«Հետխորհրդային երկրները պետք է պատրաստ լինեն փոխարժեքի լուրջ տատանումների»
«2016թ. Ռուսաստանի համար տնտեսական տեսանկյունից այնքան էլ հեշտ տարի չի լինելու»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով նավթի գնանկմանը, դոլարի թանկացմանն ու փոխարժեքի տատանումներին։
Հիշեցնենք, որ Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը ICE բորսայում իջել է 2.06 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 38.92 դոլարի` 2008-ի դեկտեմբերից առաջին անգամ նվազելով 39 դոլարից։ Հեղինակավոր տնտեսագետները չեն բացառում, որ հաջորդ տարի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասնի 20 դոլարի։ Սակայն, Սիմոնովի հաշվարկներով, հաջորդ տարի նավթի գները տատանվելու են 40-55 դոլարի սահմաններում։
Նրա կարծիքով` ԱՄՆ-ը միտումնավոր է նվազեցնում նավթի գները, հետևաբար` բարձրանում է դոլարի փոխարժեքը ՌԴ-ում` փորձելով դրանով ճնշել Ռուսաստանին։ Սակայն, նրա համոզմամբ, մինչ ամանորյա տոներն անկումը կշարունակվի, որից հետո հակառակ գործընթացն անխուսափելի կդառնա։ «Այսինքն` այստեղ աշխարհաքաղաքականությունն է իր գործն անում։ Սակայն Արևմուտքի այդ քաղաքականությունից նույն ինքը` Արևմուտքը, անմասն չի մնում, քանի որ նման քաղաքականության հետևանքով էականորեն նվազում է ԱՄՆ-ի թերթաքարային ընկերությունների տնտեսական վիճակը։
ԱՄՆ-ը երկար չի կարողանում պահել նավթի ցածր գները, քանի որ ինքն է տուժում, ուստի օպտիմալ տարբերակը նրանց տեսանկյունից այդ գներն իջեցնելն ու կտրուկ բարձրացնելն է, օրինակ` 20-30%-ով, որպեսզի նրանց կորուստները զգալի չլինեն, ինչպես եղավ նախորդ տարի հունվար ամսին։ Այսինքն` չեմ բացառում, որ նավթի գներն էլ ավելի կտրուկ ընկնեն, ինչպես մի շարք փորձագետներ են կանխատեսում, մինչև անգամ մեկ բարելի դիմաց` 20 դոլար, բայց սա չի կարող երկար տևել նույնիսկ ԱՄՆ-ի համար, քանի որ նրանք թերթարաքարային գազի բիզնեսում երկար տարիներ լուրջ միջոցներ են ներդրել, մեծացրել արդյունահանումը վերջին տարիներին, և դա չեն ցանկանա կորցնել գոնե հիմա»,- նման հույս հայտնեց Սիմոնովը։ Սակայն նա նաև նշեց, որ նման տատանումները ռուս հասարակությանն ու տնտեսությունը գցում են խուճապի մեջ, քանի որ տնտեսությունը մեծապես կախված է այս գներից։
«Բայց էլի եմ կրկնում, այդ ցածր գները չեն կարող կես տարուց ավելի ձգվել»,- ընդգծեց նա։ Միևնույն ժամանակ` նշեց, որ աշխարհն այնքան անկայուն է, որ մի շարք աշխարհաքաղաքական զարգացումների դեպքում նավթը կարող է միանգամից բարձրանալ` մինչև 70 դոլար։ «Սակայն իմ ընդհանուր սպասելիքները բացասական են, բայց ոչ այնքան, ինչպես այլ փորձագետներ են պնդում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ինտեգրացիոն նախագծերին` մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը, ապա, ըստ նրա, այս պայմաններում ՌԴ-ն, որը միակ ներդրողն է այդ ծրագրում, ստիպված է լինում դժվար փուլերում տնտեսել, քիչ միջոցներ տրամադրել հատկապես այն պայմաններում, երբ ԵՏՄ երկրները ևս նույն այդ տնտեսական խնդիրների հետևանքով փոխարժեքի խնդիրներ են ունենում և սկսում կենտրոնանալ այդ խնդիրների լուծման վրա և այդ լուծման ճանապարհին մոռանում Ռուսաստանի մասին։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, այդ նախագծերի ապագան այսօր փխրուն է, քանի որ դրա կարգավորումները չեն գործում, և ՌԴ գործընկերները դժվարությունների պահին մոռանում են ԵՏՄ-ի մասին, սկսում գործել ՌԴ-ի հետ չհամաձայնեցված պլանով։
«Կարծում եմ, որ պետք է սկսել մտածել փոխարժեքի տատանումների հնարավոր խնդրին պատրաստվելու մասին, քանի որ, ինչպես պարզ դարձավ վերջին մեկուկես տարվա ընթացքում, երկրները պատրաստ չեն նման խնդիրներին, քանի որ կախված են ռուսական տնտեսությունից»,- ասաց նա` շարունակելով, որ ՌԴ-ն չի ցանկանում, որ իր խնդիրները տարածվեն իր գործընկեր երկրների վրա։
Սակայն, ըստ նրա, այդպես ստացվում է, պետք է փորձել հնարավորինս պատրաստ լինել դրան։ «Ուզեն թե չուզեն, հետխորհրդային երկրները, այդ թվում` Հայաստանը, իրենց տնտեսությամբ կապված են ռուսականին և ազդվում են այդ շուկայում տեղի ունեցող բացասական զարգացումների արդյունքում, ընկերություններ են փակվում։ Մենք փորձում ենք այդ ազդեցությունը մեղմացնել ժամանակ առ ժամանակ, կօգնենք անհրաժեշտության դեպքում, բայց դրան բոլոր ՌԴ-ի հետ կապված երկրները պետք է պատրաստ լինեն»,- ասաց նա` շարունակելով, որ խնդիրն ամբողջությամբ լուծել ՌԴ-ն չի կարող, առանձին տնտեսություններն իրենք պետք է հաղթահարեն ճգնաժամերը։