխան են տալու չբացահայտված հանցագործությունների առումով:

«Ազատության մեջ գտնվող հանցագործը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում հասարակության համար, իսկ տուժողը կորցնում է հավատը մեր հանդեպ, ուստի պահանջում եմ հանրապետության իրավապահ կառույցների հետ միասին գիշեր ու զօր աշխատել և բացահայտել բացառապես բոլոր հանցագործությունները», – նշել է ոստիկանության պետը: Հատուկ ուշադրության արժանացնելով տեղամասային տեսուչների գործունեությանը՝ ոստիկանության պետը պահանջել է սկզբունքայնություն ցուցաբերել կադրերի ընտրության հարցում և համակարգը համալրել ոչ միայն մասնագիտական հմտություններով օժտված ծառայողներով, այլև հաշվի առնել նաև նրանց բարոյական արժանիքները՝ դիմացինին հարգելու ու նրա հոգսերը կիսելու կարողությունը:

Պետության և իշխանության, այդ թվում ոստիկանության հանդեպ վստահությունը կապելով «օրենքի առաջ բոլորի հավասարության» հանրահայտ սկզբունքի լիարժեք ապահովման հետ, հատկապես արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների, այդ թվում ճանապարհային ոստիկանության պետին հանձնարարվել է շարունակել անաչառություն դրսևորել բոլորի հանդեպ: Հանձնարարականներ են հնչել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու անհրաժեշտության, ինչպես նաև պետական գույքը սրտացավությամբ պահպանելու և ունեցած ռեսուրսներն արդյունավետ ծախսելու անհրաժեշտության մասին:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին պատշաճ հասարակական կարգ ապահովելու նպատակով ոստիկանության պետը հանձնարարել է դեկտեմբերի 30-ից մինչև տոնական օրերի ավարտը անցնել ուժեղացված ծառայության և անհանդուրժող լինել հասարակության անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր իրավախախտման հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս