Արա Գյուլերի ստեղծագործական ժառանգության ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ
Օրերս տեղական մամուլում լայն քննարկման արժանացած` Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարանի համար հողատարածքի հատկացման, ինչպես նաև միևնույն ժամանակահատվածում լուսանկարչի կողմից սեփական ֆոտոարխիվը «Dugus» թուրքական հոլդինգին հանձնելու չեղյալ հայտարարված պայմանագրի մասին լուրերը հակասական երանգներ ստացան։
Հիշեցնենք, որ ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել «Dugus» թուրքական հոլդինգի հետ օրեր առաջ կնքված պայմանագիրը, որով սեփական ֆոտոարխիվի տնօրինումը հանձնվում էր Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած վերոհիշյալ հոլդինգին, որն այլևս իրավասու չէ տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը։
«Արևելք» կայքը տեղեկություն էր տարածել, թե Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պետք է ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները։ Այն, որ դեռևս երկու տարի առաջ Արա Գյուլերի լուսանկարների երևանյան ցուցահանդեսի բացման ընթացքում երկկողմանի ցանկություն հայտնվել է Հայաստանում նման թանգարան ունենալու շուրջ` փաստ է։ Այդ մասին մեզ հետ զրույցում վկայեցին և՛ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, և՛ Սևծովյան տնտեսական համագործակցության Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը։
Ցանկություն է եղել այդ նպատակի համար կառուցել առանձին շենք, որտեղ կցուցադրվեին մեծանուն հայ լուսանկարչի աշխատանքները, սակայն այս պահին ոչ միայն առկախ է թանգարանի հարցը, այլև իրականությանը չեն համապատասխանում տարածված այն լուրերը, թե այդ նպատակով մայրաքաղաքում հողատարածք է առանձնացվել։
Մեզ այս մասին պարզ դարձավ Ստամբուլում գտնվող Սևծովյան տնտեսական համագործակցության Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանի հետ հեռախոսազրույցից, որի ընթացքում Երևանում միջազգային լուսանկարչական թանգարան կառուցելու նպատակով հողատարածքի տրամադրման մասին պարոն Ա. Ավագյանը մասնավորապես ասաց միայն այսքանը.
«Իրականում ինֆորմացիան, որ իբր ես եմ տարածել, թե Երևանում հողատարածք է տրամադրվել միջազգային լուսանկարչական թանգարան կառուցելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Ես նույնիսկ չեմ էլ կարող հերքել մի բան, որ ինքս չեմ ասել, իմ բերանից չի հնչել, որի հեղինակը ես չեմ։ Պարզապես լրատվամիջոցը, որ տարածել էր այդ ինֆորմացիան, սխալ է թույլ տվել` վերագրելով ինձ բաներ, որոնց հեղինակը ես չեմ։ Այս թեմայով կարող եմ միայն ասել, որ ես այս տարվա դեկտեմբերի 4-ին այստեղ` Ստամբուլում, ընկերական հանդիպում եմ ունեցել լուսանկարիչ Արա Գյուլերի հետ, և մենք երկար զրույց ենք ունեցել։
Մենք` ես և Գյուլերը, երկար տարիների ընկերներ ենք, և մեր զրույցը եղել է ընկերական թեմաների շուրջ։ Ինչ խոսք, այդ հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել նաև Գյուլերի ֆոտոարխիվը «Dugus» թուրքական հոլդինգին հանձնելու` չեղյալ հայտարարված պայմանագրին, բայց Երևանում միջազգային լուսանկարչական թանգարան կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու կամ դրա իրական կամ անիրական լինելու մասին խոսք անգամ չի եղել։ Ինչ վերաբերում է չեղյալ հայտարարված պայմանագրի պատճառներին, ապա այս թեմայով, կարծում եմ, իրավասու է հրապարակային հայտարարություններ տարածել միայն արխիվի սեփականատերը` Արա Գյուլերը։ Նրա հետ ունեցած մեր զրույցից կարող եմ միայն փոխանցել այն, որ այս պահին ֆոտոարխիվը գտնվում է Գյուլերի տնօրինության տակ, և դրա հետագա ճակատագիրը կարող է և կորոշի միայն ինքը` լուսանկարիչը։
Կարծում եմ, Դուք տեղյակ եք այն մասին, որ Արա Գյուլերն արդեն իսկ երևանյան ցուցահանդեսի շրջանակներում զգալի թվով արժեքավոր աշխատանքներ է նվիրել Հայաստանին, և գիտեմ նաև, որ նա ուրախ կլիներ, եթե Երևանում նմանօրինակ թանգարան բացվեր»։
Հասկանալու համար, թե ի՞նչ է այս մասին մտածում, կամ թե ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ ձեռնարկում ՀՀ մշակույթի նախարարությունը` զրուցեցինք Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հետ։
– Պարոն Տեր-Վարդանյան, Մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների արխիվի ճակատագրին կամ թուրքական «Dugus» հոլդինգի հետ կնքած պայմանագրի զարգացումներից։
– Լուրը ստանալուց անմիջապես հետո մենք փորձեցինք ճշտել դրա իսկությունը, և անմիջապես ստացանք տեղեկություն (Ա. Գյուլերի օգնական Տ. Միրիջանյանից) այն մասին, որ դա չեղյալ հայտարարված գործարք է։ Ի դեպ, այս մասին ես անձամբ զրուցել եմ նաև Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանի հետ, ով նույնպես հաստատեց տեղեկությունը։
– Դուք տեղյա՞կ եք մամուլում, մասնավորապես` «Արևելքի» կողմից տարածված այն լուրերին, թե Երևանում հողատարածք է տրամադրվել միջազգային լուսանկարչական թանգարան կառուցելու նպատակով, որտեղ ենթադրվում է ներկայացնել նաև Արա Գյուլերի աշխատանքները։
– Ձեզնից և «Արևելքի» տարածած ինֆորմացիայից բացի, որևէ այլ աղբյուր չունեմ, որ կհաստատի այդ լուրը։
– Այսինքն` դուք առհասարակ տեղյակ չե՞ք` Երևանում հողատարածք տրամադրվե՞լ է այդ նպատակի համար, թե՞ ոչ։
– Ձեզնից եմ լսում այդ մասին, համենայն դեպս, Արա Գյուլերի կամ նրա ներկայացուցիչների կողմից անգամ նման ինֆորմացիա չունենք։
– Այսինքն` Ձեր ունեցած վերջին զրույցի ընթացքում նման թեմա չի՞ շոշափվել։
– Ո՛չ։
– Իսկ ի՞նչի մասին եք Դուք խոսել Արա Գյուլերի ներկայացուցչի հետ։
– Պայմանագրի հետ կապված իրականությանը համապատասխանող խնդիրներից միայն, որովհետև լուրը դրան էր վերաբերում։ Մենք տեղեկացանք, որ պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ։ Եթե անգամ կնքվել է, ապա հիմա արդեն ուժի մեջ չէ։
– Իսկ տեղյա՞կ եք, թե Գյուլերն ի՞նչ վերջնական որոշում է կայացրել արխիվի ճակատագրի հետ կապված։
– Տեղյակ չենք։ Ներկայացուցչի փոխանցմամբ` Արա Գյուլերն այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացրել։
– Իսկ ես ակնկալում էի Ձեզանից պարզել, թե ի՞նչ հողատարածքի մասին է խոսքը, որ իբր տրամադրվել է Երևանում լուսանկարչական միջազգային թանգարան կառուցելու նպատակով։
– Որքանով մենք ենք տիրապետում այդ ինֆորմացիային` որևէ լուր չունենք, որ նման նպատակով հողատարածք է հատկացվել։
Հ.Գ. ՀՀ մշակույթի նախարարության ամենաբարձր էշելոններում մեծանուն լուսանկարչի ստեղծագործական ժառանգության նկատմամբ որդեգրած այսօրինակ կրավորական կեցվածքը, թերևս, անակնկալ չէր։ Նրանք միայն անմիջապես ձեռնամուխ են եղել` ճշտելու, որ աշխարհահռչակ արվեստագետը չեղյալ է հայտարարել սեփական արխիվը թուրքական կողմին հանձնելու` արդեն կնքված պայմանագիրը, ու հանգիստ խղճով իրենց առաքելությունը հայտարարել են ավարտված։ Սա է մեզ հուշում փոխնախարարի հետ մեր զրույցը, որտեղ նկարագրված է տխուր իրականությունը։
Տեղեկացնենք նաև, որ Երևանում միջազգային լուսանկարչական թանգարան կառուցելու նպատակով «Արևելքի» տարածած լուրերի հերքումով է հանդես եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Գերատեսչության կողմից մեզ ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արևելք» գործակալությունը, որին հղում է արվում Ձեր կողմից մատնանշված հոդվածում, իր ուրույն մեկնաբանությամբ է ներկայացրել Ստամբուլում թերթերից մեկում լույս տեսած Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանի և Արա Գյուլերի հանդիպման մասին լուրը, ինչի արդյունքում Ա. Ավագյանին վերագրվել են արտահայտություններ, որոնք վերջինս չի արել»։