«Հիմա մեծ գրողը փոքր մարդ է համարվում». Հենրիկ Էդոյան
Այսօր լրագրողների հետ հանդիպել էր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: Հանդիպման ընթացքում նա խոսեց այն մասին, թե որքանո՞վ է հայ ընթերցողն առնչվում արտասահմանյան գրականությանը: Խոսեց այն մասին, թե որքանո՞վ է հայ ստեղծագործողն այսօր մասնակից դառնում արտասահմանյան գրական պրոցեսներին:
Բանաստեղծն այն կարծիքին է, որ գրականության մասին խոսելուց առաջ պետք է անպայման անդրադարձ կատարել աշխարհաքաղաքական իրավիճակին.
«21-րդ դարը շատ կրիտիկական սկիզբ ունեցավ մարդկության համար՝ ոչ միայն տնտեսական և քաղաքական առումներով, այլև՝ հոգևոր տեսակետից: Մարդկությունը հիմա ապրում է շատ մեծ ճգնաժամ՝ բարոյահոգեբանական մթնոլորտն ամբողջ աշխարհում անկում է ապրում: Չափազանց լարված դրություն է, բոլորս սպասում ենք ինչ-որ բանի՝ աղետի, պատերազմի, նույնիսկ՝ աշխարհի վերջին: Այս մթնոլորտում խոսել գրականության, արվեստի մասին՝ և՛ հետաքրքիր է, և՛ անհրաժեշտ, և՛, միևնույն ժամանակ, պարադոքսալ»:
Հենրիկ Էդոյանը նշեց, որ դեռևս 19-րդ դարի փիլիսոփաներն են բարձրաձայնել այն մասին, որ արվեստը սկսել է իր անկումային ժամանակներն ապրել, և հիմա արդեն այդ անկումն իր հանգույցին է հասնում: Բանաստեղծն այն կարծիքին է, որ հիմա արդեն քաղաքականությունն է եկել զբաղեցնելու փիլիսոփայության տեղը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ.
«Հայաստանը շատ հեռու չէ համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող իրադարձություններից, և այն պատկերը, որ կա ամբողջ աշխարհում, հատկանշական է դառնում նաև մեր երկրի և, հետևաբար, անդրադառնում է նաև մշակութային կյանքի վրա: Մտավոր աշխարհի նկատմամբ տարօրինակ վերաբերմունք է ձևավորվել: Հիմա մեծ գրողը փոքր մարդ է համարվում: Ասում են՝ է՜հ, գրում է, թող գրի՝ ի՞նձ ինչ… Պետք է սակայն իմանալ, որ գրականությունն ամենակարևոր գործն է, որ ընդհանրապես անում է մարդը:
Բանաստեղծը վստահ է, որ մարդու կեցության համար ամենակարևոր գործոնն արվեստն է: Նա նաև իր հստակ պատկերացումն է կիսում, թե ինչու է դա այդպես.
«Դուք գիտե՞ք պատմական մի ժամանակահատված, որ արվեստը դադարի գոյություն ունենալուց: Մարդկությունն իր գոյության հազարամյակներում երբեք չի դադարել ստեղծել արվեստ: Ինչ բնույթ, ինչ որակներ էլ ունենա այս կամ այն ժամանակաշրջաններում ստեղծված արվեստը, միևնույն է, սա չդադարող մի պրոցես է: Իսկ մարդկությունը երբեք անկարևոր բանը դարերով իր հետ չի բերի, դա պարզ է»:
Հենրիկ Էդոյանին չի բավարարում մշակութային այն որակը, որ ժամանակակից արվեստ է կոչվում: Այսօրվա ստեղծվող արվեստը բանաստեղծը բնութագրում է մի բառով՝ սպառողական: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա, սակայն, ընդգծեց, որ ցանկություն ունի խոսելու և քննարկելու միայն, այսպես ասած՝ իսկական արվեստը, արժեքներ, որոնք ստեղծվում են մարդկության փրկության համար, եթե, իհարկե, մարդկությունը դեռ հնարավորություններ ունի փրկվելու:
168.am-ի այն հարցին, թե այսօրվա աշխարհաքաղաքական խմորումներն արդյոք նպաստավոր հող չե՞ն ստեղծում արվեստում նոր խոսք բերելու, նաև որակ հաղորդելու համար, Հ. Էդոյանը պատասխանեց.
«Ես ընդհանրապես այն կարծիքին չեմ, որ այն, ինչ կատարվում է հիմա աշխարհում, նույնությամբ պետք է արտահայտություն գտնի նաև արվեստի գործերում: Եթե փողոցներում ամենուրեք արյուն է, ապա բոլորովին պարտադիր չէ այդ արյունը բերել գրականություն, որովհետև արվեստն ու հատկապես՝ գրականությունը բոլորովին այլ գործառույթ ունի՝ այն ստեղծված է կյանքն ավելի գեղեցիկ ու մաքուր ցույց տալու համար»:
Խոսելով անկում ապրող մշակութային արժեքներից, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ է տեսնում միայն մարդու՝ անհատի վերափոխումը.
«Գաղտնիք չէ, որ աշխարհում անհատներ այլևս չկան: Սա մշակութային համահարթեցման արդյունք է: Աշխարհին անհատականություններ այլևս պետք չեն, և սա է նաև պատճառն այն հետընթացի, որ մենք տեսնում ենք թե´ առօրյա կյանքում, թե´ արվեստում, և առհասարակ՝ մշակութային կյանքում: Դուք հիշո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում կուլտուրա… դա գալիս է «կուլտ» իմաստից՝ հեղինակություն, պաշտամունք: Հիմա պաշտամունքի առարկան այլևս արվեստը չէ, այլ նյութական, բարեկեցիկ կյանքի տեսլականը»:
Բանաստեղծը ժամանակակից գրականության զարգացման կարևոր բաղադրիչ է համարում նաև թարգմանական գրականության զարգացումն ու տարածումը: Նա Թուրքիա կատարած այցի ընթացքում զարմանքով է հայտնաբերել, որ այս երկիրը թարգմանական գրականության առաջատարներից մեկն է՝ չորրորդն ամբողջ աշխարհում: Թեև ուրախ է տեսնելու, որ այստեղ՝ Հայաստանում ևս, թարգմանական գրականությունը որոշակի զարգացումներ է ապրում, թեև ոչ համակարգված, բայց լավ գրականություն, ըստ բանաստեղծի, թարգմանվում է:այաստանումՀայաստանում Նրան առանձնահատուկ ուրախալի է թվում այն իրողությունը, որ Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողների շարքերում ևս նկատում է շնորհալի թարգմանիչների ի հայտ գալը:
Լուսանկարը՝ Սամվել Սևադայի