«Առաջին անգամ գործնական լուծում է առաջարկվում». Արամ Կարապետյանը՝ ամերիկացի կոնգրեսականների առաջարկների մասին

«Դիպուկահարների հեռացում, տեխնիկական միջոցներով սահմանի երկայնքով սահմանի վերահսկում և ԵԱՀԿ դիտորդների ավելացում… Միանշանակ հասկանալի է, որ արվում են քայլեր, որոնք նախնական առումով իսկապես պետք է բերեն էսկալացիայի թուլացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ պաշտոնապես ողջունել է Ներկայացուցիչների պալատի 80 կոնգրեսականների առաջարկը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում միջոցառումների ձեռնարկմանն ու տեխնիկական սարքերի տեղադրմանը, որով պետք է նպաստեն հրադադարի պահպանմանն ու խախտման դեպքում պատասխանատու կողմի հայտնաբերմանը:

Ա. Կարապետյանի պատկերացմամբ՝ ամերիկացիները վերջին ժամանակները շատ ակտիվ են մեր ռեգիոնում. «Ես ասել եմ, որ քաղաքականությունը չի կարելի բաժանել մասերի, կարծում եմ՝ ամերիկացիների տեսակետները տրանսֆորմացիայի են ենթարկվելու: Երեկ պարզվեց, որ ադրբեջանական վերնախավի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել, մի քանի օր առաջ իմացանք, որ Վրաստանն արդեն, շատ հնարավոր է, մտնի ՆԱՏՕ, իմացանք, որ Հայաստանում կան ընտրակեղծիքներ, խախտումներ, պարզվում է՝ դրա համար պատասխանատուներ կարելի է գտնել ու պատժել: Այսինքն՝ ԱՄՆ-ը հստակ ցույց է տալիս Հարավային Կովկասի նկատմամբ իր հետաքրքրության կտրուկ աճը»:

Ա. Կարապետյանի խոսքով՝ ի տարբերություն շատ երկրների քաղաքականության՝ պետք է ընդունել, որ ԱՄՆ-ը այդ առումով որոշում և ելք է առաջարկում. «Եթե նկատում եք, դա ծրագիր է, ելք է: Գործնական լուծում դեռ ոչ ոք վերջին 10 տարիներին չի առաջարկել, սա առաջին անգամն էր: Առաջին անգամ գործնական լուծում է առաջարկվում»:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը միայն կողջունի դա, քանի որ դա ստատուս-քվոյի պահպանման ձևերից մեկն է. «Ադրբեջանը սկզբում մերժեց, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի նկատամամբ այս պատժամիջոցների առումով, հասկանալի չէ, թե ընդհանրապես ադրբեջանական վերնախավն ինչ քաղաքական ուղի է որդեգրելու»:

Հարցին՝ փաստորեն, կոնգրեսականների այդ առաջարկը պայմանավորված է իրենց շահերո՞վ, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց.

«Ես այդպես չէի ասի, դուք ճիշտ եք, որ այստեղ հայամետ լինելու խնդիրը չէ, դա ալգորիթմի խնդիր է: Ամերիկացիները մտածում են քայլերի հերթականություն, միգուցե նաև իրենք հասկանում ենք, որ ապագայում ինչ-որ հարցերի լուծման խնդիրներն իրենց ուսերին է մնալու, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, գեոքաղաքական վիճակն այնպիսին է դառնում, ճիշտն ասած, ես այլ երկիր չեմ էլ տեսնում, որ կարող է ինչ-որ առումով այդ հարցերի լուծման բեռը վերցնել իր ուսերին: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը, արդեն ամբողջությամբ այդ թնջուկներին տիրապետել էլ չեն կարող: Միակ երկիրը, որը կարող է ինչ-որ առաջարկների փաթեթով մտնել, ինչ-որ առումով ճնշել, դա ԱՄՆ-ն է այսօր: Դա իրականությունն է, մեզ դո՞ւր գա դա, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս