«Տոկոսները խփված են այնքան, ինչքան պետք է խփվեր». Արամ Կարապետյան
«Սահմանադրությունը որևէ բանի մոտիվացիա չդարձավ, տոկոսները խփված են այնքան, ինչքան պետք է խփվեր, իշխանությունն այդ ամենն արեց շատ փնթի ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ա. Կարապետյանի խոսքով՝ իշխանությունը փողը խնայեց, չցանկացավ ընտրակաշառք շատ բաժանել, ու առանց փողի արեցիn այն, ինչ արեցին՝ առանց հասկանալու, որ հիմա իրավիճակ է փոխվել. «Նախևառաջ՝ տեղեկատվական առումով, հիմա ամեն ինչ ֆիքսվում է, բայց նաև հիմա երիտասարդներ կան, որ մտածում են` կարող են հասնեն հաջողության: Իշխանությունները նաև չհասկացան միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունեցավ: Մտածում էին՝ ԱՊՀ-ն ինչպես միշտ կասի՝ ամեն ինչ լավ է, ամերիկացիները կասեն մի քիչ վատ է, բայց ամեն ինչ նորմալ կլինի: Ոչ, էլ նման բան չի լինելու»:
168.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվում է հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար դիմել Սահմանադրական դատարան, Ձեր կարծիքով՝ հաջողության կհասնե՞ն, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Երբ իշխանությունն այս գետը մտնում էր, շատ լավ գիտակցում էր՝ որտեղ պետք է դուրս գա: Այսինքն՝ ես համոզված եմ, որ ո՛չ Սահմանադրական դատարանում որևէ բան կկատարվի, ո՛չ էլ փողոցում հիմա որևէ բան կկատարվի, որովհետև Սահմանադրությունը հեղափոխական մոտիվացիա երբեք որևէ երկրում չի տվել»: