Բաժիններ՝

«Սուրբ ծննդյան հեքիաթ». Պաոլո Կոելիո

Այս հիասքանչ առակը երազանքների մասին է, որոնք միշտ չէ, որ կատարվում են այնպես, ինչպես մենք սպասում ենք:

«Շատ վաղուց, Լիբանանի հրաշք պուրակներում ծնվեց 3 Մայրի: Իսկ Մայրիները, ինչպես բոլորը գիտեն, շատ և շատ դանդաղ են աճում: Դրա համար էլ նրանց տրամադրության տակ կային ամբողջ դարեր և հարյուրամյակներ` Կյանքի և Մահվան, Բնության և Մարդկության մասին մտորումների համար:

Նրանց մոտ հայտնագործվեց այբուբենը, նրանք տեսել և հիշում էին, թե ինչպես Լիբանանի հողի վրա այցելեցին Սողոմոն թագավորի պատվիրակները, ինչպես ասորիների հետ ճակատամարտում այս հողը պատվեց ծխով և ողողվեց հազարավոր մարդկանց արյամբ: Նրանք տեսել էին Եղիա մարգարեին, և նրանց կողքով դարեր շարունակ անցնում էին ապրանքով բարձված քարավաններ:

Եվ ահա մի գեղեցիկ օր Մայրիները խոսեցին ապագայի մասին:

Առաջին Մայրին ասաց.

– Ես կուզենայի վերածվել գահի, որի վրա կնստեր աշխարհի ամենահզոր թագավորը:

Երկրորդ Մայրին ասաց.

– Իսկ ես կուզենայի դառնալ ինչ-որ բանի մի մաս, որը դարեր շարունակ Չարիքը կդարձներ Բարիք:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդ Մայրին,- կուզենայի, որպեսզի մարդիկ ամեն անգամ ինձ նայելով՝ հիշեին Աստծուն:

Եվ այդ ժամանակ Մայր բնությունն իր գաղտնի լեզվով ասաց.

Օ, Մայրիներ: Ձեր երազանքները բարի են և արտասովոր: Դրանք կիրականանան: Բայց, ինչպես միշտ լինում է երազանքների հետ, դրանք կկատարվեն ոչ այնպես, ինչպես դուք պատկերացնում եք…

Անցան տարիներ և հարյուրամյակներ: Եվ ահա, վերջապես, եկան փայտահատները և կտրեցին Մայրիներին:

Առաջին Մայրին դարձավ փարախ, իսկ մնացորդներից մսուրք պատրաստեցին: Երկրորդից պատրաստեցին հասարակ գյուղական սեղան: Երրորդ ծառը վերածեցին տախտակների, որոնք պահպանվում էին մեծ քաղաքի պահեստում:

Մայրիներից յուրաքանչյուրը դառը լալիս էր ճակատագրի վրա.

«Մեր փայտանյութն այնքան լավն էր, բայց ոչ մեկն արժանի օգտագործումը չգտավ»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ, մի ամուսնական զույգ չգտնելով ապաստան, խնդրեց գիշերել փարախում` կառուցված Առաջին Մայրուց: Կինը հղի էր և հենց նույն գիշեր տղա ունեցավ: Եվ պառկեցրեց նրան մսուրքի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին Առաջին Մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա ծառայեց՝ որպես հենարան Աշխարհի մեծագույն թագավորի համար:

Մի անգամ, շատ տարիներ անց մի համեստ գյուղական տան մեջ մարդիկ նստեցին սեղանի շուրջ, որը պատրաստված էր Երկրորդ Մայրուց: Եվ նախքան նրանք կսկսեին սնունդ ընդունել, հյուրերից մեկն արտասանեց մի քանի հատուկ բառեր` սեղանի վրայի հացի և գինու վրա:

Եվ այստեղ Երկրորդ Մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց: Եվ հենց այդ պահին նա ծառայում էր՝ որպես հենարան ոչ միայն գինու և հացի համար, այլ նաև Մարդկայինի և Աստվածայինի միջև միության համար:

Իսկ հաջորդ օրը Երրորդ Մայրու երկու տախտակներից խաչ պատրաստեցին: Մի քանի ժամ հետո բերեցին վիրավոր մի մարդու և օ՜, սարսափ, մեխեցին այդ խաչին: Եվ Երրորդ Մայրին սկսեց լաց լինել իր դաժան ճակատագրի համար:

Եվ միայն երրորդ օրը նա հասկացավ կատարվածի իսկական իմաստը: Մարդը, մեռնելով խաչի վրա, դարձավ Աշխարհի լուսատուն: Իսկ Խաչը` պատրաստված այդ Մայրուց, չարչարանքի գործիքից վերածվեց Ցնծության սիմվոլի:

Եվ այստեղ Մայր բնությունն ասաց. «Ահա և կատարվեց Ձեր ճակատագիրը: Կատարվեց, բայց ոչ այնպես, ինչպես Դուք պատկերացնում էիք»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս