«Իհարկե, չեն կարող կասկածի տակ դնել». Հունան Պողոսյանը՝ խախտումների, դրանց ուսումնասիրությունների արդյունքների մասին
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոքով՝ քարոզչության ընթացքում ստացվել է 25 ահազանգ, քվեարկության օրը և դրանից հետո՝ 427: Երևան քաղաքում ահազանգների թիվը կազմում է 292, մարզերինը՝ 160:
Ահազանգերի գերակշիռ մասը՝ 314, ստացվել են ԶԼՄ-ներից, ՀԿ-ներից՝ 21, դիտորդներից՝ 8, հանձնաժողովի անդամներից՝ 5, քաղաքացիներից՝ 62, կուսակցություններից՝ 23, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից՝ 19: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ 97-ով նախապատրաստվում են նյութեր, 153-ով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ, որոնցից 137-ը՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, 16-ը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, եզրակացությամբ անհետևանք են թողնվել 29 նյութեր, 166-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, 7-ը՝ հատուկ քննչական ծառայություն:
Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ հարուցված են 17 քրեական գործեր, որոնցից 9-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով: Գործերից 11-ը հարուցվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից, 6-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից, որոնցից 3-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով: Նշվածներից 10-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, 7-ը` 149-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ասաց, որ հոկտեմբերի 15-ին ստեղծվել էր օպերատիվ շտաբ, որը պետք է համակարգեր ոստիկանության աշխատանքները թե հանրաքվեից առաջ, թե դրա ընթացքում, թե դրանից հետո: Հունան Պողոսյանն ասաց, որ սեղծվե է 8 աշխատանքային խմբեր, որոնք համակարգել են աշխատանքների տարբեր ուղղություններ:
Հարցին՝ արդյոք խախտումները, խախտումների վերաբերյալ ահազանգերի ուսումնասիրությունները, դրանց արդյունքները կարո՞ղ են կասկածի տակ դնել հանրաքվեի ադյունքները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասեմ, որ, իհարկե, չեն կարող կասկածի տակ դնել, որովհետև ընդամենը վերաբերում են սահմանափակ թվով ընտրատեղամասերում կատարված խախտումներին»: