ՀԱԿ-ը գերազանցեց ՀՀԿ-ին

Երբ դեկտեմբերի 7-ին՝ սահմանադրական հանրաքվեի հաջորդ օրը, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հավաքեց, այսպես կոչված, իշխանական վերնախավին ու շնորհակալություն հայտնեց հանրաքվեն «բարձր մակարդակով կազմակերպելու» համար, բոլորի առաջին արձագանքն այն էր, որ դա, մեղմ ասած, հեգնանք է հասարակության նկատմամբ:

Դեկտեմբերի 6-ին իշխանությունը գործի էր դրել ընտրակեղծարարության ողջ զինանոցը, ամենախայտառակ ընտրախախտումների մասին տեսանյութերը ողողել էին համացանցը… ու այդքանից հետո խոսվում է «արդար» հանրաքվեի մասին:

Հասարակությունն իշխանությունից ավելին չի էլ սպասում, քանի որ իշխանությունը գոնե ազնիվ է այնքանով, որ չի թաքցնում իր դեմքը: Հանրաքվեն կեղծողները դա անում են դեմքի առանձնակի հպարտությամբ, քանի որ, իրենց կարծիքով, այդպես են վարվում «հանուն ազգի»:

Ու այդպես՝ մինչև իշխանության ամենաբարձր օղակներ: Այսինքն՝ լայն իմաստով, հասարակությունն իշխանությունից ավելին չի էլ սպասում:

Բայց Հայաստանի ամենահիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ նույն կերպ է վարվում նաև ընդդիմությունը, որը հասարակության հետ հարաբերություններում առաջնորդվում է «Ցինիզմ, ցինիզմ՝ մինչև վերջ» սկզբունքով: Արդյոք այլ կերպ կարելի՞ է անվանել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այսօրվա այն հայտարարությունը, թե իրենք ստեղծում են «Ազնվության բանակ»՝ ապագա թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների ընթացքը վեր հանելու ու անօրինականությունները բողոքարկելու համար:

Վերջին առնվազն մի քանի տարիներին ՀԱԿ-ը՝ իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հասարակության հետ վարվել է այնքան անազնիվ, որքան կարողացել է:

Հակառակն ապացուցելու համար «մեծագույն ազնվություն» պետք է համարել այն երևույթը, երբ բարձր կատեգորիաներից, ժողովրդավարությունից խոսող քաղաքական ուժը «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում սկսում է համագործակցել «իր վրա կրակած ռեժիմի» ամենագլխավոր սպասարկուներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակցության հետ՝ նույն այդ ռեժիմի դեմ պայքարելու համար:

«Ազնվության» նույնքան մեծ դրսևորում պետք է համարել այն, որ այդ համագործակցությունից հետո ՀԱԿ-ը սկսում է հանդուրժողաբար վերաբերվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրանից ինչ-ինչ ակնկալիքներ ունենալով:

Կրկին «ազնվության» դրսևորում պետք է համարել այն, որ ՀԱԿ-ը «բոյկոտում» է ԱԺ-ի առանձին նստաշրջաններ, սակայն, երբ խոսք է գնում նույն այդ իշխանության ձևավորած խորհրդարանի մանդատներից հրաժարվելու մասին, ՀԱԿ-ը սկսում է պայքարել այդ հարցը բարձրացնողների դեմ:

ՀԱԿ-ի «ազնվությունների» շարքը կարելի է շարունակել, և դրանց գագաթնակետը պետք է համարել «Ազնվության բանակի» ստեղծման նախաձեռնությունը: Հասկանալի է՝ այդ նախաձեռնության նպատակը քարոզչական է, հասկանալի է, որ դրանով ՀԱԿ-ը չի պայքարելու ընտրակեղծիքների դեմ:

Այս նախաձեռնության հիմքում դրված է այն սկզբունքը, որով ՀԱԿ-ն առաջնորդվում է տարիներ շարունակ: Իսկ ավելի ճիշտ՝ դա այն սկզբունքն է, որով գործել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ինչպես իր նախագահության տարիներին, այնպես էլ՝ դրանից հետո: «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»,- դա է ՀԱԿ-ի սկզբունքը, որն արտահայտվել է նաև այդ նախաձեռնության հիմքում:

Ի՞նչ է նշանակում՝ «Ազնիվների բանակ»: Դա նշանակում է (ըստ ՀԱԿ-ի), որ ովքեր իրենց ազնիվ են համարում, պարտավոր են միանալ այդ բանակին, և, բնականաբար, ովքեր չեն միանում այդ բանակին, ազնիվ չեն: Մի խոսքով, իր այս հայտարարությամբ Լևոն Զուրաբյանը մի քանի անգամ գերազանցեց Սերժ Սարգսյանին: Ազնվությամբ, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս