Ինչի շուրջ են բանակցել Ալիևն ու Սարգսյանը՝ արկերի պայթյունների և փամփուշտների սուլոցների ներքո

Շուրջ մեկ տարուց ավելի դադարից հետո շաբաթ օրը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Նախագահական գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն տարածեցին։ Համանախագահներն իրենց անդրադարձում ընդգծել էին, որ գագաթաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումն առանձնազրույցի տեսքով հանդիպման ժամանակ։

«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված, այդ թվում և` քաղաքացիական անձանց շրջանում` պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ։ Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը` ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն։ Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ։

Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին։ Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում»,- հայտարարել էին համանախագահները։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս մեկնաբանել էր հանդիպումը` նշելով, որ հանդիպման ժամանակ կողմերն արտահայտել են իրենց մոտեցումները խնդրի կարգավորման շուրջ եռանախագահների ներկայացրած տարբեր տարրերի ու սկզբունքների շուրջ։

«Կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում։ Բայց այստեղ Ադրբեջանի մոտեցումները ոչ միայն մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև կարող ենք ասել, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»,- Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ»՝ ասել էր Նալբանդյանը` չմանրամասնելով, թե ինչ հարցերի շուրջ են բանակցել նախագահները։

Կարդացեք նաև

Այնինչ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցների հետ իր զրույցում նշել է. «Առաջին հերթին, սկսենք նրանից, թե ինչու են տեղի ունենում այդ միջադեպերը։ Որովհետև Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական կերպով գտնվում են Հայաստանի Զինված ուժերը։ Այն բանից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ն դուրս բերվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, միջադեպեր տեղի չեն ունենա, և դրանք հետաքննելու կարիք չի լինի»,- հայտարարել է Մամեդյարովը։

Նա նաև հայտարարել է, որ այս տարի Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների բանակցություններից հետո ադրբեջանական կողմը դարձյալ հայտարարել էր, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է լինեն «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մաս։ Այսինքն, նրա խոսքով, կարող է դիտարկվել միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցը Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով։

New-York based Armenian political scientist, historian Hayk Martirosyan is guest in Hayeli press club

Մեզ հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, վերլուծաբան Հայկ Ա. Մարտիրոսյանը չցանկացավ գնահատել հանդիպման արդյունքները, քանի որ, ըստ նրա, գնահատում են մի բան, որը որոշակի արժեք ունի։ Իսկ այս հանդիպումը, նրա խոսքով, որևէ արժեք չունի և չի կարող ունենալ։ «Ի՞նչ արժեքի մասին կարող է խոսք լինել, երբ ռազմական գործողություններ են նախաձեռնում, սպանում մեր զինծառայողներին, հետո նստում` բանակցելու մի բանի շուրջ, որի ճիշտ հակառակն են անում և անելու։ Դա ժամանակի վատնում է, կորուստ, և կասեի` հայկական կողմի համար չարդարացված կորուստ։ Արկերի պայթյունն ու փամփուշտների սուլոցն է լավագույն բանակցությունը, ոչ թե` բանավոր և չափավոր խոսքը, որպեսզի իրենց սկսած կրակը դադարեցնեն»,- նշեց նա։

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ինչի մասին կարող է հուշել գագաթաժողովն առաջինը լքելու Ալիևի քայլը և համանախագահների քննարկումները ՀՀ նախագահի հետ, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, թե չգիտի` որքանով է ճիշտ Ալիևի հյուրանոց գնալու մասին տեղեկությունը, բայց եթե դա ճիշտ է, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանցին իրեն չափազանց ինքնավստահ է զգում, և դրա պատճառն այն է, որ հայկական կողմից առայժմ միայն քաղաքակիրթ և խիստ խաղաղասեր վարքագիծ է տեսնում։

«Կամ` որ Հայաստանի առաջնորդը սպառնացել է նրան, իսկ ադրբեջանցին չի ցանկացել ներքաշվել մի զրույցի մեջ, որն իր համար տհաճ է և անիմաստ։ Երրորդ տարբերակն այն է, որ տետ-ա-տետ և բացառապես միայնակ զրույցի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք սպառիչ պատասխաններ են պարունակել երկու կողմերի համար էլ, և դրանից հետո ադրբեջանցին, ավարտած համարելով իր առաքելությունը, կացարան է վերադարձել։

Չորրորդ տարբերակն այն է, որ ուղղակի մարդն իրեն վատ է զգացել և հեռացել է հյուրանոց` բնական կարիքները հոգալու։ Այդպես ևս լինում է քաղաքականության մեջ։ Ինչպիսին էլ որ լինի իրականությունը` մենք դժվար թե այդ մասին իմանանք։ Ինչպես նաև առաջիկայում չենք ստանա այս պահին ամենակարևոր հարցի պատասխանը` ի՞նչ են իրականում խոսել երկու թշնամի պետությունների առաջնորդները։ Եվ դա, թերևս, ամենակարևոր հարցն է։ Այնուամենայնիվ` հուսամ, որ կենաց չի եղել` անգամ ամենօրյա, և, որ կենացի մասին խոսքը համանախագահի պոետիկ և այլաբանական բնորոշումն է` տրված շվեյցարական հրաշալի բնության ազդեցության ներքո։ Իսկ մինչ այդ` մեր զինվորները շարունակելու են զոհվել, իսկ մենք` խոսել խաղաղ կարգավորման մասին»,- ցավով նշեց Հայկ Ա. Մարտիրոսյանը։

MalashenkoՄեզ հետ զրույցում Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր ստանձնած պարտավորությունը, այն է` օգնել ավելի քան քսան տարի շարունակվող հակամարտության կողմերին բանակցել, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ դուրս չգա վերահսկողությունից, և լայնամասշտաբ լարվածություն առաջանա։ Այս ձևաչափի շրջանակում բանակցությունները, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, օգնում են, որպեսզի հակամարտությունը չվերածվի պատերազմի։ Սա, նրա որակմամբ, հերթական նախագահական հանդիպումն է եղել, որի ընթացքում նույնիսկ կարգավորմանը մոտ թեմաներ չեն քննարկվել, քանի որ դա չեն ցանկանում կողմերը։

«ԱՄՆ-ը, ՌԴ-ն և միջնորդները ցանկանում են կարգավորում, բայց դա պետք է ցանկանան նաև կողմերը` գործուն քայլեր ձեռնարկելով և բանակցելով, սակայն դրա կամքը չկա, քանի որ կողմերի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»,- նկատեց ռուս վերլուծաբանը։ Նրա համոզմամբ` ԼՂ հակամարտությունը բարդ է նաև այն պատճառով, որ դրանում կան և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման սկզբունքները, որոնք բախման մեջ են այս հարցում։ «Սա դժվարացնում է կարգավորման հող նախապատրաստելը նաև, քանի որ ամբողջ աշխարհում այս սկզբունքների հետ կապված մեծ խնդիրներ են առաջացել, թեև համանախագահող երկրները կարծում են, որ կողմերին հաշտեցնելու ժամանակն է»,- ընդգծեց Մալաշենկոն։

Նա այն կարծիքին է, որ հակամարտությունն իր բնույթով հավերժական է, քանի որ երկու կողմերին բավարարող որոշում, փաստաթուղթ չկա, գոյություն չունի։

«Շատ են խոսակցությունները կարգավորման այս կամ այն տարբերակի մասին, բայց դրան պետք է սթափ նայել, լուծման տարբերակ չկա, բայց կա գործընթաց, և այն պետք է շարունակվի։ Կարծում եմ, որ բախումները շարունակվելու են, այս իրավիճակում դա անխուսափելի է։ ԼՂ-ի շուրջ առկա ուժերը` ՌԴ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ը, փորձում են գտնել կարգավորում կամ գոնե թույլ չտալ պատերազմ, բայց դա պետք է կողմերը ցանկանան»,- նշեց նա։ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե չի հավատում, որ պատերազմ կլինի, քանի որ այդ պատերազմում ոչ մի կողմը չի հաղթի։ Դա, նրա համոզմամբ, թույլ չեն տա նաև միջնորդները։

Տեսանյութեր

Լրահոս