«Սա քաղաքական կարճատեսություն է, հանե՛ք սա օրենքից»
«Սա հեղափոխական բնույթ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է: Բայց օրենքների իրականացման համար պայմաններ են պետք: Կոոպերատիվների ստեղծման մասին տարիներ շարունակ խոսում ենք, բայց ինչո՞ւ հիմա բերվեց այս օրենքը: Ուրեմն դրա համար կա քաղաքական որոշում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մասին:
Նշենք, որ օրենքի նախագիծը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:
Ըստ Մելքումյանի՝ հաջողակ բիզնես անելու համար ենթակառուցվածքներ են պետք, օրինակ՝ բանկից վարկ վերցնելու համար պետք է պայմաններ լինեն: Մ.Մելքումյանի խոսքով՝ ամբողջ վարկերի սուբիսիդավորման համար միայն 1.1 մլրդ կա, յուրաքանչյուր գյուղացիական տնտեսության հաշվով՝ 20 դոլար: Նա նշեց, որ այսօր գյուղոլորտի շահութաբերությունը խիստ ընկել է, օրինակ՝ ինչպե՞ս կարող է կաթի գինը ջրից էժան լինել: Դրա համար էլ, ըստ Մելքումյանի, գյուղացին այսօր մորթում է անասուններին:
«Չես կարող արհեստական պատվաստես, գյուղատնտեսական կոոպերացիան պետք է մեր բնույթին հարիր լինի: Սկի եղբայրները չեն կարողանում իրար հետ բիզնես անեն»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նա խիստ տարօրինակ ու անընդունելի համարեց, որ օրենքում նշված է, որ կոոպերատիվները կարող են փոխհատուցում ստանալ, եթե ՏԻՄ-երը և պետական մարմինները անօրինական միջամտեն. «Սա նոնսենս է և պետական մարմնի անօրինական միջամտությունը, եթե օրենքում գրում ես, բացասական ազդակ է ներդրողներին: Ներդրողը նայում է՝ Հայաստանում կա անօրինական միջամտություն, ես ո՞ւր գնամ այնտեղ ներդրում անեմ: Սա քաղաքական կարճատեսություն է, հանե՛ք սա օրենքից»: