«Այս իրավիճակում Հայաստանի ընտրությունը պետք է լինի ընտրություններ չանելը». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեև նոր Սահմանադրությունն ընդունվել է, բայց առջևում դեռ շատ բարդ շրջան է լինելու.
«Դեռ պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, ինչը փոքր աշխատանք չէ, իսկ այդ օրենքից շատ բան է կախված: Այնպիսի իրավիճակում ենք, երբ նոր Սահմանադրությունն ընդունվել է, բայց դեռ հինն է գործում, կա նախագահական ինստիտուտը, բայց այն արդեն անհետացման եզրին է՝ որպես իշխանության կենտրոն: 2017թ. մայիսից մինչև 2018թ. փետրվար մենք կունենանք նորընտիր խորհրդարան, իսկ նախագահը հնի նման կղեկավարի: Շատ հավանական է, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեն ՀՀԿ-ականները, բայց տեխնիկապես դա կլինի փոխանցում՝ մեկից մյուսին: Քաղաքական անցումը միշտ հետաքրքիր է. միշտ կոնֆլիկտներ են առաջանում տարբեր խմբերի ներսում»:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ նա նշեց, որ դեռևս 5-6 տարի առաջ ասում էր՝ Հարավային Կովկասի սպառնալիքները դուրս են գալիս հենց դրա ներսից` աբխազական, ռուս-վրացական, հայ-ադրբեջանական և այլ կոնֆլիկտներից, իսկ հիմա, ըստ նրա՝ հակառակն է. «Այս ոչ մեծ պատմական ժամանակահատվածում ամեն ինչ փոխվեց: Ներքին վիճակը համեմատաբար կայուն է՝ արտաքինի հետ համեմատած»:
Քաղաքագետն ընդգծեց՝ այս իրավիճակում Հայաստանի ընտրությունը պետք է լինի ընտրություն չանելը. «Սա իրավիճակ է, որտեղ պետք է միայն հանգստություն պահպանել, բայց դա էլ միայն մեզնից չէ կախված: Հաճախ լրագրողներն ասում են, որ քաղաքականությունը պետք է ինտերակտիվ լինի, այն պետք է օպերատիվ գործի, այո, այդպես երբեմն լինում է, բայց շատ հաճախ լինում է նաև հակառակը, երբ քաղաքականությունը պետք է բավականին կշռադատված լինի, երբ կտրուկ քայլերը կարող են բերել անկանխատեսելի հետևանքների»:
Հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատացման արդյունքը կարո՞ղ է լինել այն, որ Թուրքիան Ադրբեջանին դրդի Հայաստանի նկատմամբ ավելի կտրուկ քայլեր անել, քաղաքագետը պատասխանեց.
«Ադրբեջանին հարկավոր չէ ուժեղ դրդել, որ նա սահմանին «ակցիաներ» իրականացնի, դա վերջին մի քանի տարում անընդհատ թեժացող իրավիճակ է, որը սրանում է քաղաքական տարբեր իրադարձություններից առաջ կամ դրանց ժամանակ, և դրա կանխելու հնարավորությունը չունենք: Հետևաբար՝ նման ակտիվացումները սահմանին կշարունակվեն: Բայց չեմ կարծում, որ դրանք կվերաճեն պատերազմի, դա նույնպես հնարավոր չէ: Իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին հիմա է, հնարավոր է՝ ինչ-որ տաքացումներ լինեն, բայց դա, չեմ կարծում, որ նորություն է»: